Եթե Հայաստանը ցանկանում է բարելավել իր իմիջը, պետք է որեւէ բան անի մարդկության համար: Ընդ որում, պետք է անի լավ, յուրօրինակ կերպով, հետեւողականորեն: Ամեն ինչ բավական պարզ է:Այս մասին Մեդիամաքս-ին տված հարցազրույցում ասել է ազգային բրենդ-իմիջի ստեղծման, ազգային նույնականացման եւ հեղինակության ձեւավորման հարցերով անկախ քաղաքական խորհրդատու Սայմոն Անհոլտը: Նա երեք խոշոր հետազոտությունների հեղինակ է՝ «Ազգային բրենդների ինդեքս» (Anholt-GfK Roper Nation Brands Index), «Քաղաքների բրենդների ինդեքս» (Anholt-GfK Roper City Brands Index) եւ «Պետական բրենդների ինդեքս» (Anholt State Brands Index): Սայմոն Անհոլտի վերջին նախագիծը՝ «Լավ երկրների ինդեքս»-ը (Good Country Index), աշխարհում առաջին նախագիծն է, որը չափում է մարդկության զարգացման գործում պետության կատարած ներդրումը: «Լավ երկրների ինդեքսը» կոմբինացված ցուցանիշ է, որը վերլուծում է աշխարհի երկրները՝ մարդկության զարգացման մեջ գլոբալ ներդրման աստիճանի համաձայն (ինչպես դրական, այնպես էլ բացասական): Վարկանիշի համար հիմք են ծառայում ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի եւ միջազգային այլ կազմակերպությունների տվյալները: Ինդեքսի անվանման «լավ» (good) բառը երկրի ընդհանուր բարօրության մեջ կատարած ներդրման ցուցանիշն է եւ այս պարագայում հականիշ է «եսասեր», այլ ոչ թե «վատ» բառին: 2014թ. «Լավ երկրների ինդեքս» վարկանիշում Հայաստանը 125 երկրների շարքում զբաղեցրել է 72-րդ տեղը՝ Մոզամբիկի (71-րդ տեղ) ու Ալբանիայի (73) միջեւ: Վարկանիշը կազմված է 7 ցուցանիշերի հիման վրա. գիտություն եւ տեխնիկա, մշակույթ, միջազգային խաղաղություն եւ անվտանգություն, գլոբալ կայունություն, մոլորակ եւ կլիմա, բարգավաճում եւ հավասարություն, առողջություն եւ բարեկեցություն: Մարդկության զարգացման մեջ ունեցած ներդրման տեսանկյունից ամենացածր գնահատականները Հայաստանը ստացել է «առողջություն եւ բարեկեցություն» ու «մշակույթ» ցուցանիշներով, իսկ ամենաբարձրը՝ «բարգավաճում եւ հավասարություն» ու «միջազգային խաղաղություն եւ անվտանգություն» ցուցանիշներով: Ներկայացնելով «Լավ երկրների ինդեքս»-ը ստեղծելու անհրաժեշտությունը` Սայմոն Անհոլտը նշել է. «Պետք է այնպիսի բան անել, որը կստիպի այլ պետությունների բնակիչներին ուրախ լինել ձեր գոյության համար: Հենց այդ պատճառով ես ստեղծեցի Good Country Index-ը. ես ցանկանում էի Nation Brands Index-ի տրամադրած պատկերացումների չափման հետ մեկտեղ իրականության չափումն էլ ունենալ՝ տեսնելու, թե որ երկրներն են ամենամեծ ներդրումը կատարում համաշխարհային ժառանգության մեջ»: Սայմոն Անհոլտի հետ հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ: Tweet Դիտում՝ 8787