2015թ. 1-ին կիսամյակի տվյալներով՝ ՀՀ ֆինանսական համակարգում առկա ռիսկերը դրսեւորել են աճի միտում, սակայն կառավարելի են, եւ ֆինանսական համակարգը ունակ է դիմակայելու տարբեր տիպի ցնցումներին:Այս մասին ասված է ՀՀ ԿԲ-ի հրապարակած 2015թ. 1-ին կիսամյակի Ֆինանսական կայունության հաշվետվության մեջ:Հրապարակման համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում մակրոմիջավայրից բխող ռիսկերի շարքում շարունակել են արդիական մնալ Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը, Հայաստան ներհոսող տրանսֆերտների ու մեր երկրից արտահանման նվազումը: Բանկային համակարգի վրա նշված զարգացումներն արտացոլվել են վարկային ռիսկի աճով եւ շահութաբերության նվազմամբ: Այնուամենայնիվ, ԿԲ կողմից իրականացված սթրես-թեստերի արդյունքներով Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ բավականին իրացվելի եւ կապիտալացված՝ տարբեր շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար:Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ տնտեսության եւ ֆինանսական կայունության վրա ազդող հիմնական արտաքին ռիսկերը պահպանվել են, սակայն նկատվել է վերջիններիս ազդեցության աճ: Մասնավորապես՝ միջազգային շուկաներում գունավոր մետաղների գների, Հայաստանի Հանրապետության կողմից արտահանվող հիմնական ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի, ինչպես նաեւ ՀՀ փոխանցվող մասնավոր տրանսֆերտների նվազումը նպաստել են ներքին սպառման, տնտեսական աճի դանդաղմանը: ԿԲ հաշվետվության մեջ նշվում է, որ նշված զարգացումները բացասաբար են ազդել տնային տնտեսությունների եկամուտների, ձեռնարկությունների վարկունակության վրա: Կիսամյակի ընթացքում տնտեսական աճը խթանելու նպատակով պետական բյուջեն ունեցել է ընդլայնողական ազդակ, ՀՀ ԿԲ-ն եւս տարեսկզբի համեմատ թուլացրել է դրամավարկային պայմանները:Մակրոտնտեսական ռիսկերի աճի, 2014թ. տարեվերջին դրամի արժեզրկման, ինչպես նաեւ նախորդող տարիներին արձանագրված վարկային պորտֆելի արագատեմպ աճի պայմաններում պահպանվել է չաշխատող ակտիվների տեսակարար կշռի աճի միտումը, որը, սակայն, տարածաշրջանի երկրների համեմատ գտնվում է համեմատաբար ցածր մակարդակում: Կենտրոնական բանկը շարունակել է բանկային համակարգի առավել հաճախակի ու բազմակողմանի սթրես թեստավորումը, ինչպես նաեւ կիրառել է մի շարք պրուդենցիալ կարգավորման գործիքներ՝ վարկային ռիսկի զսպման նպատակով: Վատորակ վարկերի աճի եւ տոկոսային մարժայի նվազման արդյունքում նվազել է բանկերի շահութաբերությունը: 2014թ. դեկտեմբերին ԿԲ կողմից բարձրացվել է առեւտրային բանկերի նվազագույն կապիտալի պահանջը մինչեւ 30 մլրդ դրամ (վերջնաժամկետը 2017 թ.), ինչը ենթադրում է բանկերի կողմից վարկավորման ծավալների աճի հնարավորություն, լրացուցիչ բարձիկ է ստեղծում երկարաժամկետում ռիսկերի կլանման համար:ԿԲ-ում նշել են, որ ոչ բանկ ֆինանսական հաստատություններում դիտարկվել է գործունեության ծավալային ընդլայնում, սակայն վերջիններիս մասնաբաժինը ֆինանսական համակարգում շարունակում է մնալ բավականին փոքր: Tweet Դիտում՝ 3772