Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը եւ Visa ընկերությունը նախօրեին հայտարարել են Հայաստանում Visa payWave քարտերի թողարկման եւ սպասարկման մեկնարկի մասին: Բանկն այսուհետ առաջարկելու է Visa payWave ինովացիան քարտային պրոդուկտների շարք՝ Visa Student, Visa Classic եւ Visa Gold տեսակի քարտեր:Բանկում նշել են, որ Visa payWave քարտերի միջոցով հնարավոր է վճարումն իրականացնել առանց քարտը սպասարկողին փոխանցելու՝ քարտը մոտեցնելով սպասարկման տերմինալին: Բացի այդ, մինչեւ 10 հազ. դրամի գործարքներ կատարելու դեպքում կարիք չկա ստորագրել անդորրագիրը կամ մուտքագրել PIN կոդը: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն առաջին առանց կոնտակտի տերմինալները տեղադրել է «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում, որտեղ առեւտրի կետերի մեծամասնությունն արդեն իսկ սպասարկում են Visa payWave տեսակի քարտեր: 2015թ. ընթացքում բանկը նախատեսում է տեղադրել մոտ 150 առանց կոնտակտի քարտերի սպասարկման տերմինալներ:Առանց կոնտակտի քարտեր սպասարկող առեւտրի եւ սպասարկման կետերի POS տերմինալներն ունեն հետեւյալ տարբերանշանը , որը առկա է նաեւ բոլոր Visa payWave տեսակի քարտերի վրա: Ս.թ. հունիսի 15-ից օգոստոսի 31-ը բանկն առաջարկում է 50% cashback՝ Visa payWave քարտերով մինչեւ 20 հազ. դրամ իրականացված առաջին վճարային գործառնության դիմաց: Visa Student, Visa Classic եւ Visa Gold քարտերի բոլոր քարտապանները կարող են անվճար փոխարինել իրենց գործող Visa քարտերը Visa payWave քարտերով՝ մինչեւ ս.թ. հունիսի 30-ը ներառյալ: «Դեռեւս 2009թ. բանկի կողմից թողարկվեցին Հայաստանում առաջին չիպային Visa քարտերը, իսկ այժմ մենք հպարտ ենք ներկայացնել Visa payWave քարտերը՝ վճարային քարտերի տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակը»,- ասել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Նրա խոսքով՝ Visa payWave քարտերի թողարկմամբ բանկը նպատակ ունի կրճատել քարտով վճարումներ կատարելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը: «Այս տարի մենք ծրագրում ենք մեծ թվով առանց կոնտակտի քարտերի սպասարկման տերմինալներ տեղադրել Երեւանում եւ շարունակաբար զարգացնելու ենք շուկայի այս սեգմենտը: Ներկայումս հաճախորդները սովորաբար օգտագործում են քարտերը միջինից բարձր գումարների վճարումներ կատարելու համար, մինչդեռ առօրյա գնումներ կատարելու ժամանակ, երբ վճարվելիք գումարի չափը մեծ չէ, գերակշռում են կանխիկ դրամով վճարումները: Visa payWave-ի նպատակն է փոխել այս մոտեցումը՝ քարտը դարձնելով նախընտրելի առօրյա վճարային գործիք»,- հավելել է Հակոբ Անդրեասյանը: Visa ընկերության կովկասյան տարածաշրջանի ղեկավար Իրինա Կամխաձեն էլ նշել է, որ Visa-ն մշտապես ձգտում է սպառողին առաջարկել վճարումներ իրականացնելու տեխնոլոգիապես ժամանակակից տարբերակներ, ինչպես նաեւ խթանում է անկանխիկ վճարումների իրականացումը: «Մենք հուսով ենք, որ Visa payWave-ով քարտային վճարումներ կիրականացվեն մանրածախ առեւտրի այնպիսի ոլորտներում, որտեղ դեռ գերակայում է կանխիկ եղանակով վճարումները, օրինակ՝ մինիմարկետներ, հիպերմարկետներ, բենզալցակայաններ, արագ սննդի կետեր, առեւտրի կենտրոններ եւ տաքսի ծառայություններ»,- ասել է Իրինա Կամխաձեն:Visa առանց կոնտակտի քարտեր թողարկելու եւ վերջիններիս համար սպասարկման ցանց ստեղծելու եւ զարգացնելու նպատակով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը համագործակցում է ֆրանսիական Oberthur Technologies եւ Ingenico ընկերությունների հետ: Tweet Դիտում՝ 19022