ՀՀ կառավարությունը պատրաստվում է օգնել այն բնակիչներին, ովքեր ցանկություն ունեն հիփոթեքային վարկով բնակարան գնել: Այսպես, «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո, վարկառուի սպասարկման տոկոսներն եկամտային հարկի գումարներից կվճարվեն պետության կողմից: Մեդիամաքս-ն ուսումնասիրել է օրենքն ու պարզել, թե որ բնակարանների մասով կգործի այն, երբվանից հնարավոր կլինի վարկ ձեւակերպել ու որքանով այն ակտիվություն կմտցնի անշարժ գույքի շուկայում:«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագծով առաջարկվում է «սահմանել, որ բնակարանների ձեռքբերման կամ անհատական բնակելի տների կառուցման համար ստացված հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսները վճարվում են պետության կողմից՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը»: Ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի, նախարարությունն այս օրենսդրական նախագծով փորձելու է երկու կարեւոր խնդիր լուծել՝ օգնել ազգաբնակչությանն առավել մատչելի պայմաններով լուծել բնակարանային ապահովվածության խնդիրն ու նպաստել շինարարության ոլորտի զարգացմանը:«Նախագծի ընդունումն անպայմանորեն կհանգեցնի անշարժ գույքի նկատմամբ վճարունակ պահանջարկի ավելացմանը, հետեւաբար նաեւ՝ կնպաստի տնտեսության շինարարական հատվածի ակտիվացմանը»,- կարծում է Միրումյանը:Ըստ այս օրինագծի, որն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է Ազգային Ժողովի կողմից, վճարված եկամտային հարկի գումարներից բնակարանի ձեռքբերման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսները վերադարձվում են, սակայն ոչ ավելի, քան`1) համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարը,2) համապատասխան հաշվետու տարվա ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից հաշվարկված եկամտային հարկի գումարը:Ի դեպ, վարձու աշխատողներին գումարը ենթակա է վերադարձման եռամսյակային, իսկ անհատ ձեռնարկատերերին եւ նոտարներին` տարեկան պարբերականությամբ:Եկամտային հարկի գումարը հետ վերադարձվելու եռամսյակային պարբերականությունն, ըստ ֆինանսների նախարարության, եկամտային հարկի գումարների հետ վերադարձի ընթացակարգը պարզեցնելու եւ առավել քիչ ծախսատար դարձնելու նպատակով է արվել:«Պետք է նկատել սակայն, որ հետագա եռամսյակներին նրանց համար ստեղծվում է առավել նախընտրելի վիճակ, քանի որ հաջորդ եռամսյակի առաջին ամսում, օրինակ, վճարելով մեկ ամսվա եկամտային հարկը, քաղաքացին հնարավորություն ունի հետ ստանալ նախորդ երեք ամիսների ընթացքում բանկին վճարված հիփոթեքային վարկի տոկոսները»,- ավելացնում է Միրումյանը: Նախատեսված է, որ եկամտային հարկը վերադարձվելու է աշխատավարձից վճարված եկամտային հարկի ողջ գումարի չափով, եւ վերադարձվող գումարի չափի մասով որեւէ սահամանափակում չի լինելու: Չնայած օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը, այդուհանդերձ վճարված եկամտային հարկը հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսների չափով հետ վերադարձնելու հնարավորությունը տարածվելու է 2014 թ-ի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի վրա:Եթե որոշել եք հիփոթեքային վարկով բնակարան գնել ու ձեր աշխատավարձից փոխանցված եկամտային հարկի միջոցով թեթեւացնել տոկոսների բեռը, ապա իմացեք, որ այդ բնակարանը պետք է լինի նորակառույց շենքում: Ըստ ֆինանսների նախարարության, քանի որ նպատակներից մեկը տնտեսության շինարարական ոլորտի ակտիվացումն է, ուստի «եկամտային հարկի գումարի վերադարձն իրականացվելու է միայն նոր կառուցվող շենքերի բնակարանների եւ նոր կառուցվող անհատական բնակելի տների մասով»:Հստակ վիճակագրություն չկա ու հայտնի չէ, թե Հայաստանում ավելի շատ նորակառույց, թե հին շենքերում են հիփոթեքով բնակարան ձեռք բերում: Սակայն տարբեր կառույցներից ստացված տեղեկությունները համադրելով՝ ստացանք հետեւյալ պատկերը. հիփոթեքային վարկով անշարժ գույքի գնումների քանակը 2014-ին 2011-ի համեմատ նվազել է: Այսպես, 2011 թվականին անշարժ գույքի հիփոթեքային վարկավորմամբ ձեռք է բերվել 2165 բնակարան, իսկ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին՝ 1551: «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխությունները նախագահի կողմից վավերացվելուց հետո ուժի մեջ կմտնեն 2015 թ-ի հունվարի 1-ից:Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան Tweet Դիտում՝ 20920