Հարվարդի համալսարանի ուսանողների երկամսյա արկածները Հայաստանում

07.08.2014 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հարվարդի համալսարանի երեք ուսանողներ երկու ամիս շարունակ աշխատանքային պրակտիկա են անցել Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում` Կենտրոնական բանկի (ԿԲ) եւ Հարվարդի համալսարանի համագործակցության շրջանակում:

Հունիսին ժամանելով Հայաստան՝ նրանք հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել հայաստանյան եւ միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել են Հայաստանի տնտեսական իրավիճակին, իրականացրել են հետազոտություններ ՀՀ տնտեսությանն առնչվող մի շարք թեմաների վերաբերյալ:

Banks.am-ը պրակտիկայի ավարտին հանդիպել է ուսանողներից երկուսի՝ Հարվարդի համալսարանում բակալավրի կոչում ստացած, այժմ Յելի համալսարանում իրավաբանություն ուսումնասիրող Ջորդան Բրայանթի եւ Հարվարդի համալսարանի բակալավրի չորրորդ կուրսի ուսանող Խուան Ապարիսիոյի հետ, զրուցել է հայաստանյան տնտեսական իրավիճակի, մեր երկրից ստացած տպավորությունների եւ հետազոտությունների արդյունքում արված եզրակացությունների մասին:

-Ի՞նչը Հարվարդի համալսարանի նախկին եւ ներկա ուսանողներին բերեց Հայաստան:

Ջորդան Բրայանթ. Ամառվա ամիսների համար հետաքրքիր ծրագիր էի փնտրում, այս մեկն անմիջապես գրավեց ուշադրությունս: Հայաստանը նախկին ԽՍՀՄ պետություն է, իսկ ես որոշ ժամանակ ապրել եմ Ռուսաստանում, հետեւաբար ծրագրին մասնակցելն ինձ համար լավ հնարավորություն էր` ուսումնասիրելու Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) իրավական կողմը:

«Հարկային ներդաշնակեցման հնարավոր ազդեցությունները ԵՏՄ ֆինանսական ծառայությունների հատվածի վրա» հետազոտությունն իրականացնելիս հանգել եմ այն եզրակացության, որ ֆինանսական ծառայությունների ոլորտում մի շարք խոչընդոտներ կան:

Բայց դրանք պոտենցիալ լուծում ունեն, եթե ԵՏՄ-ն առաջ շարժվի ԵՄ-ի ֆինանսական ներդաշնակեցման գործընթացի հաջողված օրինակով ՝ միաժամանակ հաշվի առնելով ԵՏՄ-ի քաղաքական-տնտեսական իրականությունը:

Բացի այդ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Միության երկրների շրջանում Հայաստանն ամենալիբերալ ֆինանսական համակարգն ունի, այն ամենաքիչը կարիք կունենա ներդաշնակեցմանն ուղղված քայլեր ձեռնարկելու, եթե ներդաշնակեցման գործընթացն ուղեկցվի ազատականացման ցանկալի ճանապարհով:

Խուան Ապարիսիո. Ես եւս հետաքրքրված էի Եվրասիական միությամբ, իսկ այս ծրագրի լավագույն կողմերից մեկն այն էր, որ ինքներս կարող էինք ընտրել մեր հետազոտության թեման: Որոշել էի, որ գրելու եմ ԵՏՄ-ի մասին, Հայաստանն այդ ժամանակահատվածում նոր-նոր էր սկսել միությանը անդամակցելուն ուղղված քայլեր ձեռնարկել: Կարելի է ասել՝ ճիշտ պահ եմ ընտրել Հայաստանում այդ թեմայով հետազոտություն պատրաստելու առումով:


Խուան Ապարիսիոն
Լուսանկարը՝ Մեդիամաքս

Վերլուծելով եվրասիական ինտեգրացիայի նկատմամբ հայ հասարակության վերաբերմունքը՝ հանգել եմ այն եզրակացության, որ Հայաստանում աջակցում են ԵՏՄ-ին անդամակցությանը: Հարցվածների 65 %-ը կողմ էր միությանը ինտեգրվելուն, դեմ արտահայտվողներն ընդամենը 14 % էին կազմում, իսկ 20 %-ն այդ հարցի շուրջ ձեւավորված կարծիք չուներ:

Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է հրապարակվելու 2014 թ.-ի բարոմետրը, որպեսզի նոր հետազոտություն անցկացնեմ, հասկանալու, թե ինչ է կատարվել այս մեկ տարվա ընթացքում, եւ փորձեմ ամբողջական պատկեր ստանալ: Մի բան հաստատ է` թե՛ ես, թե՛ Ջորդանը այսուհետ անընդհատ հետեւելու ենք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին` հայկական անգլալեզու ԶԼՄ-ներ ընթերցելով:

