Հայաստանը մասնակցել է սեպտեմբերի 19-22-ը Հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում անցկացված World Routes 2015 ավիացիոն համաժողովին: Ինչպես հաղորդում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, համաժողովի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ կառավարության որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականության եւ Հայաստանի զբոսաշրջության խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը եւ արդյունքները, ինչպես նաեւ միջազգային զբոսաշրջային շուկաներին Հայաստանի ինտեգրման ընթացքը եւ հեռանկարները:««World Routes 2015» համաժողովը լավ առիթ է՝ ծանոթացնելու աշխարհի առաջատար եւ հաջողակ ավիաընկերությունների ու զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներին մեր երկրում իրականացվող «Բաց երկնքի» քաղաքականության հնարավորություններին եւ նրանց հետ քննարկելու դեպի Հայաստան ավելի շատ ավիափոխադրողներ ներգրավելու ուղիները: Համաժողովին հայկական պատվիրակության մասնակցության նպատակներից էր նաեւ աշխատանքներ իրականացնել դեպի Հայաստան ներդրումներ եւ նոր ավիափոխադրողներ ներգրավելու ուղղությամբ: Բանակցություններ են տարվել շուրջ երկու տասնյակ ավիաընկերությունների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հայաստանյան շուկա վերջիններիս մուտք գործելու ձեւաչափերը եւ գործիքակազմը»,- նշել են էկոնոմիկայի նախարարությունում: ՀՀ պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը եւ Հայաստանի ազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:«World Routes» համաժողովը նոր ավիափոխադրումների խթանման եւ ավիացիոն ծառայությունների զարգացման հարթակ է: Այս տարի համաժողովին մասնակցում է շուրջ 250 ավիաընկերություն, 650 օդանավակայանի ներկայացուցիչ, ավիացիայի ոլորտի 2500 մասնագետ: Tweet Դիտում՝ 3193