ԱԶԲ-ն Հայաստանում տնտեսական աճի դանդաղում է կանխատեսում

24.03.2015 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 2015թ. Հայաստանում կանխատեսում է տնտեսական աճի դանդաղում՝ մինչեւ 1.6% (2014թ.՝ 3.4%):

ԱԶԲ-ի «Ֆինանսական Ասիայի հետագա զարգացումը» 2015թ. կանխատեսման համաձայն՝ 2016թ. Հայաստանում տնտեսական աճը կկազմի 2.3%:

ԱԶԲ փորձագետները նշում են, որ տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների պատճառով Հայաստանի տնտեսական աճի հեռանկարները շարունակում են մնալ անորոշ: Ըստ ԱԶԲ-ի՝ ռուսական տնտեսության անկումը՝ պայմանավորված պատժամիջոցներով եւ նավթի ցածր գներով, հետագայում էլ ավելի կդանդաղեցնի Հայաստանի տնտեսության աճը:

«Ռուսաստանի թույլ տնտեսությունը կհանգեցնի տնտեսական աճի դանդաղմանը Հայաստանում, Վրաստանում, Ղրղըզստանում եւ Տաջիկստանում»,- նշված է կանխատեսման մեջ:  
 
Առաջարկի տեսանկյունից Հայաստանի տնտեսության աճը հիմնականում ակնկալվում է գյուղատնտեսությունից եւ ծառայություններից: Գյուղատնտեսության ոլորտում աճին կնպաստի պետական աջակցությունը, որը կսուբսիդավորի գյուղական վարկերն ու վառելիքի գները:

Արդյունաբերության զարգացմանը նպաստող ներքին գործոնների թվում է կառավարության՝ արտահանման վրա հիմնված արդյունաբերական զարգացման ռազմավարությունը:

Պահանջարկի տեսանկյունից՝ մասնավոր սպառումը եւ պետական ծախսերի ավելացումը կխթանեն աճը, թեեւ դանդաղ տեմպերով:

Չնայած դանդաղ աճին, տարեկան գնաճը 2015թ. կկազմի 4.6%, իսկ 2016թ.՝ 4.1%:

Վճարային հաշվեկշռի դեֆիցիտը կավելանա՝ 2015թ. կազմելով ՀՆԱ-ի 9,2%-ը, իսկ 2016թ.՝ ՀՆԱ-ի 8.3%-ը:

ԱԶԲ-ում նշում են, որ այս կանխատեսումը զգալի ռիսկեր է պարունակում՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական կապերը. ՌԴ-ին բաժին է ընկնում ՀՀ-ի ներկրումների եւ արտահանումների մեկ քառորդը, գումարային փոխանցումների 80%-ը եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների 50%-ը:

Ըստ բանկի՝ Հայաստանը կարող է հաջողության հասնել՝ զարգացնելով արդյունաբերությունը՝ արտահանման խթանման, ներկրված գազի, նավթային հումքի եւ ադամանդների՝ մաքսատուրքերից ազատման եւ ԵՏՄ շրջանակում ոչ սակագնային արգելքների վերացման հաշվին:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին, ապա ԱԶԲ-ն Վրաստանում այս տարի կանխատեսել է 2.0% աճ, 2016թ.՝ 2.5%, Ադրբեջանում` 2015թ.՝ 3%, 2016թ.՝ 2,8% աճ:

Հիշեցնենք, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2015թ. Հայաստանում տնտեսության լճացում (ստագնացիա) է կանխատեսել՝ 0% աճ:

Դիտում՝ 2798
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW