Միկրո եւ փոքր ձեռնարկությունների 18%-ը չունի բանկային հաշիվ

14.11.2014 | 13:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ըստ Հայաստանի շրջաններում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ)` ֆինանսական ծառայությունների մասին իրազեկվածության, հասանելիության եւ դրանցից օգտվելու վերաբերյալ իրականացված ուսումնասիրության,  Հայաստանում գործող միկրո եւ փոքր ձեռնարկությունների 18.2 %-ը չունի բանկային հաշիվ:

Ուսումնասիրության համաձայն, ձեռնարկությունների շրջանում չափազանց փոքր է նաեւ (14%) արտարժութային բանկային հաշիվների առկայությունը: Առավել հաճախ ՓՄՁ-ները Հայաստանում օգտվում են հարկերի վճարման եւ վարկերի սպասարկման ծառայություններից:  

Գյուղացիական տնտեսությունների միայն 38.8%-ն ունի բանկային հաշիվ, միեւնույն ժամանակ,  նրանց 79%-ն օգտվում է բանկային որեւէ ծառայությունից:

Ազատ դրամական միջոցները բանկերում պահում է բոլոր ՓՄՁ-ների միայն 20%-ը: ՓՄՁ-ների 74% եւ անհատ ձեռներեցների 60%-ը գործունեություն է ծավալում առեւտրի ոլորտում: Սրան հաջորդում են ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտները:

Բոլոր ՓՄՁ-ների 51.2%-ն ունի որեւէ տեսակի պարտքային պարտավորություն, ընդ որում, անհատ ձեռներեցների մոտ այդ ցուցանիշը կազմում է 52.6%, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ 46%: Տղամարդ ղեկավար ունեցող կազմակերպությունների պարտքային պարտավորությունները շատ ավելի մեծ թիվ են կազմում (54%), քան կին ղեկավար ունեցող ձեռնարկություններում (46%):

«Ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում ՓՄՁ-ների ֆինանսավորումը լուրջ խնդիր է հանդիսանում: Այս ուսումնասիրությունը ցույց կտա, թե ինչ է տեղի ունենում Հայաստանյան իրականությունում, ինչով են զբաղված  ՓՄՁ-ները եւ ինչ խնդիրներ ունեն»,- իր խոսքում նշել է ԱՄՆ ՄԶԳ  Հայաստանի Տնտեսական զարգացման գրասենյակի տնօրեն Նարեն Չանմուգամը:

«Հետազոտության արդյունքները շատ օգտակար կարող են լինել կառավարության, Կենտրոնական բանկի եւ ֆինանսական մի շարք կառույցների համար: Հաշվի առնելով ներկա իրավիճակը, պետք է մտածել, թե ինչ լրացուցիչ քայլեր կարող ենք ձեռնարկել, որպեսզի ՓՄՁ-ների համար ապահովենք ֆինանսական միջոցների լրացուցիչ հնարավորություն»,- ասել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

«Այսօր գյուղատնտեսության ոլորտն ապահովում է գյուղական զբաղվածության շուրջ 80%-ը: Ոլորտում առկա են մի շարք առանցքային խնդիրներ, ինչպիսիք են ենթակառուցվածքների եւ մարդկային կապիտալի զարգացումը, քաղաքականության մշակումը  եւ գյուղացիական տնտեսություններին մատչելի ֆինանսական  ռեսուրսների ապահովումը»,- ասել է  ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Հայաստանում գրանցված է 75 հազար ձեռնարկություն, որոնց մեծ մասը տեղակայված է Երեւանում: Մեծամասնություն են կազմում փոքր ձեռնարկությունները (շուրջ 94%), որոնք ունեն մինչեւ 10 աշխատող:

Ուսումնասիրությունն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի շրջանակում՝ «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոն»-ի կողմից:


Դիտում՝ 3021
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW