ՀՀ բանկային համակարգը բավարար կապիտալացված է եւ իրացվելի նույնիսկ խիստ շոկային իրավիճակների ցնցումներին դիմակայելու համար: Այդ մասին ասված է ԿԲ վերլուծական տեղեկանքում, որը տրամադրվել է լրատվամիջոցներին:«Կենտրոնական բանկի կողմից մշտապես իրականացվում են բազմատեսակ մակրո եւ միկրո սթրես-սցենարներ՝ բանկային համակարգի կայունությունը գնահատելու նպատակով: Այդ նպատակով դիտարկվում են տարբեր մակրո եւ միկրոմակարդակի շոկային սցենարներ եւ գնահատվում դրանց ազդեցությունը բանկային համակարգի եւ առանձին բանկերի վրա: Սթրես-թեստերի արդյունքներով՝ ՀՀ բանկային համակարգը սթրեսային իրավիճակներում ցուցաբերում է ռիսկերի կլանման բարձր ունակություն», - ասված է տեղեկանքում:Փաստաթղթում նշվում է, որ ՀՀ բանկային համակարգը բավարար կապիտալացված է եւ ունակ է դիմակայելու «շատ ավելի խիստ սցենարների հնարավոր ցնցումներին»: «Բանկային համակարգի վճարունակության բնութագրիչ՝ կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը կազմում է 16.4%: Այն մոտ 1.5 անգամ գերազանցում է ՀՀ ԿԲ սահմանած նվազագույն սահմանաչափը եւ կրկնակի գերազանցում Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի սահմանած նվազագույն 8% սահմանաչափը: Վերջինս բնութագրում է, որ բանկերի սեփական միջոցները բավարար են կլանելու իրենց «ռիսկային ակտիվների» ավելի քան 16% կորուստները: Ըստ առանձին բանկերի՝ կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը նույնպես պահանջվող նվազագույն սահմանաչափից բարձր է: Վարկային պորտֆելում վատորակ վարկերի տեսակարար կշիռը կազմում է 6.7%, որոնց մոտ 40%-ի չափով բանկերը արդեն իսկ ձեւավորել են հնարավոր կորուստների ծածկման պահուստ: Այս տեսանկյունից վարկերի հանկարծակի դուրսգրումների արդյունքում բանկային համակարգի կայունության վտանգման սցենարը բացառվում է», - վստահեցրել են Կենտրոնական բանկը:«ՀՀ բանկային համակարգը ապահովում է իրացվելիության բավարար մակարդակ: Բանկային համակարգի հաշվեկշռում ակտիվների ավելի քան 25%-ը ներդրված են բարձր իրացվելի ակտիվներում (կանխիկ դրամական միջոցներ, թղթակցային հաշիվներ ՀՀ ԿԲ-ում եւ բանկերում, ներդրումներ ՀՀ պետական պարտատոմսերում), որոնք անհրաժեշտության դեպքում արագ կարող են կանխիկացվել ավանդատուների պահանջները բավարարելու համար: Բարձր իրացվելի ակտիվների մեծությունը գերազանցում է ցպահանջ պարտավորությունների մեծությունը (ցպահանջ ավանդներ եւ այլ պարտավորություններ, ընթացիկ հաշիվներ)՝ կազմելով 135%: Բարձր իրացվելի ակտիվների ու ընդհանուր ակտիվների հարաբերակցության եւ բարձր իրացվելի ակտիվների ու ցպահանջ պարտավորությունների հարաբերակցության ցուցանիշների փաստացի մեծությունները բնութագրում են բանկային համակարգի իրացվելիության բարձր մակարդակը եւ գրեթե կրկնակի բարձր են ԿԲ կողմից սահմանված նվազագույն պահանջվող մակարդակներից (համապատասխանաբար 15 % եւ 60 %)», - նշված է ԿԲ տեղեկանքում: Tweet Դիտում՝ 1680