Երեւան, 24 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱրմենՏել” ընկերության բաժնետոմսերի 90%-ի սեփականատերերը կդառնան ռուսական ԱՖԿ “Սիստեմա” հոլդինգը եւ հնդկական VTEL Holdings ձեռնարկության եւ Knightsbridge Associates ընկերության կողմից ստեղծված միջազգային կոնսորցիումը, որի հետեւում կանգնած է հայտնի հայ գործարար: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր գրում է ռուսական ComNews ցանցային պարբերականը` վկայակոչելով մրցութային գործընթացին ծանոթ աղբյուրին: Հրապարակման համաձայն, ռուսական ընկերությունը կստանա “ԱրմենՏել”-ի ֆիքսված հեռախոսային բիզնեսը, իսկ միջազգային կոնսորցիումը` բջջայինը: “Սիստեմա” հոլդինգի հասարակայնության հետ կապերի տնօրեն Իրինա Պոտեխինան ո’չ հաստատել է, ո’չ էլ հերքել այս տեղեկատվությունը: Նրա խոսքերով, մրցույթի արդյունքները մասնակիցներին հայտնի կդառնան միայն օգոստոսի սկզբին: ComNews-ը նաեւ պնդում է, որ “ԱրմենՏել”-ի 90% բաժնետոմսերի վաճառքն անուղղակի կերպով հրահրեց ռուսական Altimo-ն, որը կառավարում է “Ալֆա-գրուպի” հեռահաղորդակցային ակտիվները եւ հանդիսանում է “Բիլայն” բջջային օպերատորի խոշոր բաժնետերը: Պարբերականի տվյալների համաձայն, դեռեւս 2005 թվականի սեպտեմբերին Altimo-ն հունական OTE-ին “ԱրմենՏել”-ի 90% բաժնետոմսերի համար առաջարկեց $360 մլն, սակայն հույները, “Altimo-ից ստանալով այդ առաջարկը, այն ընդունեցին զուտ որպես նախնական գին” Tweet Դիտում՝ 8744