Վարչապետ. Էներգիայի չթանկացումը կհանգեցնի հովհարային անջատումների

25.06.2015 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ որեւէ կառավարություն, այդ թվում՝ Հայաստանի կառավարությունը, չի ցանկանում որեւէ սակագնի բարձրացում:

Այս մասին վարչապետն ասել է կառավարության նիստի սկզբում:

«Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած` թալանով: Չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են: Բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչպիսի եւ ինչ չափերի չարաշահումներ կարող էին լինել ընկերությունում, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում արձանագրված չարաշահումների եւ ճոխության դիմաց սպառողը չի վճարելու, եւ սակագնի հաշվարկի ժամանակ հանձնաժողովը մշտապես կրճատել է բոլոր նման ծախսերը:

Վարչապետն առանձնացրել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման երեք հիմնական պատճառ:

Առաջինը, ըստ նրա, վերջին տարիների սակավաջրությունն է: «Մեր հիդրոկայանների արտադրած հոսանքն անհամեմատ ավելի էժան է, քան ջերմակայանների արտադրանքը: Օրինակ, ՀԷԿ-երի էլեկտրաէներգիան տատանվում էր 2 դրամից 24 դրամ մեկ կիլոՎատտ ժամի համար: Իսկ Հրազդանի 5-րդ բլոկի էլեկտրաէներգիայի գինը 40 դրամ էր: Պարզ է, որ երբ հիդրոկայանների կողմից չարտադրած հոսանքն ստիպված փոխարինվել է ջերմակայանների արտադրած հոսանքով, անխուսափելիորեն առաջացել են լրացուցիչ ծախսեր»,- ասել է նա:

Երկրորդ պատճառն ատոմակայանի տուրբինի չպլանավորված կանգառն է եղել 2013թ. դեկտեմբերին, որը տեւել է 88 օր:

«Դարձյալ այն փոխարինվել է ջերմակայանի արտադրած մոտ վեց ու կես անգամ ավելի թանկ էլեկտրաէներգիայով: Դա եւս բերել է լրացուցիչ ծախսերի»,- ասել է ՀՀ վարչապետը:

Որպես երրորդ հիմնական պատճառ նա նշել է վերջին երեք տարում ազգային արժույթի շուրջ 20 տոկոսով արժեզրկումը:

Անդրադառնալով կառավարության կողմից սակագինը սուբսիդավորելու հնարավորությանը՝ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ գործադիրը հնարավոր չի համարել համատարած սուբսիդիայի տարբերակը եւ օրակարգ է մտցրել սոցիալապես անապահով խմբերին աջակեցելու նախագիծը:

Նախագահի հետ խորհրդակցելով՝ կառավարությունը նախապատրաստել է որոշում, որով սոցիալապես անապահով շուրջ 105 հազ. ընտանիքների կամ շուրջ 400 հազ. անձանց համար առաջարկվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել տարեկան 24 հազ. դրամի չափով:

«Այսպիսով, սոցիալապես անապահով խավի համար սակագնի բարձրացման հետեւանքները մեղմելու համար կառավարությունը տարեկան կհատկացնի ավելի քան 2.5 մլրդ դրամ»,- ասել է վարչապետը՝ հանձնարարելով Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին ուշադրության կենտրոնում պահի սակագնի բարձրացման պատրվակով սպառողական ապրանքների գների անհիմն բարձրացման փորձերը:

Նա ասել է, որ գործադիրի հաշվարկներով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում յուրաքանչյուր ընտանիքի համար միջին ամսական լրացուցիչ ծախսը կկազմի շուրջ 1400 դրամ:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է նաեւ, որ սակագնի չբարձրացման «անցյալում թվացող հովհարային անջատումները շատ արագ կդառնան առօրյա»:

Դիտում՝ 17602
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW