ԱՄՀ ներկայացուցիչ. Հայաստանի ֆինանսական շուկայում իրավիճակը բավական բարդ է
17.12.2014 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

«Հայաստանի ֆինանսական շուկայում տիրող իրավիճակը բավական բարդ է, պարզապես այս պահի դրությամբ այնքան վատ չէ, որքան մի շարք այլ երկրներում»:
Այսօր այսպիսի հայտարարություն է արել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ ) երեւանյան գրասենյակի ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը:
«Կանխատեսումների համաձայն, օրինակ, Ռուսաստանում տնտեսությունը հաջորդ տարի անկում կապրի 1%-ով, Ուկրաինայում՝ 6 %-ով, իսկ Հայաստանի տնտեսությունը, չնայած առկա ներուժից ցածր, բայց աճ կգրանցի»,- տեղեկացրել է Թերեզա Սանչեսը:
Նա նշել է, որ եթե հետագայում իրավիճակը շարունակի վատթարանալ, Հայաստանի Կենտրոնական բանկի ձեռքի տակ առկա են «համապատասխան գործիքներ, որոնց կգումարվի նաեւ միջազգային կառույցների աջակցությունը»:
Թերեզա Դաբան Սանչեսը խոսել է Հայաստանում բանկային համակարգի դիմադրողականության առկայության մասին՝ նշելով, որ ԿԲ-ն եւ բանկերը պարբերաբար սթրես թեստեր են անցկացնում, եւ դրանց հիման վրա կառուցում այն սցենարները, որոնք անհրաժեշտ են իրավիճակից դուրս գալու համար:
ԱՄՀ ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ ՀՀ ԿԲ-ի արտարժութային նոր քաղաքականությանը՝ նշելով, որ ԱՄՀ-ն աջակցում է Կենտրոնական դրամատանը, եւ «իրականացվող քայլերը ճիշտ է որակում»:
«ԿԲ-ի միջամտությունները հետապնդում են փոխարժեքի ճշգրտումը սահուն դարձնելու նպատակ: Մյուս կողմից՝ շուկայում փոքրացնելով մասնակցության աստիճանը՝ ԿԲ-ն կարծես ազդանշան է տալիս, որ աստիճանաբար դուրս է գալիս շուկայական միջամտություններից: Սա հնարավորություն կտա բանկային համակարգին եւ շուկայի մասնակիցներին փոխարժեքի նոր գին սահմանել: Բացի դա՝ փորձ է արվում դրամը հնարավորինս գրավիչ պահել՝ միեւնույն ժամանակ խստացնելով իրացվելիության պայմանները: Հենց այս պատճառով են բարձրացել գրավատների տոկոսադրույքները: Սա եւս համահունչ է ԿԲ-ի կողմից իրականացվող քաղաքականությանը»,- ասել է նա:
Անդրադառնալով կապիտալի շարժի հետ կապված սահմանափակումների հնարավորության վերաբերյալ հարցին՝ ԱՄՀ ներկայացուցիչն ասել է, թե «Հայաստանում ինքը նման երևույթ չի կանխատեսում»:
Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին, թե ինչու Հայաստանում՝ ի տարբերություն Վրաստանի (որտեղ լարին սկսել է աստիճանաբար արժեւորվել), արտարժույթի կայունություն չի նկատվում, Թերեզա Դաբան Սանչեսը պատասխանել է. «Վրաստանում բիզնեսն ավելի համակերպված է այս վիճակին, եւ ավելի լավ է կարողանում դիմակայել իրավիճակը: Տպավորությունն այնպիսին է, թե Վրաստանում արժութային տատանումների նկատմամբ ավելի մեծ հանդուրժողականություն կա: Մարդիկ սովոր են դրան եւ պատրաստ են ինչպես հնարավոր արժեւորումներին, այնպես էլ արժեզրկումներին: Վրաստանի ԿԲ-ն եւս միջամտությունների քաղաքականություն էր իրականացնում, բայց, ի տարբերություն Հայաստանի, միջամտությունն այնտեղ ավելի քիչ է եղել՝ թույլ տալով, որ շուկան ինքնուրույն կարգավորվի»,- ասել է ԱՄՀ երևանյան գրասենյակի ղեկավարը՝ հավելելով, որ Վրաստանում ամենաշատը տուժել են այն մարդիկ, որոնք դոլար էին ձեռք բերել «արժույթի գերթռիչքի ժամանակ»:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: