Էլեկտրաէներգիայի հաշվառման պայմանները կբարելավվեն

17.09.2015 | 11:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգերով էներգաարտադրողների միկրոէլեկտրակայանների էլեկտրաէներգետիկական համակարգին միանալու եւ զուգահեռ աշխատանքի, ինչպես նաեւ այդ աշխատանքի ընթացքում էլեկտրաէներգիայի հաշվառման պայմանների բարելավման նպատակով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը մշակել է օրենքների նախագծեր, որոնք արդեն հաստատվել են ՀՀ կառավարության կողմից եւ ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ՝ նախագծերով առաջարկվել է՝

• Ապահովել էներգաարտադրողների եւ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման փոխհոսքերը, իսկ լիցենզավորման դաշտից հանվել է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող էլեկտրական էներգիա արտադրող այն ինքնավար էներգաարտադրողներին, որոնց տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի տեղակայված իրենց սպառիչների ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատտը:

• Վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ արեւային էներգետիկայի բնագավառը Հայաստանի Հանրապետությունում խթանելու նպատակով առաջարկվում է, որ էներգաարտադրողների կողմի արտադրված եւ չսպառված էլեկտրաէներգիան իրացվի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմի սահմանված սակագնի 50 տոկոսի չափով՝ բացառությամբ փոքր ՀԷկ-երի: Իսկ եթե էներգաարտադրողն ավելի պակաս է արտադրել էլեկտրաէներգիա, քան հարկավոր է իրեն, ապա նա վճարում է ցանցին էլեկտրաէներգետիկական համակարգում տվյալ տարվա ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար տվյալ սպառողական խմբի համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագներով:

Փոխնախարարի խոսքով՝ խնդիրն ուղղված է Հայաստանում էներգախնայողության իրականացման եւ վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության եւ դրա իրագործման մեխանիզմների ապահովմանը` ՀՀ տնտեսական եւ էներգետիկ անկախության ամրապնդմանը, ՀՀ տնտեսական եւ էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը, էներգախնայողությունը եւ վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը եւ ծառայությունների կազմակերպմանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցությունների նվազեցմանը:

«Մասնավորապես կանխատեսվում է, որ միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն եւ մաքուր («կանաչ») տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրական մի շարք նոր հզորություններ, այդ թվում՝ արեւային էներգիայի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթեւացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից, որի արդյունքում կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը»,- նշել է նա:

Հայկ Հարությունյանը նկատել է, որ վերջին շրջանում ՀՀ կառավարություն, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն եւ ՀԾԿՀ էին դիմում մի շարք ինքնավար էներգաարտադրողներ` տեղեկացնելով, որ ՀՀ օրենսդրության համաձայն էլեկտրաէներգետիկական համակարգին միացումը եւ էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրի կնքումը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից չեն իրականացվում՝ հարկային օրենսդրության համաձայն հարկային ձեւակերպումների կատարման առնչությամբ առաջացած խնդիրների պատճառով:

Վերականգնվող էներգիայի եւ Հայաստանում դրա զարգացման վերաբերյալ մեր հարցազրույցը Հայկ Հարությունյանի հետ կարող եք կարդալ այստեղ:

Դիտում՝ 3586
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW