ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը «հասունացած» է համարում 2017թ. հունվարի 1-ից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը բարձրացնելու մասին ԿԲ պահանջը:Արմենակ Դարբինյանն այս մասին հայտարարել է Հայաստանի մարզերում գործող միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների համար ֆինանսական միջոցների հասանելիության վերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքների ներկայացմանը: Նրա խոսքով՝ հարցը մի քանի տարի շարունակ քննարկվել է: «Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների իրավիճակը եւս մեկ անգամ ապացուցեց, որ կապիտալի նկատմամբ նման պահանջների ներդնումն օրակարգային խնդիր է: Հայաստանում գործում է 21 բանկ, իսկ նման քանակությամբ բանկերի առկայությունը, հաշվի առնելով նաեւ նրանց մի մասի փոքր չափերը, արդարացված չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ մի շարք բանկեր մինչեւ ԿԲ որոշման կայացումն արդեն իսկ ծրագրել էին կապիտալի ավելացում: Արմենակ Դարբինյանի կարծիքով՝ բանկային հատվածում հնարավոր փոփոխությունները դրական ազդեցություն կունենան նաեւ ՓՄՁ-ների ֆինանսավորման վրա: «Եթե բանկի կապիտալն աճում է, նշանակում է նրա կողմից տնտեսությունը ֆինանսավորելու հնարավորությունները կտրուկ աճում են: Արդյունքում վերջինս դառնում է առավել կայուն ֆինանսական կառույց, ինչն իր հերթին հնարավոր է՝ հանգեցնի տրամադրվող վարկերի չափի ավելացմանը եւ տոկոսադրույքների իջեցմանը: Խոշոր բանկերն ավելի կայուն են եւ ավելի արդյունավետ՝ շոկերն ընկալելու տեսանկյունից: Վերջիններս ՓՄՁ-ների հետ համագործակցելիս՝ իրենց սեփական ռեսուրսների հաշվին շատ ավելի արդյունավետ են աշխատում, քան՝ փոքրերը: Իհարկե, ունենք նաեւ արդյունավետ աշխատող փոքր բանկեր, բայց եւ այնպես խոշորներն ունեն առավելություն՝ հատկապես ֆինանսական շուկայում ռեսուրսների հասանելիության եւ մատչելիության հարցում»,- պարզաբանել է նա: Ինչ վերաբերում է խոշորացման բուն գործընթացին, ապա, Արմենակ Դարբինյանի խոսքով, ԿԲ-ի վարած քաղաքականության համաձայն՝ այն պետք է շատ սահուն ընթանա եւ հիվանդագին չլինի տնտեսության իրական հատվածի համար: ԿԲ խորհրդի անդամը հավելել է, որ Հայաստանում գործող 5 բանկեր այսօր արդեն կապիտալի պահանջի վերաբերյալ խնդիրներ չունեն: Tweet Դիտում՝ 5187