Լոռու մարզում կանանց կողմից արդեն կյանքի է կոչվել 3 բիզնես ծրագիր, որոնք իրականացվում են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության եւ Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» համատեղ ծրագրի շրջանակում:Այս մասին ասել է ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը՝ մարտի 11-ին Ախթալայում Կանանց միջազգային տոնին նվիրված միջոցառման ընթացքում: Նա տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների ընթացքում մասնակիցները ներկայացրել են 62 բիզնես ծրագիր, որից 12-ը՝ խմբային:«Ներկայացված ծրագրերից 14-ը ստացել են դրական գնահատական, որից 3 ծրագիր՝ 1-ը՝ Ախթալայում, եւ 2-ը՝ Ալավերդիում, արդեն ֆինանսավորվել են, եւ կանայք կյանքի են կոչել իրենց ծրագրերը: Մնացած 11 ծրագրերը, որոնք ստացել են դրական գնահատական, գտնվում են վերջնական հաստատման, ընկերությունների գրանցման եւ փաստաթղթավորման փուլում, որից հետո նրանց նույնպես կտրամադրվեն ֆինանսական միջոցներ՝ դրամաշնորհի տեսքով»,- ասել է նա: Բացի այդ, ծրագրի շրջանակում արդեն իսկ ֆինանսական աջակցություն է տրամադրվել 3 կին ձեռներեցների: Ախթալայում տեխնիկական վերազինումից հետո վերագործարկվել է Արմենուհի Մամյանի հացի եւ խմորեղենի արտադրամասը: Ալավերդի համայքնում ֆինանսական աջակցություն է տրամադրվել Իրինա Իսրայելյանին՝ հյուրատնային բիզնեսը զարգացնելու եւ վրանային ճամբար (քեմփինգ) հիմնելու համար, իսկ Անահիտ Ջաղինյանին տրամադրվել են սարքավորումներ` խմորեղենի արտադրություն հիմնելու նպատակով:Ծրագրի իրականացման համար ԵՄ-ն հատկացրել է €768.357 եվրո: Ծրագրի գործընկերներն են CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը եւ Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի տեւողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչեւ 2016թ. ապրիլ: Tweet Դիտում՝ 2319