Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի կայքէջում հրապարակվել է «Գեոթիմ» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանի հոդվածը, որտեղ քննարկվում են Ամուլսարի մասին առկա միֆերը եւ իրականությունը: Ստորեւ ներկայացնում ենք հոդվածի հայերեն տարբերակը:Մի քանի ամիս առաջ հրապարակված հոդվածում անդրադարձել եմ հանքարդյունաբերության ոլորտի միֆերին: Այսօր կցանկանայի կենտրոնանալ մասնավորապես Ամուլսարի վրա, նախ՝ առանձնացնելով միֆերը մտահոգություններից: Տարիներ շարունակ բազմաթիվ հարցերի պատասխաններ տրվել են տարբեր հարթակներում եւ հիմնավոր մտահոգություններ ունեցողներից շատերին գոհացրել են պատասխանները: Սա բնավ չի նշանակում, որ որեւէ նոր հարց չպետք է առաջանա: Ցանկացած մտահոգություն պետք է պատշաճ պատասխան ստանա: Սակայն, երբ սպառիչ պատասխաններ ստացած նույն անհիմն պնդումները շարունակում են շրջանառվել, դրանք դադարում են մտահոգություն լինել եւ վերածվում են միֆերի: Այս տարիներին միֆերն այնքան շատ էին եւ այնքան արագ էին փոխվում, որ հնարավոր չէ դրանք ներառել մեկ հոդվածում: Դրանցից մի քանիսից հետզհետե հրաժարվեցին նաեւ հեղինակները: Մի քանիսը դեռեւս շրջանառվում են եւ այսօր կառաձնացնեմ մի մասը: Միֆ 1 Ամուլսարի ծրագիրը անխուսափելիորեն կաղտոտի ամեն ինչ: Ընկերությունը լռում է ռիսկերի մասին: Իրականություն. ճիշտ նախագծված եւ իրականացվող ոչ մի ժամանակակից ծրագիր չի բերում «անխուսափելի աղտոտման»: Այսօր հանքի շինարարություն է թույլատրվել Մեծ Բրիտանիայում ազգային պարկի տարածքում: Օրինակները շատ են: Հանքերը հնարավոր է շահագործել այնպես, որ աղտոտիչները չարտահոսեն բնական միջավայր եւ Ամուլսարը հենց այդպես է նախագծված: Անշուշտ, հանքային ծրագրերը զբաղեցնում են մեծ բնական տարածք եւ այդ առումով ազդեցությունը մեծ է, ինչպես եւ ցանկացած այլ համարժեք մասշտաբի, օրինակ՝ լայնածավալ քաղաքաշինական ծրագրի դեպքում: Նույնիսկ առաջին հայացքից այնպիսի «անվնաս» ծրագրերը, ինչպես դահուկային կամ ծովափնյա հանգստավայրը եւ կամ մեծ գյուղատնտեսական ծրագրերն են, զգալի ազդեցություն ունեն բնական լանդշաֆտի եւ կենսաբազմազանության վրա եւ սխալ իրականացման դեպքում կարող են աղտոտման, հողի եւ ջրի դեգրադացիայի պատճառ դառնալ: Լուծումը՝ բնապահպանական ազդեցության տարածքը հնարավորինս նվազեցնելը, ապահով ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով աղտոտումը կանխելն ու հանքերի դեպքում՝ պատշաճ փակումն ու ռեաբիլիտացիան է: Եթե այսօր դա հնարավոր է աշխարհի հարյուրավոր հանքերում, ապա հնարավոր է նաեւ Հայաստանում: Այժմ, Ընկերության «լռության» մասին: Միայն ազդեցությունների գնահատումը Ամուլսարի Բնապահպանական եւ սոցիալական ազդեցությունների գնահատման մեջ մոտ 500 էջ է: Կարող եմ միանշանակ պնդել, որ սա հնարավոր ռիսկերը բացահայտելու, գնահատելու եւ մեղմացման միջոցառումներ առաջարկելու Հայաստանի համար աննախադեպ ծավալի աշխատանք է: Մենք պատրաստ ենք մեղմացման միջոցառումների շուրջ քննարկմանը, սակայն շատ կցանկանայի, որ քննարկումը չսկսվի «ընկերությունը լռում է...» արտահայտությամբ, որն անտեսում է մի քանի տասնյակ բարձրակարգ գիտնականների եւ մասնագետների մանրակրկիտ աշխատանքը եւ հազիվ թե կարող է պրոֆեսիոնալ քննարկման սկիզբ լինել: Միֆ 2 Հանքը կաղտոտի Սեւանա լիճը: Այն գտնվում է Սեւանի ջրհվաք ավազանում, հետեւաբար շահագործումը հակասում է օրենքին:Իրականություն. հանքը չի աղտողտի Սեւանը, եւ Ծրագիրը չի հակասում Սեւանա լճի մասին օրենքին: Հանքաքարի վերամշակման կայանը գտնվելու է Սեւանա լճի անմիջական ազդեցության գոտուց դուրս, ինչպես օրենքն է պահանջում: Կառավարության համապատասխան որոշումներով (2012-2013թթ.) անմիջական ազդեցության գոտին ընդարձակվեց, եւ ընկերությունը ստիպված եղավ տեղափոխել կույտային տարրալվացման հրապարակի նախկինում նախագծված եւ թույլատրված տեղադիրքը: Այսպիսով, նախորդ տեղադիրքերը համապատասխանել են օրենքին եւ անվտանգության չափանիշներին, սակայն օրենքում կատարված փոփոխությունների հետեւանքով ընկերությունը վերափոխել է նախագիծը: Բնապահպանական տեսանկյունից կույտային տարրալվացման հրապարակը, դատարկ ապարների լցակույտը եւ բացահանքերը նախագծված են այնպես, որ բացառվի աղտոտիչների արտահոսքը բնական միջավայր: Այսպիսով, ոչ միայն Սեւանա լիճը, այլեւ բոլոր շրջակա բնական ընկալիչները՝ հողը, ջուրը (այդ թվում, Արփան եւ Որոտանը) եւ օդը խիստ պաշտպանված կլինեն: Անկեղծ ասած, որպես մասնագետ, կարծում եմ, Սեւանը առօրյա շարունակական աղտոտումից պաշտպանության կարիք ունի: Միֆերը, որ համաշխարհային կարգի ժամանակակից հանքի շահագործումը (այն էլ շրջանառու ցիկլով եւ 40 կմ հեռավորության վրա) կաղտոտի Սեւանը, շեղում են Սեւանի իրական խնդիրների վերաբերյալ քննարկման հնարավրությունից:Միֆ 3 Ցիանիդը անխուսափելիորեն կտարածվի ողջ շրջակայքում, կմնա տասնամյակներ եւ կթունավորի ամեն ինչ: Ցիանիդն արգելված է զարգացած աշխարհում: Իրականություն. այն չի տարածվի շրջակայքում, քանի որ ենթակառուցվածքների նախագծումը ապահովում է պատշաճ կառավարում եւ այն արգելված չէ «զարգացած աշխարհում>>: Ի դեպ, համառոտ տեղեկանք, որ կհաստատի ցանկացած քիմիկոս. ցիանիդը չունի երկարարաժամկետ ազդեցություն, քանի որ այն շատ ռեակտիվ, անկայուն միացություն է եւ բաց միջավայրում օդի եւ արեւի լույսի հետ փոխազդեցության ժամանակ կարճ ժամանակում վերածվում է այլ՝ անվնաս քիմիական միացությունների: Բազմիցս եւ տարբեր առիթներով պատմել ենք, թե ինչպես է օգտագործվում ցիանիդը ոսկու կորզման մեջ: Ուզում եմ պարզապես ամփոփել. ցիանիդը իսկապես թունավոր քիմիական նյութ է, որն օգատգործվում է ոչ միայն հանքարդյունաբերության մեջ այլեւ շատ այլ ճյուղերում, ինչպես օրինակ դեղագործությունն ու կոսմետիկայի արտադրությունը: Այո, անփույթ կառավարման դեպքում, այն կարող է վնաս հասցնել: Սխալ վարվելու դեպքում ամնիջական վնասի ռիսկը առաջին հերթին ցիանիդի հետ աշխատող անձնակազմին է վերաբերում իսկ բնական միջավայրում ցիանիդը երկար չի մնում: Ինչպես եւ ցանկացած այլ արդյունաբերության մեջ կիրառվող այլ քիմիական նյութերի դեպքում, անվտանգության երաշխավորը տեխնոլոգիան է, անվտանգության կանոնները եւ ենթակառուցվածքների պատշաճ կառավարումը: Ցիանիդը կիրառվում է աշխարհի հարյուրավոր հանքերում, ներառյալ՝ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Եվրոպայում եւ այլուր: Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ զարգանում են նաեւ անվտանգությանն ուղղված միջոցառումները, որոնք եւ կիրառվելու են Ամուլսարում: Միֆ 4 Ամուլսարի հանքաքարը սուլֆիդային է. այն անխուսափելիորեն իր շուրջն ամեն ինչ կենթարկի թթվային աղտոտման: Ընկերությունը լռում է այդ մասին: Իրականություն. նախ՝ Ամուլսարի հանքաքարը սուլֆիդային չէ, այն օքսիդային է: Հանքաքարն ինքնին թթվային չէ: Ընդամենը մի քանի րոպեում կարելի է ստուգել այս առցանց մատչելի փաստը՝ հրապարակային հայտարարություն անելուց առաջ: Ինչ վերաբերում է թթվային ապարների դրենաժի հավանականությանը, թեեւ հանքաքարը սուլֆիդային չէ, սակայն դատարկ ապարների հանքայնացված պիրիտներում բնականից առկա է որոշակի, համեմատաբար փոքր քանակությամբ ծծումբ: Թեեւ դատարկ ապարների լցակույտում ծծմբի կոնցենտրացիան բարձր չէ, այն ամեն դեպքում կառավարվելու է: Գրեթե ցանկացած հանքավայր այս կամ այն չափով ունի այս խնդիրը, եւ տարիների ընթացքում մշակվել են մի շարք արդյունավետ կառավարման միջոցներ: Նախորդ հարց ու պատասխանում բացատրել ենք, թե կառավարման ինչ միջոցառումներ են իրականացվելու Ամուլսարում: Ամփոփելով ասեմ, որ թթվային ապարներ առաջացնող նյութ առկա է փոքր քանակությամբ եւ դա կառավարելի է, ինչպես եւ աշխարհի հարյուրավոր հանքերում: Հետեւաբար՝ ոչ, թթվային աղտոտում տեղի չի ունենա: Հետաքրքիր է, որ վերջին 5 տարիների ընթացքում լսել եմ հանրային հարթակում քննարկվող երեւակայական ամեն տեսակի խնդիր, եւ միայն վերջին ամիսներին թթվային ապարների դրենաժի մասին հարցը բարձրացվեց այն պնդմամբ, որ Ընկերությունը թաքցնում էր այս «օրհասական» խնդիրը: Մինչդեռ հարցը մանրակրկիտ ներկայացված է ինպես Ծրագրի ՇՄԱԳ-ում, անպես էլ՝ ԲՍԱԳ-ում: Հարցին անդրադարձել ենք նաեւ Ամուլսարի մասին փաստագրական ֆիլմում 2013-ին: Այնպես որ, տեղեկատվությունը միշտ էլ հրապարակայնորեն մատչելի էր: Որոշ կոնկրետ հարցերի պատասխաններ, այն է՝ ինչպես են իրականացվել թթվայնության թեստերը, կառավարման միջոցառումների վերաբերյալ այլ մանրամասներ հասանելի են ԲՍԱԳ-ում: Գնահատելի կլիներ, եթե հետաքրքրություն ցուցաբերողները ժամանակ հատկացնեին ԲՍԱԳ-ի գոնե այդ հատվածը