Համաշխարհային տնտեսական ֆորումի «Մրցունակության համաշխարհային զեկույց 2015-2016»-ում (ՄՀԶ) Հայաստանը 3 կետով բարելավել է դիրքը` 140 երկրի շարքում զբաղեցնելով 82-րդ տեղը: Անցած տարի Հայաստանը 144 երկրի շարքում զբաղեցրել էր 85-րդ տեղը:Այս մասին այսօր հայտնել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Մրցունակության համաշխարհային ցանցի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը:Զեկույցի համաձայն՝ Հայաստանը 5 կետով առաջընթաց է գրանցել մակրոտնտեսական միջավայր/կայունություն, 4 կետով՝ առողջապահություն եւ տարրական կրթություն, 3 կետով՝ բարձրագույն կրթություն եւ վերապատրաստում, 14 կետով՝ ապրանքների շուկայի արդյունավետություն, 16 կետով՝ աշխատուժի շուկայի արդյունավետություն եւ 3 կետով՝ ֆինանսական շուկայի զարգացվածություն հենասյուներում: Փոխարենը 4 կետով հետընթաց է գրանցվել ինստիտուտների, ենթակառուցվածքների, տեխնոլոգիական պատրաստվածության, ինչպես նաեւ գործազրկության կատարելագործվածության հենասյուներում, իսկ նորարարության ցուցանիշում հետընթացն արձանագրվել է 3 կետով:Մանուկ Հերգնյանը նկատել է, որ Հայաստանը շարունակում է մնալ արդյունավետության վրա հիմնված փուլում՝ շնորհիվ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մեծության:«Մեր ցուցանիշները մատնանշում են, որ զարգացման այս փուլում Հայաստանի հիմնական մարտահրավերներն են մարդկային կապիտալի զարգացումը, տեխնոլոգիաների օգտագործման տարածումը, նորարարությունների խթանումը, ֆինանսական համակարգի բազմացումը եւ զարգացումը»,- ասել է նա՝ հավելելով, որ միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսական մրցունակության զարգացման պոտենցիալը կախված կլինի նշված երեք գործոնների առաջընթացի ապահովումից:ԱՊՀ տարածաշրջանի երկրների խմբում զգալի առաջընթաց են գրանցել Տաջիկստանը՝ 11 կետով, Ռուսաստանը եւ Ղազախստանը՝ 8 կետով, Ղրղզստանը՝ 6 կետով, Վրաստանը՝ 3 կետով: 3 կետով հետընթաց է գրանցել Ուկրաինան, 2-ական կետով՝ Ադրբեջանը եւ Մոլդովան: Tweet Դիտում՝ 5194