Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի եւ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) ջանքերով Հայաստանում անցկացվում է «Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարներ» ազգային մրցույթը:Հայաստանում մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2014թ.՝ «Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակում: Այս տարի մրցույթի կազմակերպիչները նախատեսում են հավաքագրել մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող մինչեւ 80 բիզնես գաղափար եւ նախատիպ: Այս տարի մրցութային հանձնաժողովն առանձնացրել է հետեւյալ ոլորտները՝ էներգաարդյունավետություն, վերականգնվող էներգիա, թափոններից էներգիայի ստացում, ջրային ռեսուրսներ: Հավաքագրված բոլոր գաղափարները կգնահատվեն հատուկ հանձնաժողովի կողմից: Ընտրված լավագույն 25 գաղափարների հեղինակները թիմեր կձեւավորեն եւ կշարունակեն մրցույթը՝ մասնակցելով ինտենսիվ 10-շաբաթյա բիզնես դասընթացներին: Հոկտեմբերին նախատեսված եզրափակիչ փուլում հանձնաժողովը 25 թիմից կընտրի լավագույն 4-ին, որոնք կստանանք մինչեւ $10 հազ-ին համարժեք դրամային պարգեւներ, իսկ ազգային հաղթողը կմասնակցի Սիլիկոնյան հովտում կայանալիք ամենամյա Cleantech Open գլոբալ ֆորումին: «Անցած տարվա մրցույթի հաղթող թիմերի գաղափարները եկան ապացուցելու, որ այս ծրագիրն իրական եւ հեռանկարային արդյունքներ է տալիս: Ծրագրի շուրջ ձեւավորվել է նպաստավոր միջավայր, եւ մենք ցանկանում ենք տեսնել շարունակական արդյունքներ»,- այսօր ազգային մրցույթի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՄԱԱԶԿ ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը: Մրցույթը բաց է ՀՀ բոլոր քաղաքացիների եւ հանրապետությունում գործող կազմակերպությունների համար: Տարիքային սահմանափակում չկա: Հայտերն ընդունվում են մինչեւ ապրիլի 30-ը: Ծրագրի գործընկեր՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ասել է, որ նախորդ տարվա մրցույթի արդյունքները վկայում են՝ մաքուր տեխնոլոգիաների ոլորտում նորարարական ծրագրերը բեկումնային են Հայաստանի զարգացման համար: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության աջակցությամբ մինչեւ այս տարվա վերջ Գյումրիում, իսկ հետո նաեւ Վանաձորում կբացվեն մաքուր տեխնոլոգիաների ոլորտում բիզնես նախագծերի իրականացումը ապահովող լաբորատորիաներ: Tweet Դիտում՝ 2308