կարդալու համար: Միֆ 5 Հանքը անխուսափելիորեն կոչնչացնի բուսական եւ կենդանական աշխարհըողջ շրջակայքում, Ընկերությունը ոչինչ չի ասում կենսաբազմազանությանխնդիրների մասին:Իրականություն. կրկին, կարող եմ փաստել, որ վերջին 7 տարվա ընթացքում ընկերությունը տեղական եւ միջազգային փորձագետների հետ իրականացրել է աննախադեպ ծավալի աշխատանք կենսաբազմազանության վերաբերյալ բազային տվյալներ հավաքագրելու նպատակով՝ ծախսելով մի քանի հարյուր հազար դոլար: ԲՍԱԳ-ում մոտ 100 էջ նվիրված է կենսաբազմազանության վրա ազդեցությանը: Եվս 100 էջ նկարագրում է կենսաբազմազանության կառավարման եւ գործողությունների ՝ մի քանի միլիոն դոլար արժողության ծրագրեր, որոնք կոչված են ապահովելու կենսաբազմազանության պահպանությունը, ազդեցության մեղմացումը եւ հատուցումը՝ «հաշվեկշռի ոչ մի կորուստ» սկզբունքով: Դժվարությամբ կարող եմ որեւէ այլ ոլորտ նշել, որտեղ նման ծավալի բնապահպանական միջոցառումներ նախատեսված լինեն: Անկասկած, հանքի ենթակառուցվածքները զբաղեցնելու են որոշ տեսակների կենսամիջավայրը, ինչպես ցանկացած լայնածավալ ենթակառուցվածքային նախագիծ՝ այդ թվում նաեւ գյուղատնտեսական: Պատշաճ կառավարման դեպքում հնարավոր է ապահովել հազվագյուտ տեսակների կենսունակ պոպուլյացիաների պահպանություն, եւ Ամուլսարի ծրագիրը այդպես է նախագծվում: Միայն մեկ բուսատեսակի պահպանման համար Ընկերությունը հատկացրել է շուրջ 700,000 ԱՄՆ դոլար: Կարծում եմ, որ դա նկարագրում է մեր մոտեցման բծախնդրությունը: Միֆ 6 Ջերմուկի հանքային աղբյուրները կոչնչանան:Իրականություն. Ոչ, նման բան տեղի չի ունենա: Մենք ծախսել ենք հարյուր հազարավոր դոլարներ եւ տարիներ, բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունները կատարելու համար, որպեսզի պարզենք արդյո՞ք հանքը որեւէ ազդեցություն կունենա Ջերմուկի ջրերի վրա: Թե ինչու Ջերմուկի աղբյուրների վրա ազդեցություն չի լինի համառոտ նկարագրել ենք վերջերս հրապարակված հարց-պատասխանում: Մանրամասները՝ այդ թվում, մոդելավորման, թեստերի, գիտական մեթոդների վերաբերյալ ինֆորմացիան, հասանելի են ԲՍԱԳ-ում: Կցանկանայի իմանալ, թե որքա՞ն ռեսուրս եւ ժամանակ է ներդրվել այն հետազոտության մեջ, որն «ապացուցում է», որ Ջերմուկի ջրերը ազդեցություն են կրելու:. Որտե՞ղ է հնարավոր ծանոթանալ գիտական աշխատանքներին եւ կիրառված մեթոդներին: Իհարկե, մտադրություն չունեմ անտեսելու լիովին հասկանալի էմոցիոնալ ընկալումը. մենք միշտ պատրաստ ենք անդրադառնալ բոլոր հարցերին: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ «Ջերմուկի ջրերը կոչնչանան» բնույթի հայտարարությունները, որոնք չունեն որեւէ գիտական հիմնավորում, անլրջացնում են բանավեճը: Երբ Ընկերությունը ասում է, որ Ծրագիրը ազդեցություն չի ունենա Ջերմուկի ջրերի վրա, այդ հայտարարությունը հիմնավորված է անկախ հետազոտություններով, ոչ թե էմոցիաներով: Եվ բոլորիս համար շահեկան կլինի, եթե այս սկզբունքը կիրառենք ցանկացած բանավեճում, եւ ոչ միայն Ամուլսարի դեպքում:Միֆ 7 Հանքը չի կարող լինել շահութաբեր՝ 1 տոննա հանքաքարում 1 գրամից պակաս ոսկու պարունակությամբ: Զարգացած երկրներում նման հանքեր չեն գործում: Իրականություն. զարմանալիորեն, այս տարիների ընթացքում լսել ենք հակասական մեղադրանքներ, երբեմն՝ նույն մարդկանցից, մեկ՝ որ ընկերությունը գերշահույթ է ստանալու, մեկ էլ՝ որ հանքը չի կարող լինել շահութաբեր: Ոչ մեկը, ոչ մյուսը ճիշտ չէ: Աշխարհում կան բազմաթիվ հանքեր՝ տոննայում 1 գրամից պակաս ոսկու պարունակությամբ: Օրինակ՝ Cripple Creek and Victor հանքն ԱՄՆ-ում, Eagle Gold ծրագիրը Կանադայում, եւ այլն: Ավելին, ամբողջ աշխարհում այսօր ոսկու միջին պարունակությունը տոննայում կազմում է մոտ 0.8 գրամ, եւ բարձր պարունակությամբ հանքերը շատ հազվադեպ են: Սակայն, ընկերությունը գերշահույթ չի ունենալու, ինչպես շատերը պնդում են: Հատկապես երբ խոսքը մեծ կապիտալ ներդրում պահանջող նոր ծրագրի մասին է: Ըստ Հանքարդյունաբերության եւ մետաղների միջազգային խորհրդի (ICMM) զեկույցի՝աշխարհում հանքային արտադրության արժեքի ավելի քան 70%-ը կազմում են հիմնականում երկրի ներսում ծախսվող գործառնական եւ կապիտալ ծախսերն ու աշխատավարձերը: Այսպիսով՝ բաժնետերերի շահույթը եւ երկրի օգուտները բավական հավասարակշռված են: Դա վերաբերում է նաեւ Ամուլսարին: Միֆ 8. Ամենը դավադրություն է, սկսած Ընկերության ղեկավարության կազմից մինչեւ ընկերության գրանցման վայրը եւ բաժնետոմսերի արժեքը: Իրականություն. գրող Դեն Բրաունը ասում է. «Բոլորը սիրում են դավադրությունների տեսություններ». ի վերջո, դրանք ավելի հետաքրքիր են, քան փաստերը: Բանն այն է, երբեմն դավադրության տեսաբանները սկսում են խեղաթյուրել փաստերը, որպեսզի դրանք համապատասխանեցնեն իրենց տեսություններին: Օրինակ՝ 2013-ին Լիդիանի տնօրենների խորհրդի անդամներից մեկը խորհրդում ընգրկվելուց ընդամենը մի քանի ամիս անց հեռացավ խորհրդից՝ պետական պաշտոն ստանձնելու կապակցությամբ: Այնպես որ, նա ընկերությանը որեւէ առնչություն չունի արդեն 2 տարի: Բայց մինչ օրս հայկական մեդիայում նա հաճախ հիշատակվում է որպես խորհրդի անդամ եւ այս «փաստի» շուրջ դավադրության տեսություններ են կառուցվում: Մինչդեռ, մի քանի վայրկյան է պահանջվում Ընկերության կայքից տնօրենների խորհրդի անդամների ցանկին ծանոթանալու համար: Լիդիանը ցուցակված ընկերություն է, եւ ցանկացած տեղեկատվություն խորհրդի կամ ղեկավար կազմի, ֆինանսական հաշվետվությունների եւ խոշոր բաժնետերերի մասին հրապարակայնորեն մատչելի է: Սա նաեւ վերաբերում է բաժնետոմսերի գնի տատանմանը եւ տատանումների պատճառների մասին ֆինանսական վերլուծություններին:Կամ. ըստ այլ տեսության, եթե ընկերությունը գրանցված է «օֆշորում», ապա դա Հայաստանին հարկ չվճարելու եւ «թաքնվելու» համար է արվում: Իրականությունը ավելի պարզ է: Լիդիանը Ջերսիում ռեզիդենտ կազմակերպություն է, որի բաժնետոմսերը վաճառվում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Լիդիանը գրանցված է եւ վերահսկվում է Ջերսիի Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի կողմից, որի տեղեկատվությունը բաց է հանրության համար: Լիդիանի վրա տարածվում են նաեւ Տորոնտոյի ֆոնդային բորսայի եւ Օնտարիաոյի արժեթղթերի հանձժաժողովի կանոններն ու օրենքները: Երկու դեպքում էլ պահանջվում է տեղեկատվության մատչելիություն: Ջերսին հարմար է շատ ընկերությունների համար, քանի որ առաջարկում է այլ երկրների, օրինակ Մեծ Բրիտանիայի կամ ԱՄՆ-ի համեմատ ավելի պարզեցված հարկային ռեժիմ: Սա որեւէ առնչություն չունի Ամուլսարից ակնկալվող եկամուտից Հայաստանին վճարվող հարկերին: Հանքի շահագործման իրավունքը Լիդիանի դուստր ընկերություն Գեոթիմ ՓԲԸ-ինն է, որը Հայաստանյան կազմակերպություն է եւ բոլոր հարկերը եւ ռոյալթիները վճարվելու են հայաստանյան օրենսդրության համապատասխան, անկախ այն բանից, թե որտեղ է տեղակայված Լիդիանը: Ավելին՝ հայաստանյան օրենսդրության համապատասխան Հայաստանում աշխատող ընկերության արտերկրացի աշխատակիցները նույնպես հարկ են վճարում: Ամուլսարը դեռեւս չի շահագործվում իսկ Գեոթիմն արդեն առաջին 200 հարկատուներից է: Կարծում եմ, սա խոսուն փաստ է: Հանքի շահագործման ժամանակ ակնկալում ենք լինել առաջին 5 հարկատուների ցանկում:Կոնֆուցիոսին վերաձեւեակերպելով. մութ սենյակում սեւ կատու փնտրելը, երբ այն այնտեղ չէ, ջանքերի վատնում է: Հատկապես, երբ սեւ կատուները շատ են լուսավոր սենյակներում, եւ բոլորիս ձեռնտու է կենտրոնանալ դրանց վրա:Որպես ամփոփում. Էմոցիաները հասկանալի են: Հայաստանն իմ երկիրն է, եւ ես հաճախ էմոցիոնալ եմ վերաբերվում ամենատարբեր խնդիրների: Բայց իմ բնագավառը գիտությունն է, եւ ես հարգում եմ փաստերը: Մենք պետք է կարողանանք կառավարել էմոցիաները եւ ունենալ փաստերի վրա հիմնված բովանդակային քննարկում: «Դուք ստում եք», «Ոչ, Դուք եք ստում» հարթության վրա բանավեճը խնդիրների լուծման չի կարող բերել: Եվ սա վերաբերում է ոչ միայն Ամուլսարին եւ ոչ միայն հանքարդյունաբերությանը: Անձամբ ես կարծում եմ, որ Հայաստանում բնապահպանական եւ սոցիալական կառավարման ոլորտում լուրջ խնդիրներ կան, եւ ոչ միայն հանքարդյունաբերության մեջ: Սկսած օդի որակի, սննդի անվտանգության, հասարակական տրանսպորտի անվտանգության հարցերից մինչեւ հանքային եւ այլ ոլորտներ, խնդիրներն անվերջ են: Դրանց լուծում տալու համար պետք է կենտրոնանալ փաստերի վրա: Միֆերը խլում են բոլոր կողմերի ժամանակն ու ռեսուրսները: Կարծում, որ մենք բոլորս վատնելու հավելյալ ժամանակ, կամ ռեսուրսներ չունենք եւ չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ: Tweet Դիտում՝ 12802