ՀՀ կառավարությունում այսօր ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առուվաճառքի փոփոխված եւ լրամշակված պայմանագիրը` ՀՀ-ի, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր», «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ:«Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտն աննախադեպ է համարել «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը: Նա ընդգծել է, որ իրենք շահագրգռված են մեծածավալ ներդրումներ կատարել` համալիրի արդիականացման եւ լիարժեք գործարկման համար: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իր հերթին, կարեւորել է նաեւ մայիսին Վաշինգտոնում «Առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի» ստորագրումը:2014թ. հունվարին ՀՀ կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր»-ի, « Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ համալիրի առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո գույքի վերջնական հանձնում տեղի չէր ունեցել, եւ գործարքը չէր ավարտվել:«Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»-ն առաջիկա 6 տարիների ընթացքում ստանձնել է պարտավորություն՝ ներդնելու շուրջ $70 մլն հայաստանյան համալիրի արդիականացման եւ վերանորոգման գործում: «Որոտանի համալիր»-ին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15%-ը:«Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին 2014թ. փետրվարին Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում պատմել էր «Որոտանի համալիր»-ի արդիականացման հետ կապված ծրագրերի մասին: Tweet Դիտում՝ 9269