Ավանդների երաշխավորման հայկական հիմնադրամի տնօրեն Արտակ Քյուրումյանի հարցազրույցը Banks.am-ին

01.11.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

- Ներկայացրեք, խնդրեմ, Ավանդների երաշխավորման հայկական հիմնադրամի կայացման հակիրճ պատմությունը: Որո՞նք են Հիմնադրամի հիմնական խնդիրները:

- Հիմնադրամն ստեղծվել է 2005 թվականի մարտի 22-ին` ՙՖիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա եւ հանդիսանում է ոչ առեւտրային կազմակերպություն:

Օրենքի նպատակն է նպաստել Հայաստանի բանկային համակարգի հուսալիության բարձրացմանը, բանկային համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարելավմանը և ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը:
Հիմնադրամի նպատակն է ֆիզիկական անձանց ավանդների հատուցման երաշխավորումը:

- Ո՞ր միջոցների հաշվին է ֆինանսավորվում Հիմնադրամը: Կա՞ն արդյոք պաշտպանական մեխանիզմներ Հիմնադրամի միջոցների պակասուրդի դեպքում:

- Հիմնադրամի միջոցները ձեւավորվում են Հայաստանում գործող բոլոր առեւտրային բանկերի կողմից վճարվող պարբերական եռամսյակային, լրացուցիչ եւ միանվագ վճարների, ինչպես նաեւ Հիմնադրամի ներդրումային գործունեության արդյունքում:

Բանկերը պարբերական երաշխիքային վճարներ են կատարում հաշվետու եռամսյակի ընթացքում ավանդների միջին օրական մնացորդային արժեքի 0.05%-ի չափով, սակայն տարեկան 1 միլիոն դրամից ոչ պակաս:

Ավանդների փոխհատուցման համար միջոցների անբավարարության դեպքում Հիմնադրամը կարող է լրացուցիչ վճարներ հավաքագրել բոլոր բանկերից: Նման դեպքերում բանկերը կատարում են լրացուցիչ երաշխիքային վճարներ բանկային համակարգում առկա ավանդներում տվյալ բանկի ավանդների մասնաբաժնին համամասնորեն: Իրենց գործունեությունը նոր սկսող բանկերը կատարում են միանվագ երաշիքային վճար` 15 միլիոն դրամի չափով:

Հիմնադրամն իրավունք ունի նաեւ ստանալ վարկեր, փոխառություններ, դրամաշնորհներ, դրամական նվիրատվություններ եւ օգտվել ֆինանսավորման այլ աղբյուրներից:

- Ինչպիսի՞ն է ապահովագրման ենթակա ավանդների ծավալը եւ ի±նչ է իրենից ներկայացնում ապահովագրման ձեւակերպման ընթացակարգը:

- Հիմնադրամը երաշխավորում է ավանդներ ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով: Դրամական ավանդի երաշխավորվող առավելագույն մեծությունը կազմում է 2 մլն դրամ: Եթե գումարը ներդրված է արտարժույթով, ապա երաշխավորվող ավանդի առավելագույն գումարը կազմում է 1 միլիոն դրամ:

Բացի այդ, օրենքով նախատեսված են երաշխավորման առանձին չափեր այն դեպքերի համար, երբ ավանդատուն ունի ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդներ:

Ավանդների երաշխավորումն իրականացվում է Հիմնադրամի միջոցների հաշվին եւ ավանդատուի կողմից որեւէ վճարներ, կամ այլ գործողություններ չի պահանջում:

- Վերջերս երկրի առեւտրային բանկերն ավանդատուներին են առաջարկում ավանդների ամենատարբեր տեսակներ: Կա՞ն արդյոք ավանդների ապահովագրման սահմանափակումներ` կախված նրանց կատեգորիայից:

- Մենք երաշխավորում ենք ֆիզիկական անձանց բոլոր տեսակի բանկային հաշիվների վրա գտնվող գումարները, տոկոսները եւ բանկի կողմից թողարկվող անվանական արժեթղթերը:

Հիմնադրամը չի երաշխավորում բանկերի ղեկավարների եւ դրանց ընտանիքների անդամներին կամ բանկի կառավարմանն էական մասնակցություն ունեցող անձանց պատկանող ավանդները, ինչպես նաեւ այն ավանդները, որոնց տոկոսադրույքները 1,5 անգամ գերազանցում են տվյալ բանկի սովորական տոկոսադրույքները:

- Ե՞րբ կարելի է խոսել ավանդատուի կողմից ներդրված միջոցների փոխհատուցման անհրաժեշտության մասին եւ ի±նչ պետք է նա անի փոխհատուցում ստանալու համար:

- Փոխհատուցման դեպքն առաջանում է Կենտրոնական Բանկի որոշմամբ, երբ բանկը անվճարունակ է ճանաչվում ՙԲանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: ԿԲ-ի կողմից նման որոշման ընդունումից հետո, Հիմնադրամը մեկ ամսվա ընթացքում պետք է սնանկ ճանաչված բանկից ստանա ավանդատուների եւ նրանց ավանդների ցուցակները, պայմանագիր կնքի բանկերից մեկի հետ, որի միջոցով վճարվելու են ավանդները եւ սկսի փոխհատուցումը` նախապես մամուլում հայտարարություն տեղադրելով փոխհատուցման դեպքի առաջացման մասին եւ ներկայացնելով ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, որը ներառում է փոխհատուցման կարգը, ժամանակը եւ վայրը:

- Ներկայումս ինչպիսի՞ն է Հիմնադրամի չափը եւ ինչպե՞ս է այն հարաբերվում ապահովագրական դեպքի մեկնարկի հետ կապված հնարավոր ռիսկերի հետ:

- Ներկայումս Հիմնադրամի միջոցները բավարար են ավանդմների փոխհատուցումը կազմակերպելու համար: Օրենքի համաձայն, մենք իրավունք չունենք հրապարակել տեղեկատվություն Հիմնադրամի ֆինանսական միջոցների վերաբերյալ:

- Զբաղվում է արդյո՞ք Հիմնադրամը ավանդատուների ակտիվության աճի ուսումնասիրությամբ, որը կապված է ավանդների ապահովագրման համակարգի ներդրմամբ:

- ՙՖիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին՚ օրենքի ընդունումից հետո անցած ժամանակահատվածում հայկական բանկերի ավանդատուների քանակն աճել է ավելի քան 140700-ով, իսկ դրամային ավանդների ծավալը մեծացել է 70%-ով: Աճում է դրամով ավանդների չափաբաժինը ֆիզիկական անձանց ավանդների ընդհանուր թվում: Եթե 2006 թվականի առաջին եռամսյակում այն կազմում էր 11%, երկրորդ եռամսյակում` 17%, ապա, նախնական տվյալների համաձայն, երրորդ եռամսյակում այն կազմում է 25%: Դա կարելի է բացատրել ինչպես ավադների երաշխավորման համակարգի ներդրմամբ, այնպես էլ դրամի արժեվորմամբ: Ավանդատուների գործողությունների վրա օրենքի եւ ավանդների երաշխավորման համակարգի ազդեցության ավելի հստակ գնահատականի համար ավելի երկար ժամանակ է պահանջվում:

- Մտադիր եք արդյո՞ք ակտիվացնել ձեր գործունեությունը Հիմնադրամի վերաբերյալ բնակչության իրազեկման ուղղությամբ:

- 2005 թվականին Հիմնադրամն անցկացրեց բնակչության իրազեկման առաջին արշավը` հեռուստաալիքներով եւ ռադիոկայաններով տեղեկատվական հոլովակների եւ հաղորդաշարերի, տարբեր տպագիր նյութերի տարածման միջոցով:

Հրապարակվեց 2005 թվականի Հիմնադրամի գործունեության տարեկան զեկույցը, պարբերաբար հրապարակվումներ են լինում տարբեր ԶԼՄ-ներում:

2006 թվականի մայիսին անց են կացվել հասարակական հարցումներ, որոնց արդյունքները վկայում են, որ հարցման մասնակիցների 23-42% գիտեն ավանդների երաշխավորման համակարգի մասին: Հաշվի առնելով Հիմնադրամի գործունեության համեմատաբար կարճ ժամկետը` մեկ տարուց քիչ ավել, այդ ցուցանիշները կարելի է բավարար համարել:

Ներկայումս Հիմնադրամը նախապատրաստում է իր 2007 թ. հանրային իրազեկման ծրագիրը, որի շրջU֕Uϕ֕Ŗؖ•ԠՀիմնադրամը ցանկություն ունի ստեղծել իր սեփական ինտերնետային կայքը:

 

Դիտում՝ 8021
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW