ՏՄՊՊՀ. Քաղաքապետարանի մրցույթները ձեւական բնույթ են կրել

06.05.2015 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վարչական վարույթ է հարուցել Երեւանի քաղաքապետարանի կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթներին մասնակից ընկերությունների նկատմամբ՝ մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ:

Համապատասխան որոշումն ընդունվել է հանձնաժողովի այսօրվա նիստում:
 
ՏՄՊՊՀ-ն, ուսումնասիրելով 2011-2014 թթ. ընթացքում փողոցների ասֆալտապատման, շենքերի, բակային տարածքների, վերելակների, շենքերի տանիքների նորոգման, խաղահրապարակների կառուցման եւ այլ շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթները, հանգել է եզրակացության, որ մրցույթների զգալի մասը կրել է ձեւական բնույթ:

Հանձնաժողովում նշել են, որ ուսումնասիրությունը ներառել է շուրջ 620 մրցույթ, որոնցից 357-ում (ընդհանուր մրցույթների 57%-ը) մասնակիցների միջեւ մրցակցությունը բացակայել է: Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարվել է 49 մրցույթ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է  ավելի քան 20 մլրդ դրամ: Նշված 49 մրցույթին մասնակցել է 19 ընկերություն:

Հանձնաժողովը հատկանշական է համարում այն, որ որեւէ մրցույթում մասնակիցների գնային առաջարկները չեն խաչվել, եւ նրանք հաղթող են ճանաչվել՝ առանց միմյանց հետ մրցակցելու:

«Միեւնույն մրցույթին մասնակցել է մի քանի տնտեսվարող` տպավորություն ստեղծելով, իբրեւ թե առկա է մրցակցություն, սակայն այս դեպքում դարձյալ գործել են փոխադարձ պայմանավորվածությամբ: Տնտեսվարողներից մեկը հաղթել է մի մրցույթում, իսկ հաջորդում միտումնավոր պարտվել` իր տեղը զիջելով իր հաղթած մրցույթում պարտված ընկերություններից մեկին: Արդյունքում, մասնակից բոլոր ընկերությունները հաջորդաբար հաղթել են մրցույթներում`շուկան բաժանելով միմյանց միջեւ եւ, ըստ էության,  սահմանափակելով այլ տնտեսվարողների մուտքը շուկա»,- նշել են հանձնաժողովում:

ՏՄՊՊՀ-ն պարզել է նաեւ, որ պետգնումների շրջանակում շինաշխատանքներ իրականացնող ընկերությունների վարքագիծը նպաստել է պետական միջոցների անարդյունավետ օգտագործմանը: Մրցակցության բացակայության արդյունքում մրցույթներում հաղթել են բարձր գին ներկայացրած տնտեսվարողները:

«Հակամրցակցային համաձայնությունները  հատկապես ռիսկային են պետական գնումների ոլորտում, որը վերջին ժամանակներս գտնվում է մեր հանձնաժողովի ուշադրության կենտրոնում»,- ասել  է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ կոչ անելով մրցակցության սահմանափակման հանդիպած բոլոր տնտեսվարողներին դիմել հանձնաժողովին:

Ինչ վերաբերում է այն ընկերություններին, որոնցում հանդիպել են մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման դեպքեր, ապա դրանք իրենց պարզաբանումներն են ներկայացրել ՏՄՊՊՀ-ին: Ըստ հանձնաժողովի՝ տնտեսվարողներն իրենց նման վարքագիծը հիմնականում պայմանավորել են տեխնիկական եւ ֆինանսական ոչ բավարար միջոցների առկայությամբ։

Դիտում՝ 3272

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW