Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարել է, որ ՀՀ-ում ֆինանսական շուկայի ներկա զարգացումները «հիմնականում պայմանավորված են գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից»: «Գլոբալ միտումների նման տարերային զարգացումների պարագայում ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի (ԿԲ) ջանքերին:Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել առ այն, որ բոլոր ավանդատուները պետք է վստահ լինեն՝ «ՀՀ-ն ունի գործուն ավանդների երաշխավորման համակարգ, եւ կառավարությունն ու ԿԲ-ն անում են հնարավորը՝ քաղաքացիների ավանդների պաշտպանության համար»:«Կառավարությունը մշտական կապի մեջ է նաեւ իր միջազգային գործընկերների հետ, եւ վստահ է, որ համատեղ ջանքերով եւ սառը դատողությամբ մենք կարող ենք ապահովել կայունություն թե՛ ֆինանսական, թե՛ ապրանքների շուկաներում՝ այդ թվում բացառելով սպառողական ապրանքների անհիմն թանկացումները»,- ամփոփել է խոսքը վարչապետը: Tweet Դիտում՝ 1869