«Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն իր ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու նպատակով կիրականացնի պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում: Ընկերությունում նշել են, որ «Գլոբալ Կրեդիտ»-ը Հայաստանի ֆինանսական շուկայում ակտիվ գործունեություն է ծավալում եւ ակտիվների մեծությամբ մտնում է 5 խոշոր մասնավոր վարկային ընկերությունների մեջ:«Գլոբալ Կրեդիտ»-ում նաեւ ընդգծել են, որ ընկերությունը ֆինանսական շուկայում գործող մասնավոր վարկային կազմակերպություններից առաջինն է, որ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում է իրականացնում: Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք: «Այս կերպ «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռում իրականացնել փոխշահավետ ներդրում եւ առավել արդյունավետ տեղաբաշխել ֆինանսական միջոցները: Ընկերության պարտատոմսերի թողարկման եւ տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցներն օգտագործվելու են ֆինանսական ծառայությունների ծավալների ընդլայնման, այդ թվում՝ նոր վարկատեսակների մշակման ու ներդրման, ինպես նաեւ կազմակերպության գործունեության աշխարհագրությունը մեծացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: Ընկերությունը պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնելու է երկու արժույթով: Առաջին տրանշով կտեղաբաշխվի 10 000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 1 000 000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, մեկ պարտատոմսի` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 9.5% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով եւ 24 ամիս շրջանառության ժամկետով: Երկրորդ տրանշով կտեղաբաշխվի եւս 10 000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 100 000 000 ՀՀ դրամ ծավալով, մեկ պարտատոմսի` 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 15% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով եւ 12 ամիս շրջանառության ժամկետով:Ընկերությունում նշել են, որ թողարկվող պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի «Ռենեսա» ՓԲԸ ներդրումային ընկերության միջոցով, որը կիրականացնի նաեւ տվյալ արժեթղթերի ամենօրյա գնանշումները «NASDAQ OMX Armenia» ֆոնդային բորսայում՝ պարտատոմսերի իրացվելիությունը ապահովելու նպատակով: Ազդագրի էլեկտրոնային տարբերակը հրապարակված է «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի եւ «Ռենեսա» ՓԲԸ-ի պաշտոնական կայքերում: Tweet Դիտում՝ 16797