ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնաբերել է օրենսդրական մի շարք խախտումներ «օրգանական» եւ «բիոլոգիական» անվանումով պարենային եւ ոչ պարենային ապրանքներ արտադրող ընկերությունների գործունեության մեջ: Ուսումնասիրվել է մոտ 100 ընկերության գործունեություն, որոնց ֆիրմային անվանման մեջ առկա են «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կրճատ ձեւերը:Պարզվել է, որ մի շարք ընկերությունների այս գործելաոճը մոլորեցնում է սպառողներին, քանի որ վերջինների մոտ ստեղծվում է տպավորություն, իբրեւ նման մակնշում պարունակող արտադրանքը ունի առավելություն, քանի որ պատրաստված է էկոլոգիապես մաքուր հումքից: Օրենքի համաձայն, ս.թ. հունվարի 1-ից «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կրճատ ձեւերը կարող են օգտագործվել միայն զուտ օրգանական գյուղատնտեսական արտադրանք արտադրող եւ իրացնող տնտեսվարողների կողմից: Ուսումնասիրված մոտ 150 ընկերություններից խախտում է հայտնաբերվել ընդհանուր առմամբ 80-ի մոտ. 55 ընկերության մոտ՝ «էկո», 20-ի մոտ՝ «բիո» եւ 5-ի մոտ «օրգանական» անվանմամբ ապրանքներ արտադրելու կամ իրացնելու համար: Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, տնտեսվարողի նման վարքագիծը, որը կարող է մոլորության կամ շփոթության մեջ գցել սպառողներին նրանց առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսեւորում, հայտնել է հանձնաժողովը: ՀՀ ՏՄՊՊՀ որոշմամբ, մրցակցային օրենսդրության խախտման եւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար, 80 ընկերություններ ստացել են խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով: Ընկերությունների ամբողջական ցանկը կտեղադրվի ՀՀ ՏՄՊՊՀ պաշտոնական կայք-էջում: Tweet Դիտում՝ 4606