Ծանրոցների մաքսազերծման ի՞նչ կանոններ է թելադրում ԵՏՄ-ն

12.03.2015 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցությունից հետո մի շարք քաղաքացիների մոտ հարցեր են առաջացել արտերկրից ստացվող ծանրոցների մաքսազերծման վերաբերյալ: Ծանրոցների մաքսազերծման նոր կանոնները պարզելու նպատակով Banks.am-ը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը:

Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ԵՏՄ անդամ չհանդիսացող պետությունից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային առաքումներով ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների համար վճարվում են միասնական մաքսային վճարներ (բացառությամբ մաքսավճարի) հետեւյալ միասնական դրույքաչափերով.

-0%, եթե մեկ ամսվա ընթացքում տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կգ-ը, իսկ մաքսային արժեքը չի գերազանցում 200 հազ. դրամը:

-22.5%, եթե մեկ ամսվա ընթացքում ՀՀ ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կգ-ը, իսկ մաքսային արժեքը գերազանցում է 200 հազ. դրամը, սակայն չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք դրամը:

-30%, բայց ոչ պակաս, քան 30 կգ-ը գերազանցող յուրաքանչյուր կգ-ի համար ԵՏՄ համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված չափերը, եթե մեկ ամսվա ընթացքում հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը գերազանցում է 30 կգ-ը կամ եթե մաքսային արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք դրամը:

Ֆիննախում ընդգծել են, որ 22.5% միասնական դրույքաչափի հաշվարկման ժամանակ մաքսային վճարները հաշվարկվում են ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի եւ 200 հազ. դրամի դրական տարբերության նկատմամբ:

Ինչ վերաբերում է ԵՏՄ տարածքում փոստային առաքումներին, ապա միության ներսում դրանք ենթակա չեն մաքսային հսկողության, չեն ձեւակերպվում մաքսային ընթացակարգերով, դրանց մասով չեն իրականացվում մաքսային գործառնություններ:

Միաժամանակ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն` ԵՏՄ միասնական տարածքի սահմաններում փոխադարձ առեւտրի մեջ չեն կիրառվում մաքսատուրքեր, ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) ու փոխհատուցման միջոցներ:

Պատրաստեց Սիրանուշ Եղիազարյանը

Դիտում՝ 10651
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai