ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ տարեկան 7,5% եկամտաբերությամբ պարտատոմսերի թողարկումը «խոսում է ՀՀ տնտեսության տխուր վիճակի մասին եւ ստեղծում է երկրի սնանկացման սպառնալիք»:Այս մասին Ռոբերտ Քոչարյանն ասել է 2rd.am կայքին տված հարցազրույցում՝ անդրադառնալով երկրի տնտեսական իրավիճակին:«Հասկանում եմ, որ լավ կյանքից չէ, որ այդպես է արվում (եվրապարտատոմսեր են թողարկվում – խմբ.), բայց պարտքերի մեջ թաղվելն էլ ամենեւին ելք չէ: Դրա հետ մեկտեղ, տնտեսական վիճակի արմատական փոփոխմանը ուղղված որեւէ գործուն քայլ չի կատարվում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:Նրա խոսքով՝ «արտաքին պարտքը շարունակում է աճել՝ դրա կառուցվածքի վատթարացմամբ»:«Վերջին մեկ տարում Հայաստանի արտարժույթի պահուստների կրճատման դինամիկան ցանկացած տեքստից ավելի խոսուն է»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:Ռոբերտ Քոչարյանն առանձնացրել է ՀՀ տնտեսության հեռանկարի համար երկու դրական հանգամանք, որը, նրա խոսքով, «մեզնից կախված չէ»: Առաջինը, ըստ ՀՀ երկրորդ նախագահի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային համաձայնությունն է: «Դա Հայաստանի տնտեսության համար նոր հնարավորություններ կբացի, իսկ միջնաժամկետ հեռանկարում կհավասարակշռի տարածաշրջանի՝ Իրանի մեկուսացմամբ աղճատված աշխարհաքաղաքական պատկերը»,- ասել է նա: Որպես երկրորդ կարեւոր հանգամանք՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է նավթի ցածր գները, որոնք «Ադրբեջանին կզրկեն իր ռազմական պոտենցիալն ընդլայնելու առաջվա հնարավորություններից»: Tweet Դիտում՝ 10221