Հայաստանը զիջել է դիրքը Զբոսաշրջության մրցունակության զեկույցում

07.05.2015 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանը Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) հրապարակած «2015թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույց»-ում զբաղեցրել է 89-րդ տեղը 141 երկրների շարքում՝ 2013թ. համեմատ դիրքը զիջելով 10 հորիզոնակավով:

ՀՏՖ հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնում նշել են, որ զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ երկրների ցանկն այս տարի գլխավորում են Իսպանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան եւ Ավստրիան:

Զեկույցի համաձայն՝ զբոսաշրջությանն աջակցող միջավայրի ցուցանիշով Հայաստանի դիրքը վատթարացել է 6 տեղով (57-րդ տեղ): Հայաստանում վիճակը բարվոք է սանիտարահիգիենիկ պայմանների եւ առողջապահության, ինչպես նաեւ ապահովության եւ անվտանգության առումով, սակայն տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) պատրաստվածության եւ գործարար միջավայրի հենասյուները հարաբերականորեն ցածր ցուցանիշ են արձանագրել:

Հայաստանի դիրքի վրա բացասաբար են ազդել հարկային միջավայրի ազդեցությունը ներդրումների վրա (104-րդ տեղ), շուկայում գերիշխող մասնակիցների առկայությունը (93-րդ տեղ), տարրական դպրոցներում ներգրավվածության աստիճանը (119-րդ տեղ), անձնակազմի վերապատրաստման ցածր աստիճանը (118-րդ տեղ) եւ որակյալ աշխատուժ գտնելու դյուրին լինելը (112–րդ տեղ): Էական բարելավում է արձանագրվել խմելու ջրի հասանելիության (52-րդից 1-ին տեղ) եւ բիզնես սկսելու համար անհրաժեշտ օրերի քանակի ցուցանիշներում (33-րդից 8-րդ տեղ):

Հայաստանը զբոսաշրջության քաղաքականության եւ աջակցող պայմանների ենթահամաթվի առումով զբաղեցնում է 95-րդ տեղը: Հայաստանի դիրքի վրա բացասաբար են ազդել շրջակա միջավայրի օրենսդրության խստության եւ կիրառման ցածր մակարդակը (համապատասխանաբար 111 եւ 122-րդ տեղեր), զբոսաշրջիկների ներգրավմանն ուղղված մարքեթինգի արդյունավետությունը (117-րդ տեղ), զբոսաշրջության զարգացման կայունությունը՝ բնապահպանական տեսանկյունից (111-րդ տեղ), ավիատոմսերի հարկերը եւ օդանավակայանի վճարները (126-րդ տեղ):

Որոշ բարելավում են արձանագրել զբոսաշրջության տվյալների համապարփակության (59-րդից 49-րդ տեղ), գնողունակության համարժեքության (47-րդից 41-րդ տեղ) եւ վառելիքի գների մակարդակի (57-րդ-ից 48-րդ տեղ) ցուցանիշները:

Օդային տրանսպորտի ենթակառուցվածքն արձանագրել է վատթարացում 7 տեղով (85-րդից 92-րդ տեղ): Այս փոփոխության վրա նշանակալի ազդեցություն է ունեցել օդանավակայանից մեկնածների ցուցանիշը` 1000 բնակչի հաշվով (74-ից 119-րդ տեղ):

Հայաստանը հետ է մնում նաեւ վերգետնյա տրանսպորտի բաղադրիչների` ճանապարհների, երկաթուղիների, մոտակա նավահանգիստների որակով (համապատասխանաբար 80-րդ, 67-րդ եւ 132-րդ տեղեր):

Էական բարելավում է արձանագրվել սպասարկման ենթակառուցվածքի (80-ից 73-րդ տեղ) հենասյան ցուցանիշներով` հյուրանոցների տեղերի քանակ (111-ից 62-րդ տեղ), Visa քարտեր ընդունող բանկոմատների թիվ (66-ից 46-րդ տեղ):

Բնական ռեսուրսների ցուցանիշով Հայաստանի դիրքը նվազել է 124-ից 136-րդ տեղը: Ավելացել է նոր ցուցանիշ՝ բնական զբոսաշրջության նկատմամբ թվային պահանջարկը, որով Հայաստանն ունի զգալի ցածր դիրք՝ 125-րդ տեղ:

Նշենք, որ Վրաստանը զեկույցում զբաղեցրել է 71-րդ, Ադրբեջանը՝ 84-րդ, Ռուսաստանը՝ 45-րդ տեղը:

Դիտում՝ 16740
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW