Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախստանի Կենտրոնական բանկերը քննարկում են ազգային վճարային համակարգերի ինտեգրման, ինչպես նաեւ դրանց հիմքի վրա SWIFT վճարային համակարգի համարժեքի ստեղծման հնարավորությունը: Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, այդ մասին հայտարարել է Բելառուսի Ազգային բանկի վարչության փոխնախագահ Սերգեյ Դուբկովը: Միաժամանակ, նա ընդգծել է, որ ազգային վճարային համակարգերի ինտեգրումը չի նշանակում միայն բանկային վճարային քարտերի համակարգերի միավորում: «Անհրաժեշտ է կազմակերպել նաեւ միջբանկային փոխգործակցություն, այլ կերպ ասած, ստեղծել SWIFT տեղեկատվության փոխանակման եւ վճարումների իրականացման միջազգային համակարգի համարժեքը», - նշել է նա: Դուբկովի խոսքերով, Բելառուսը օգտվում է SWIFT համակարգից, ինչպես եւ Ռուսաստանն ու Ղազախստանը, «սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է ունենանք փոխգործակցության այլ ուղիներ, որոնք վերահսկվում են մեր կողմից եւ հարմարավետ են վճարային տեղեկատվության անվտանգության տեսանկյունից»: Նա հավելել է, որ ազգային վճարային համակարգերի զարգացումն ու ինտեգրումը տրամաբանական քայլ է Եվրասիական տնտեսական միության ձեւավորման շրջանակներում: Tweet Դիտում՝ 3798