Հայ-իտալական, հայ-գերմանական, հայ-ֆրանսիական, հայ-բրիտանական եւ հայ-հունական բիզնես պալատները համատեղ հիմնադրել են Եվրոպական գործարար ասոցիացիան, որի բացման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Երեւանում: Հայ-բրիտանական գործարարության պալատի համահիմնադիր Արփինե Իսրայելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նորաբաց ասոցիացիայի նպատակն է ամրապնդել եվրոպական տարբեր բիզնես պալատների միջեւ կապերը, խթանել ներդումները, նոր որակ հաղորդել բիզնես հարաբերություններին: «Որոշեցինք նոր՝ մեկ ընդհանուր կառույցի շուրջ համախմբել արդեն գործող բոլոր բիզնես պալատները: Ցանկանում ենք հնարավորինս թեթեւացնել բիզնեսում առկա խնդիրները, դաշտում տարբեր պատճառներով տիրող բեռը, ինչպես նաեւ կապեր հաստատել պոտենցիալ ներդրողների եւ տեղական արտադրողների միջեւ»,- նշել է Արփինե Իսրայելյանը: Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին ասել է, որ բիզնեսի պայմանները բարելավելու համար պետք է միասին աշխատել: «Շատ բաներ կան, որոնք պետք է բարելավենք, եւ մենք պատրաստ ենք աշխատել կառավարության, բիզնես համայնքի եւ մասնավոր հատվածի հետ»,- ասել է նա: Առեւտրի գլխավոր տնօրինության, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյեն իր հերթին նշել է, որ իրենք կենտրոնացած են Հայաստանի՝ ԵՄ-ի հետ առեւտրային հարաբերությունների զարգացման վրա: «ԵՄ-ն Հայաստանի առաջին առեւտրային գործընկերն է: Դա նշանակում է, որ ԵՄ-ի բիզնեսը հավատում է Հայաստանի ապագային: Իհարկե, մենք հաշվի ենք առնում ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հետ կապված զարգացումները, ինչը նշանակում է, որ Հայաստանն այլեւս չունի թույլտվություն առանձին մասով բանակցել ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ, բայց մենք, այնուամենայնիվ, ինչքանով որ դա հնարավոր է, կշարունակենք զարգացնել մեր առեւտրային հարաբերությունները Հայաստանի հետ: Մենք չենք պատրաստվում պատժել Հայաստանին»,- եզրափակել է Լյուք Պիեր Դեվինյեն: Tweet Դիտում՝ 3136