«Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ասել է, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը կզեղչվի: Այս մասին Ալեքսեյ Միլլերն ասել է «Ռուսաստան 24» հեռուստաալիքի պատրաստած տեսանյութում, որտեղ ներկայացվում է ս.թ. ապրիլի կեսերին «Գազպրոմ»-ի նախագահի այցը ՀՀ:Ալեքսեյ Միլլերն ասել է, որ վերոնշյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:«Գազի գինը ՀՀ-ի համար, պայմանավորված նրա՝ ԵվրԱզԷՍ-ին անդամակությամբ, կիջեցվի: 1000 խմ գազի գինը կկազմի $165: Մինչ վերջերս այն կազմում էր $190/1000 խմ: Կարող եմ ասել, որ գնի այս մակարդակը մեզ թույլ կտա նաեւ ներդրումներ կատարել գազատրանսպորտային համակարգի ենթակառուցվածքներում եւ արդիականացնել դրանք»,- ասել է «Գազպրոմ»-ի նախագահը: Ալեքսեյ Միլլերը նաեւ տեղեկացրել է, որ հայկական կողմի հետ համատեղ մշակվում է էներգամատակարարման եւ գազաֆիկացման գլխավոր սխեմա, որը մինչեւ աշուն պատրաստ կլինի: «Գազպրոմ»-ի նախագահի խոսքով՝ իրենք նպատակ ունեն Հայաստանում գազաֆիկացման մակարդակը հասցնել 100%-ի:Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 16-ին կնքված պայմանագրի համաձայն՝ «Գազպրոմ»-ը ձեռք էր բերել «ՀայՌուսգազարդ»-ի վերջին 20% մասնաբաժինը, իսկ ընկերությունը վերանվանվել էր «Գազպրոմ Արմենիա»: Tweet Դիտում՝ 19508