2015թ. հունվարին արտաքին առեւտրաշրջանառության ծավալն անցած տարվա համեմատ կրճատվել էր 30.4%-ով, իսկ արտահանման եւ ներմուծման ծավալները՝ համապատասխանաբար 21.9% եւ 33.2%-ով:Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) նշել էր, որ 2015թ. հունվարի արտաքին առեւտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջեւ փոխադարձ առեւտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ: Ըստ ԱՎԾ-ի՝ դրանք հետագայում ենթակա են ճշգրտման:ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այս կապակցությամբ հանդես է եկել պարզաբանմամբ: «Հունվար ամսվա ընթացքում գործարար հանրության մոտ դեռեւս առկա էին ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված որոշակի անորոշություններ եւ սպասողական տրամադրություններ` կապված նոր պայմաններում արտաքին առեւտրային գործունություն ծավալելու ընթացակարգերի հետ (մասնավորապես` մաքսային ձեւակերպումներ, մաքսային վարչարարություն, անհրաժեշտ թաստաթղթեր եւ այլն): 2014թ. տարեվերջի եւ 2015թ. հունվար ամսվա ընթացքում ռուսական ռուբլու էական արժեզրկման եւ ընթացիկ տատանումների հետեւանքով, մասնավորապես՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն տեղական ապրանք արտահանողների համար, անհրաժեշտություն էր առաջացել կատարել արտահանվող ապրանքի գնի լրացուցիչ ճշգրտումներ, քանի որ, ԱՄՆ դոլարային արտահայտությամբ կնքված պայմանագրերի պարագայում, արտահանվող ապրանքներն էապես թանկանում են ռուսական ներմուծողի համար, իսկ ՌԴ ռուբլով կնքված պայմանագրերի պարագայում` արտահանվող ապրանքն էժանանում է հայկական արտահանողի համար»,- ասված է պարզաբանման մեջ:Էկոնոմիկայի նախարարությունն ընդգծում է, որ արտահանման ծավալների գումարային արտահայտության նվազմանը նպաստող գործոն կարող է համարվել նաեւ միջազգային շուկայում հանքահումքային արտադրանքի գների նվազումը:«2014թ. հունվարը 2015թ. հունվարի հետ համեմատելու պարագայում, պետք է ընդհանուր առմամբ նկատի ունենալ նաեւ, որ այս տարվա հունվար ամսին փաստացի սահմանված աշխատանքային օրերն ավելի պակաս են եղել, քան նախորդ տարվա հունվարին, ինչը միգուցե ոչ էական, սակայն նույնպես կարող է որոշակի ազդեցություն ունեցող գործոն դիտարկվել»,- նշել են էկոնոմիկայի նախարարությունում: Tweet Դիտում՝ 2540