ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ գյուղերում կաթնամթերքի արտադրությանը
06.11.2015 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նոյեմբերի 5-ին այցելել է Վայոց Ձորի մարզում ԱՄՆ աջակցությամբ գործող մի շարք գյուղատնտեսական ընկերություններ:
Դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ դեսպանին ուղեկցել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:
Նրանք շրջայց են կատարել Եղեգնաձորի ԱՐԻԴ այծաբուծական կենտրոնում, որը հիմնադրվել է 1999թ. ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության ծրագրի կողմից:
Գենետիկ գիտության կիրառման, ինչպես նաեւ տեխնիկական աջակցության, գենետիկ փորձերի եւ անասնաբուժական խորհրդատվության տրամադրման միջոցով կենտրոնն օգնում է մշակել անկախ եւ տնտեսապես կենսունակ միջոցներ՝ ուղղված Հայաստանում կաթնատու այծերի աճեցմանը:
Վերջին շրջանում ԱՐԻԴ կենտրոնը սկսել է հետաքրքրվել նաեւ ագրոտուրիզմի հնարավորություններով: Այծի պանրի եւ այլ մթերքների պատշաճ գովազդումը զբոսաշրջիկների շրջանում կօգնեն տեղացի ֆերմերներին ստանալ հավելյալ եկամուտներ:
«Ուրախ եմ տեսնել այս ընկերությունը: Սա ոչ միայն հաջողակ գիտական գործունեության իրականացման միջոցով Հայաստանում այծաբուծության որակը բարելավող նախաձեռնություն է, այլ նաեւ լուրջ հեռանկարներ է բացում գյուղի բարիքներն ու դարերի ընթացքում հղկված տնտեսավարման գիտելիքները ներկայումս տուրիզմի զարգացմանը ծառայեցնելու համար»,- ասել է Ռիչարդ Միլսը:
Աղնջաձորի կաթի հավաքման կետում դեսպանն ու փոխնախարարը հանդիպել են նաեւ կաթնամթերք արտադրող կոոպերատիվների ներկայացուցիչներին:
Կառույցը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI) ծրագրի կողմից: 5 տարի տեւողությամբ եւ $4 մլն արժողությամբ այս ծրագիրը մեկնարկել է 2013թ. սեպտեմբերին: Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղական զբաղվածությունն ու եկամուտները:
Այցի վերջին կետը Սալլի գյուղում գտնվող «Սելիմ» այծի պանրի արտադրամասն էր: Այս կառույցը հիմնադրվել էր 2002թ. ԱՄՆ գյուղդեպարտամենտի Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի (CARD) ջանքերով: Օգտագործելով տեղական այծի կաթ՝ նրանք արտադրում են ֆետա պանիր տեղական սպառման եւ արտահանման համար:
Հիմնադրումից ի վեր՝ CARD-ն աջակցում է արտադրամասին տեխնիկական վերապատրաստման, ապրանքատեսակի զարգացման հարցերում, ինչպես նաեւ աջակցում է ֆինանսապես՝ օգնելով մեղմել արտարժույթի փոխարժեքի տատանման հետեւանքները:
Դեսպանն ու փոխնախարարն այցն ավարտել են ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի կողմից աջակցություն ստացող Ռինդի, Չիվայի, Ելփինի համայնքապետերի եւ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներով: Այս ֆերմերները միրգ են աճեցնում եւ վաճառում մայթեզրյա տաղավարներում կամ շուկաներում: Նրանց գործունեությունն էլ ավելի ընդլայնելու համար ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է նրանց ոռոգման ծրագրերով եւ սառնարանային տնտեսություններով:
Այս ծրագրի շրջանակում ակնկալվում է բացել 420 մարդու համար նախատեսված երկարաժամկետ աշխատատեղ:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: