Դեկտեմբերի 12-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել «Ապադոլարայնացման քաղաքականությունը եւ մարտահրավերներ» համաժողովը, որին մասնակցել են Համաշխարհային բանկի, ԱՄՀ, ՀՀ կենտրոնական բանկի, Վրաստանի ազգային բանկի ներկայացուցիչները:Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ դոլարայնացման երեւույթը հատկանշական է զարգացող տնտեսությամբ երկրներին, եւ մակրոտնտեսական կայունության կարճ պատմություն ունեցող փոքր երկրներում արտարժույթները բնական առավելություն են ձեռք բերում տեղական արժույթների նկատմամբ: Սակայն դոլարայնացումը չի նվազեցնում գնաճի նպատակադրման քաղաքականության արդյունավետությունը. այն արդյունավետ է եղել նույնիսկ ճգնաժամային տարիներին: ԿԲ նախագահն ասել է, որ բանկի քաղաքականությունն ուղղված է դրամավարկային քաղաքականության նկատմամբ վստահության բարձրացմանը եւ փողի ու կապիտալի շուկաների զարգացմանը, ինչը երկարաժամկետ կտրվածքով կարող է նվազեցնել դոլարայնացման մակարդակը:Համաժողովի ընթացքում ներկայացվել են «Դոլարայնացում՝ միտումներ եւ քաղաքականություն» եւ «Ապադոլարայնացման քաղաքականության հաջողված օրինակներ» զեկույցները: ՀԲ մասնագետների կողմից ներկայացվել է այդ ոլորտում Լատինական Ամերիկայի երկրների փորձը: Tweet Դիտում՝ 1989