Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) այսօր հայտարարել է խաղողի մթերման մեկնարկի մասին:«Չնայած արձանագրած ֆինանսական ոչ բարենպաստ պայմաններին՝ այս տարի Երեւանի կոնյակի գործարանը նախատեսում է մթերել 35 000 տ խաղող: Խաղողի մթերման համար ընկերությունը տրամադրելու է ավելի քան 5 մլրդ դրամ»,- ասված է ընկերության հաղորդագրությունում: Մթերումը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին ԵԿԳ-ի Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ), 8-ին՝ Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ) եւ 14-ին` Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ): Մթերվող խաղողի 1 կգ-ի գինը սահմանվել է 150 դրամ Արմավիրի եւ Այգավանի մասնաճյուղերի համար եւ 140 դրամ` Տավուշի տարածաշրջանի համար: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում: Ընկերությունն այս տարի եւս շարունակել է բուժանյութերի ապառիկ տրամադրման ծրագիրը, որը կազմել է մոտ 250 մլն դրամ: Ծրագրի շրջանակում ընկերության հետ համագործակցող գյուղացիները կարող են անտոկոս ապառիկ կարգով ստանալ բոլոր անհրաժեշտ բուժանյութերը՝ մարելով գումարները խաղողի մթերման ժամանակ: ԵԿԳ-ում տեղեկացրել են նաեւ, որ այս տարի շահագործման կհանձնվի Արմավիրի մասնաճյուղի թորման նոր ընդլայնված արտադրամասը, որը հագեցած է 3 խումբ շարանտական տիպի թորման սարքերով: «Սարքերը, որոնց քանակը ապագայում նախատեսվում է հասցնել 8-ի, արտադրված են հարյուրամյա փորձ ունեցող ֆրանսիական Շալվինյակ Գրուպ (Chalvignac Group) ընկերության կողմից: Նոր արտադրամասի կառուցապատման եւ սարքավորումներով զինման աշխատանքների ընդհանուր ներդրումը կազմել է 1 635 մլն դրամ»,- ասված է հաղորդագրությունում:Թորման աշխատանքներն այստեղ կմեկնարկեն նոյեմբերի 1-ին: Tweet Դիտում՝ 47307