ԱՄՀ. Հայաստանում կդժվարանա աշխատատեղերի ստեղծումը

01.07.2015 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՄՀ-ի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդն ասել է, որ առաջիկա մի քանի տարիներին Հայաստանում հնարավոր է՝ պահպանվի տնտեսական աճի չափավոր մակարդակ, ինչը կդժվարեցնի աշխատատեղերի ստեղծումը եւ կենսապայմանների բարելավումը:

Այս մասին ասված է Մասուդ Ահմեդի հայտարարությունում, որը նա արել է հունիսի 28-ից հուլիսի 1-ը Հայաստան կատարած այցի ավարտին:

«Չնայած Հայաստանի մակրոտնտեսական կայուն կառավարման փորձին, մակրոտնտեսական բուֆերների մակարդակն այժմ ցածր է, եւ արտաքին պարտքի եւ ֆինանսական դոլարայնացման ավելի բարձր մակարդակը տնտեսությունն ավելի զգայուն է դարձնում արտաքին անբարենպաստ տնտեսական զարգացումների նկատմամբ: Դրական առումով` վերջին հինգ տարիներին տեղի է ունեցել կարեւոր տնտեսական վերափոխում. գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության եւ ծառայությունների ոլորտներում կատարվել են ներդրումներ եւ նպաստել աճին»,- ասել է Մասուդ Ահմեդը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի տնտեսության հետագա ավելի բարձր աճին օժանդակելու համար անհրաժեշտ է վճռական գործողություն:

«Թեեւ մակրոտնտեսական կառավարումը լավ է իրականացվել, այժմ ջանքեր պետք է գործադրվեն աճը խթանող կապիտալ եւ սոցիալական ծախսերի ավելացման եւ պետական պարտքի նվազեցման ուղղությամբ: Հարկային վարչարարության ուղղությամբ հետագա առաջընթացը եւ հարկային համակարգի արդյունավետության եւ արդարացիության բարելավումը լրացուցիչ ռեսուրսներ կապահովեն այդ նպատակների իրականացման համար: Կկարեւորվեն նաեւ Հայաստանի արտաքին պահուստների հետագա ամրապնդումը, ամուր եւ դիմակայուն բանկային համակարգի պահպանումը եւ էներգետիկայի ոլորտում թերությունների վերացումը»,- ասել է ԱՄՀ տնօրենը:

Նրա խոսքով՝ այս գործողությունները պետք է փոխլրացվեն համարձակ կառուցվածքային բարեփոխումներով:

«Անհրաժեշտ են շարունակական գործողություններ` գործարար միջավայրի բարելավման, տնտեսությունն ավելի բաց, մրցունակ դարձնելու եւ տարածաշրջանին եւ աշխարհին ինտեգրելու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՀ-ն տեղյակ է նշված գործողությունների իրականցման բարդության մասին:

Դիտում՝ 3195
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW