Մինչեւ ՀԷՑ-ում նախատեսված աուդիտի անցկացումն ու եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:Այս մասին նախօրեին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ ունեցած խորհրդակցության ժամանակ:Նախագահը խորապես համոզմունք է հայտնել, որ սակագնի բարձրացումն արդարացված է:«Եթե սակագինը չբարձրացնենք, ապա էներգետիկ համակարգը դոմինոյի էֆեկտով փլուզման վտանգի առաջ կկանգնի: Սակագնի մասին շատ ենք խոսել: Ներկայացվել են բարձրացման օբյեկտիվ 3 հիմքերը: Բերվել են հիմնավորումներ, սակայն ակնհայտ է, որ կա վստահության պակաս: Համարում եմ, որ կասկածը, անվստահությունը մեր առաջին թշնամին են նման հարցերում: Առաջին հերթին հենց դա պետք է վերացնենք»-ասել է նա եւ առաջարկել ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող եւ մեծ հեղինակություն վայելող որեւէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաեւ բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, եւ այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետեւյալ հարցերին՝• ինչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը, եւ • սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:«Եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման հիմնավորվածությունը, ապա այդ պահից սպառողներն առանց որեւէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով: Իսկ եթե այն հաստատի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավել վճարված գումարը հետ գանձելու եւ թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար: Այս պայմաններում դեռեւս մի քանի ամիս առաջ կառավարության կողմից սկսված աշխատանքը Բաշխիչ էլեկտրական ցանցերի սեփականատիրոջ փոփոխության առումով հաստատուն համոզմունք կդառնա՝ չբացառելով նաեւ այն պետությանը վերադարձնելու եւ մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը»,-ասել է նա:Նախագահը կոչ է արել բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներին չվախենալ նոր պատասխանատվություն վերցնելուց եւ քայլերի մշակման իրական գործընթացին մասնակից դառնալուց՝ դրանով իսկ հասարակության մեջ նվազեցնելով կասկածամտությունը: Tweet Դիտում՝ 2963