Ռուբեն Վարդանյանը միլիոնատերերի մասին հետազոտություն է ներկայացրել

17.03.2015 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը Մոսկվայում ներկայացրել է ռուսաստանյան կապիտալների սեփականատերերի մասին հետազոտությունը:

Ինչպես հաղորդում է FinParty-ն, հետազոտության հիմքում դրվել են 39 հարցվողների հետ խորքային հարցազրույցները:

Ռուբեն Վարդանյանն ասել է, որ կապիտալի կառավարման եւ ժառանգության հարցերը այսօր առանցքային են, քանի որ Ռուսաստանում առաջին անգամ 1917 թվականից ի վեր ձեւավորվել է մարդկանց մի սերունդ, որը հնարավորություն ունի հաջորդ սերնդին նյութական բարիքներ ժառանգել:

Մեկ տարուց ավելի տեւած հետազոտությունը անցկացվել է «Սկոլկովո» բիզնես դպրոցի՝ Բարեկեցության ու բարեգործության կառավարման կենտրոնի կողմից, որի փորձագիտական խորհրդի ղեկավարը Ռուբեն Վարդանյանն է:

39 հարցվողների մեծ մասի տարիքը 45-65-ի սահմաններում է, նրանցից 13%-ը ներառված են ռուսաստանյան Forbes-ի ցուցակում: Որպես ունեցվածքի նվազագույն շեմ սահմանվել էր 100 մլն ռուբլին:

«Մեզ զարմացրել է զրուցակիցների բաց ու անկեղծ լինելը եւ նրանց հետաքրքրությունը՝ մյուսների պատասխանների նկատմամբ: Այս աշխատանքի արդյունքում որոշակի կարծրատիպերը վերացան: Մենք կարծում էինք, օրինակ, որ մեր զրուցակիցների հետարքրքությունը բարեգործության հանդեպ, այսպես կոչված, «հոգու մղում է», սակայն պարզվեց, որ նրանց համար դա հերթական բիզնես նախագծերից մեկն է եւ մասնակցությունը բարեգործությանը երբեմն հարկադրված է», - ասել է հետազոտության գիտական ղեկավար Իվան Կլիմովը:

«Հարկադրական» բառն այս դեպքում նշանակում է սեփականատերերի ցանկությունը՝ չթողնելու ողջ վաստակած բարիքները ընտանիքի անդամներին, որպեսզի ժառանգորդների մոտ չկորի աշխատելու եւ սեփական կարիերան ստեղծելու մոտիվացիան:

Հարցվողների արժեքային ուղղվածությունների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բիզնեսների եւ մասնավոր կապիտալների սեփականատերերը տարբերվում են ռուսաստանցիների մեծամասնությունից մեկ հիմնական հատկանիշով: Ինչպես ասում է Ռուբեն Վարդանյանը, «նրանք պատրաստ են որոշումներ կայացնել ու գործել հարմարավետության գոտուց դուրս»:

Հետազոտության մասնակիցների կեսը նախատեսում է իրենց ընկերությունների սեփականատեր մնալ 5 տարուց ավելի, համեմատաբար քչերը իրենց բիզնեսը դիտարկում են որպես ակտիվ, որը պետք է փոխանցեն իրենց ընտանիքներին:

«Դա նշանակում է, որ մարդիկ ստիպված կլինեն վաճառել այն, իսկ դա այդքան էլ հեշտ չէ: Հենց որ նրանք հասկանում են դա, փոխվում է բիզնեսի վարման մոտեցումը: Ակնհայտ է դառնում, որ այն պետք է թափանցիկ դառնա», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

Դիտում՝ 10010
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW