Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ պայմանավորվածությամբ Լոնդոնում նոյեմբերի 1-ի երեկոյան կայացել է British Guild of Travel Writers մրցանակաբաշխություն 2015-ը: Հայաստանի զարգացման հիմնադրամի ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրության համաձայն՝ երեկոն ուղեկցվել է հայկական մշակույթի եւ խոհանոցի շնորհանդեսով, որի հատուկ մաս է կազմել գինու համտեսը:Միջոցառմանը մասնակցել են 350 հյուրեր՝ լրագրողներ, գինու փորձագետներ եւ սոմելիեներ: «Ձեզանից շատերը լսել են հայերի մասին եւ հանդիպել են հայերի, բայց ի՞նչն եք դուք ասոցացնում Հայաստանի հետ: Այս երեկո մենք հաճույքով կպատմենք ձեզ մեր երկրի գեղեցկության, հիանալի մարդկանց, ջերմ հյուրընկալության մասին, կներկայացնենք հայկական խոհանոցը եւ Հայաստանը: Երկիր՝ մեծ հմայքով եւ Քրիստոնեական հազարամյա եզակի ժառանգությամբ: Մենք կպատմենք ձեզ Հայաստանի պատմությունը. մեր կյանքի եւ մշակույթի հետաքրքրաշարժ կողմերի, ստեղծարարության եւ ստեղծելու երեւակայության պատմությունը, մարտահրավերները հաղթահարելու նորարարական լուծումների, կրթության պատմությունը»,- շնորհանդեսի բացմանն ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: Երեկոյի հատուկ մաս կազմող գինու համտեսին միջազգային փորձագետը հյուրերին ներկայացրել է հայկական գինարտադրության վեցհազարամյա ավանդույթները եւ այսօր առաջարկվող տեսակների համային առավելությունները: Հայկական ավանդական խոհանոցի ուտեստների եւ գինու համտեսը հաջողություն են ունեցել՝ արժանանալով փորձագետների եւ սոմելիեների դրական արձագանքին: Երեկոյի ընթացքում 8 էկրանները պրոյեկտել են հայկական նկարչության գլուխգործոցները, նաեւ՝ հայկական զարդանախշեր ու բնապատկերներ: Բացի այդ, ներկայացվել է 3D ձեւաչափով երեքմասանոց տեսանյութ Հայաստանի մասին: Մշակութային մասի երաժշտական հատվածն ապահովել են Արտո Թունջբոյաջյանը եւ գործընկերները: «Ո՞վ կմտածեր, որ երբ 100 տարի առաջ թուրքերը կոտորում էին մեզ զուտ հայ լինելու համար, մենք պիտի վերածնվեինք եւ հիմա աշխարհին ներկայանայինք որպես այսքան հզոր ու ստեղծարար ժողովուրդ»,- հավելել է Արման Խաչատրյանը՝ ամփոփելով երեկոն: Tweet Դիտում՝ 4311