- Ի՞նչ լուծումներ եք առաջարկում Հայաստանի բիզնես միջավայրը բարելավելու համար:

Ջորդան Բրայանթ. Եթե համեմատենք ԱՄՆ-ի հետ, ապա վերջինիս բիզնես միջավայրն առավել հին է եւ զարգացած: Հայաստանի շուկան շատ փոքր է, եւ խոշոր խաղացողների պակաս է նկատվում:

Ի տարբերություն Հայաստանի՝ ԱՄՆ-ում մարդկանց կեսից ավելին բաժնետեր է: Ֆինանսական գրագիտությունը եւս ավելի ցածր մակարդակի վրա է Հայաստանում: Թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում շատ մարդիկ ասում են, որ բիզնեսով զբաղվելն իրենց համար չէ:

Չկա այն գիտակցությունն ու հավատը, որ իրենք եւս այդ շուկայի մաս են: Իրազեկության բարձրացում է անհրաժեշտ: Շուկան պետք է աճի, մարդիկ պետք է իսկապես հավատան, որ ցանկության դեպքում կարող են բիզնես գործունեությամբ զբաղվել: Պետք է մոբիլիզացնել նաեւ հայկական սփյուռքը, որպեսզի դրա միջոցով էլ Հայաստանում ներդրումների ծավալը մեծանա:

Խուան Ապարիսիո. Ես փորձագետ չեմ, բայց, վերլուծելով այն, ինչ հասցրել եմ տեսնել ու լսել, ապրանքների արտահանման լուրջ խնդիր կա, ինչի պատճառը փակ սահմաններն են ու ոչ զարգացած ենթակառուցվածքները: Պետք է այնպիսի լուծում գտնել, որը արտադրանքի մեծածավալ արտահանման հնարավորություն կստեղծի: Պետք է նաեւ մտածել, թե ինչպես անել, որ Հայաստանի տնտեսությունն սկսի ավելի շատ առնչվել արտաքին շուկաների հետ:

-Հայաստանի բիզնես միջավայրին որոշ չափով ծանոթ եք արդեն. եթե գործարար լինեինք, Հայաստանում ներդրումներ կանեի՞ք:
 
Ջորդան Բրայանթ. Այո, բայց դա չէի անի միայնակ: Ինձ կօգնեին տեղացիները, ովքեր տեղյակ կլինեին այստեղ բիզնես գործունեություն ծավալելու առանձնահատկություններին:


Ջորդան Բրայանթը
Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ներդրումներ կկատարեի որոշակի ոլորտներում, օրինակ, կոնյակի: Հայաստանում դա աշխատում է:

Իրականում արտասահմանցու համար հեշտ է Հայաստանում բիզնես վարելը, քանի որ երկիրը տնտեսական աճի մեծ պոտենցիալ եւ չափազանց լիբերալ տնտեսական օրենքներ ունի: Սակայն այստեղ ինչպես մեծ շահույթ ստանալու, այնպես էլ մեծ կորուստներ ունենալու հնարավորություն կա: Այնպես որ, ես կսկսեի ներդրումներ կատարել այն ոլորտներում, որոնք արդեն իսկ զարգացած են:

Հայաստանը փոքր պետություն է, եւ բազմաթիվ ներդրողներ պատկերացում չունեն այստեղի բիզնես միջավայրի մասին, չեն հասկանում, թե ինչ շահ կարող են ակնկալել այստեղ ներդրումներ կատարելու դեպքում: Արտասահմանում Հայաստան ասելիս հիմնականում Լեռնային Ղարաբաղի հակամարտություն ու Հայոց Ցեղասպանություն են հասկանում…

Հայաստանը միջազգային բիզնես հարթակում իրեն ներկայացնելու կարիք ունի: Երբ նոր էի եկել այստեղ, չգիտեի, որ Հայաստանը նման բարենպաստ եւ ազատ տնտեսական համակարգ ունի:
 
Խուան Ապարիսիո. Վստահության գործոնը չափազանց կարեւոր է ցանկացած երկրում ներդրում կատարելու համար: Քանի դեռ երկրում չկա անվտանգ միջավայր, դժվար է ներդրողներին գրավել: Առաջին հերթին պետք է լուծել աշխարհաքաղաքական խնդիրները, հասկանալ, թե ինչ հեռանկար կարող են ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունները, կարո՞ղ է արդյոք բացվել հայ-թուրքական սահմանը, մոտ ապագայում հնարավո՞ր է արդյոք Ռուսաստանից Վրաստանով եւ Հայաստանով դեպի Իրան գնացող երկաթուղու շահագործումը եւ այլն:

Երբ այս հարցերի պատասխանները գտնվեն, կամ Հայաստանը հայտարարի, որ այս հարցերի կարգավորմանն ուղղված քայլեր է ձեռնարկում, ես, որպես ներդրող, ինձ ավելի վստահ կզգամ: Ցանկացած գործարար վստահության երաշխիքներ է փնտրում, եւ դրանք գտնելու դեպքում կարող է բիզնես միջավայրի մաս դառնալ՝ նպաստելով Հայաստանի տնտեսական աճին:

-Ի՞նչն է ձեզ ամենից շատ զարմացրել Հայաստանում:

Ջորդան Բրայանթ. Կարծում էի, որ Հայաստանում բոլորը հրաշալի խոսում են ռուսերեն, բայց դա այդպես չէ: Հիմնականում ԽՍՀՄ-ի տարիներին ապրած ավագ սերունդն է ռուսերենին տիրապետում, իսկ երիտասարդներից շատերը` ոչ: Մի քանի անգամ հայ երիտասարդների հետ փորձեցի ռուսերեն խոսել, բայց նրանք ինձ անգլերենով պատասխանեցին, ինձ համար դա անսպասելի էր:

Ի դեպ, այստեղ բացահայտեցի լահմաջոն, խորովածը. վերջինս պարզապես ուտեստ չէ` բոլորը հավաքվում են, միասին երգում, ուտում, խմում են: Ինձ շատ է դուր գալիս խորոված ուտելու այդ ամբողջ գործընթացը:

Խուան Ապարիսիո. Հայկական մշակույթը շատ կենդանի մշակույթ է: Ինձ հայկական պարերն են գրավել: Քոչարին շատ զվարճալի պար է:

Ջորդան Բրայանթ. Ի դեպ, վերջերս ներկա գտնվեցի հայկական ավանդական հարսանիքի, իսկապես շատ հետաքրքիր փորձառություն էր ինձ համար:

-Համոզված եմ, որ Հայաստանում գտնվելու այս երկու ամիսների ընթացքում բազմաթիվ հրաշալի պահեր եք ունեցել: Ո՞րն է լավագույն հիշողությունը, որ կտանեք ձեզ հետ ԱՄՆ:

Խուան Ապարիսիո. Կենտրոնական բանկի մի խումբ աշխատակիցների հետ արշավ էինք կազմակերպել դեպի Լաստիվեր, հիանալի տպավորություններ ստացա: Պետք է ասեմ, որ այս երկու ամիսների ընթացքում չափազանց հավանել եմ ԿԲ-ի համերաշխ կոլեկտիվը: Նրանք նույնիսկ հանգստյան օրերն են միասին անցկացնում՝ ուղեւորվում են արշավների, ֆուտբոլ եւ բասկետբոլ են խաղում:

Ջորդան Բրայանթ. Իսկ ինձ քաղաքն է գրավում, շատ եմ հավանում Երեւանը, հատկապես Կասկադը: Երեւանը կարծես ամառային քաղաք լինի, շատ եմ սիրում քաղաքում զբոսնել:

-Հիմնվելով ձեր հետազոտությունների արդյունքում արված եզրակացությունների վրա՝ ի՞նչ խորհուրդ կտաք հայ գործարարներին եւ երկրի բիզնես միջավայրի զարգացման պատասխանատուներին:

Ջորդան Բրայանթ. Խոսեք ու կապեր հաստատեք ոչ միայն սփյուռքահայերի, այլեւ արտասահմանցիների հետ: Շատ արտասահմանցի գործարարներ նոր շուկաներ են փնտրում, որտեղ կկարողանան ներդրումներ կատարել: Պետք է այնպես անել, որ ոչ միայն դրսում բնակվող հայերը, այլեւ այլազգիները իմանան Հայաստանի բիզնես միջավայրի մասին:

Հնարավոր է, որ ԱՄՆ վերադառնալուց հետո խոսեմ դասախոսներիցս մի քանիսի հետ եւ առաջարկեմ այցելել Հայաստան՝ դասախոսություններ կարդալու:

Խուան Ապարիսիո. Շատ եմ սիրում Երեւանը, ֆանտաստիկ քաղաք է, բայց հայ գործարարներին խորհուրդ կտամ չմոռանալ, որ Հայաստանը միայն Երեւանը չէ: Ենթակառուցվածքների զարգացման առումով մայրաքաղաքը եւ շրջանները կարծես տարբեր աշխարհներ լինեն, կարեւոր է, որ շրջանները եւս զարգանան:

Ջորդան Բրայանթի եւ Խուան Ապարիսիոյի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Դիտում՝ 6456
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW