ՎԶԵԲ-ը բարձրացրել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը

05.11.2015 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բարձրացրել է 2015թ. Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը մինչեւ 2,3%, իսկ 2016թ.՝ մինչեւ 2%:

Այս մասին ասված է ՎԶԵԲ-ի տնտեսական վերջին կանխատեսման մեջ:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին կառույցը 2015թ. համար Հայաստանում կանխատեսում էր 1.5% տնտեսական անկում, իսկ 2016թ.՝ 1% տնտեսական աճ:

ՎԶԵԲ-ում նշել են, որ 2015թ. առաջին կիսամյակում Հայաստանը գրանցել է ավելի զգալի աճ, քան ակնկալվում էր:

«2014թ. վերջին զգալի արժեզրկումից հետո փոխարժեքի դրույքը կայունացավ 2015թ. դրամավարկային խիստ պայմանների, տարեսկզբին Կենտրոնական բանկի միջամտության եւ ընթացիկ հաշվի ճշգրտման ֆոնի վրա: Համախառն միջազգային պահուստները նվազել էին 2014թ. ընթացքում, ինչպես նաեւ 2015թ. հունվար եւ փետրվար ամիսներին՝ նախքան աճելը եւ շուրջ չորս ամիսների ներմուծման ծավալին հասնելը2015թ. սեպտեմբերին: Պետական ֆինանսներն ընդհանուր առմամբ կայուն մնացին սահմանափակ ֆիսկալային տարածության պայմաններում: Տարածաշրջանային տնտեսական ճգնաժամը հանգեցրեց դրամական փոխանցումների նվազեցմանը, ներմուծման կրճատմանը եւ վարկավորման բացասական աճին 2015թ. առաջին ութ ամիսների ընթացքում»,- նշել են ՎԶԵԲ փորձագետները:

Բանկը կանխատեսում է, որ Կովկասի երկրները (Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը) ընդհանուր առմամբ կկարողանան պահպանել տնտեսական աճը 2015-2016 թթ.՝ թեեւ շարունակում են մնալ տարածաշրջանային տնտեսական եւ անվտանգության խնդիրների ազդեցության տակ:

Վրաստանում ՎԶԵԲ-ը կանխատեսում է չափավոր տնտեսական աճ՝ 2015թ.՝ մինչեւ 2,5%, 2016թ.՝ 2.6%: Ադրբեջանում 2015թ. ակնկալվում է 3%, իսկ 2016թ.՝ 2.5% տնտեսական աճ: Թուրքիայում այս կանխատեսումները համապատասխանաբար կազմում են 3% եւ 2.8%:

Միջազգային կառույցն ակնկալում է, որ ընդհանուր աճի տեմպերը տարածաշրջանում կնվազեն՝ այս տարի հասնելով միայն 0.2%-ի՝ 2014թ. 1,8%-ի համեմատ: 2016թ. սպասվում է չափավոր աճ՝ 1.6%:

Զեկույցում թվարկվում են հետեւյալ ռիսկերը. Չինաստանում տնտեսական աճի տեմպերի ավելի կտրուկ նվազում, քան ակնկալվում էր, ամերիկյան տոկոսադրույքների ավելի մեծ բարձրացում, քան սպասվում էր, քաղաքական անկայունություն եւ աշխարհաքաղաքական լարվածություն եւ Հունաստանում հակաճգնաժամային միջոցառումների փաթեթի տրամադրման ծրագրի անհավասարաչափ իրականացում:

Զեկույցում նշվում է, որ փախստականների հոսքի հետ կապված ճգնաժամը, որը կտրուկ ակտիվացել է 2015թ., բացասաբար է ազդում մի շարք երկրների տնտեսությունների վրա:

Դիտում՝ 25504
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW