«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցները սպասում են հուլիսի 18-ին

16.07.2015 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց մի քանի ամսվա չվճարված աշխատավարձը:

Գործարանի աշխատակիցների պարտքը հուլիս ամսվա դրությամբ կազմում է 180 մլն դրամ՝ չհաշված դեկտեմբերի կրճատումների հետեւանքով աշխատանքից ազատվածների վերջնահաշվարկի գումարները՝ մոտ 100 մլն դրամ:

«Քիմպրոմ»-ի աշխատակիցներն այժմ սպասում են հուլիսի 18-ին, քանի որ Լոռու մարզպետի խոստման համաձայն, վերջինս պետք է քայլեր ձեռնարկի խնդրի լուծման ուղղությամբ:

Գործարանի աշխատակիցների խոսքով՝ 3 ամիս է՝ երկաթյա եւ այլ մետաղյա նյութեր ու խողովակներ են ապամոնտաժվում ու դուրս բերվում գործարանից, ինչից ստացված գումարը, ըստ տեղեկությունների, պետք է աշխատավարձի պարտքի մարմանն ուղղվեր, սակայն իրենց այդպես էլ որեւէ գումար չի վճարվել:
 
«6-7 ամիս է, ինչ աշխատավարձ չենք ստացել, գործարանից այնքան նյութեր են դուրս եկել, որ նույնիսկ մեծածախ գնով էլ որ հաշվենք, այդ գումարը կբավականացներ ամբողջ ընկերության գոնե մեկ ամսվա աշխատավարձի պարտքը մարելուն, բայց չի արվել, ու դրանից բացի լսում ենք, որ շաբաթը 2 անգամ մեքենայով ապրանք է դուրս գալիս գործարանից»,- Banks.am-ի հետ զրույցում պատմել են աշխատակիցները:

Տնօրենն աշխատակիցներին պատճառաբանել է, թե այդ գումարներով այլ ծախսեր է կատարել՝ կուտակված հարկային պարտավորություններ, էլեկտրաէներգիայի, հեռախոսակապի վճարումներ եւ այլն:

«Քիմպրոմ»-ի աշխատակիցները արգելել են գործարանում ապամոնտաժման որեւէ աշխատանք՝ մինչեւ հստակ երաշխիքներ չստանան այն մասին, որ գործարանի նյութերի վաճառքից ստացվող գումարն ամբողջությամբ աշխատավարձերի պարտքերի մարմանն է ուղղվելու:

Մյուս կողմից՝ «Վանաձոր-Քիմպրոմ»-ի կազմի մեջ մտնող 3 արտադրամասերից «Քիմմանրաթելերի գործարանում» ներկայում խողովակների ապամոնտաժման աշխատանքներ են կատարվում:

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը Banks.am-ի հետ զրույցում վստահեցրել է, թե ապամոնտաժումը որեւէ այլ նպատակի չի ծառայելու եւ ուղղվելու է միայն աշխատավարձերի մարմանը:

Ալեքսանդր Սնեգիրյովի խոսքով՝ «Քիմմանրաթելերում» այնքան էլ շատ չէ վաճառքի ապրանքը եւ հնարավոր չէ կանխատեսել վճարելիք գումարը:

«Չգիտեմ, պետք է գնորդ գտնվի դեռ, հեշտ գործ չէ»,- ասել է «Վանաձոր-Քիմպրոմ»-ի գործադիր տնօրենը:

Ի դեպ, ըստ Ալեքսանդր Սնեգիրյովի, գործարանի աշխատակիցների 6 ամսվա պարտքը 130 մլն է, իսկ աշխատակիցների խոսքով՝ 180 մլն, գումարած 100 մլն դրամ:

Ադրինե Թորոսյան

Դիտում՝ 3872
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW