Ուսանողների վարկավորման պետական ծրագրի մեկնարկից առ այսօր Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը վարկեր է տրամադրել Հայաստանի Ճարտարագիտական, Գյուղատնտեսական եւ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանների ուսանողներին:Ուսանողների վարկավորման պետական ծրագիրը ՀՀ Կառավարության կողմից ներդրվել է 2013թ. գարնանը: Առէկսիմբանկը ծրագրին միացել է 2013թ. ամռանը, իսկ արդեն սեպտեմբերին բանկը տրամադրել է առաջին վարկերը:«Այս ծրագիրը սուբսիդավորում է անգամ վարկի սահմանված տոկոսադրույքը: Օրինակ՝ եթե ուսանողը գերազանցիկ է, ապա պետության մասնաբաժինը վարկի տոկոսադրույքում աճում է մինչև 3%, մյուսների դեպքում՝ 2%»,- նշել է Առէկսիմբանկի մանրածախ վարկավորման բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Կարապետյանը:Միաժամանակ, նա կարեւորել է մեկ էական խնդիր` կապված վարկի ձեւակերպման հետ, այն է` վարկի դիմաց երաշխավորների ընտրությունը: Մասնավորապես, ուսանողական վարկի ձեւակերպման պահին երաշխավորը չպետք է ունենա սեփական խոշոր վարկեր: «Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք ստանալ ուսանողական վարկ ձեր երեխայի ուսման համար, սակայն արդեն ունեք գործող վարկ, ապա վարկի գծով վճարումները չպետք է գերազանցեն ձեր աշխատավարձի 40%-ը, եւ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում վարկը կտրամադրվի 1-2 օրում», - պարզաբանել է Էդուարդ Կարապետյանը: Ուսանողների վարկավորման պետական ծրագրի համաձայն, վարկերը տրամադրվում են 16-ից 30 տարեկան ՀՀ ուսանող քաղաքացիներին` բակալավրիատում կամ մագիստրատուրայում ուսման վճարման համար: Վարկի առավելագույն ժամկետն է 10 տարի, ընդ որում` առաջին 4 տարին ուսանողը մարում է միայն վարկի տոկոսագումարը: Ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի եւ տոկոսագումարների հավասարաչափ մարումներ: Վարկի տոկոսադրույքը կազմում է տարեկան 12%, որտեղ տոկոսները հաշվարկվում են վարկի մայր գումարի մնացորդի վրա: Վարկի առավելագույն գումարը կազմում է 1,800,000 ՀՀ դրամ, ընդ որում` յուրաքանչյուր տարվա գումարը կազմում է 450,000 ՀՀ դրամ: Ուսանողական վարկերը տրամադրվում են առնվազն 2 անձի երաշխավորությամբ, որոնք պետք է լինեն ամսական կայուն եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացի եւ/կամ իրավաբանական անձ, ընդ որում` երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա ուսանողի ծնողը, նույնիսկ եթե նա չի աշխատում (որպես երրորդ երաշխավոր` զրոյական եկամտով): Tweet Դիտում՝ 3080