Չինացի փորձագետը մեկնաբանել է BRICS բանկի հետ ՀՀ-ի համագործակցության հեռանկարը

31.07.2014 | 11:46 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) երկրների առաջնորդները Բրազիլիայում հուլիսի 14-16-ը կայացած գագաթնաժողովում համաձայնագիր ստորագրեցին մինչեւ $100 մլրդ կապիտալով զարգացման նոր բանկ հիմնելու վերաբերյալ: BRICS զարգացման բանկի գլխամասային գրասենյակը տեղակայվելու է Չինաստանի ֆինանսական կենտրոն Շանհայում:

Banks.am-ը նորաստեղծ բանկի հեռանկարների շուրջ զրուցել է Պեկինում գործող Միջազգային բիզնեսի եւ տնտեսագիտության համալսարանի բիզնես դպրոցի դասախոս, CCTV-ի մեկնաբան, պրոֆեսոր Բաոչենգ Լիուի հետ:

- Պ-ն Լիու, Ձեր կարծիքով, որքա՞ն ժամանակ կպահանջվի մինչեւ BRICS զարգացման բանկն իր հզորությամբ կկարողանա մրցակցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ:

- Չեմ կարծում, որ BRICS զարգացման բանկին անհրաժեշտ է մրցակցել ԱՄՀ-ի կամ ՀԲ-ի հետ` թե իր կապիտալացման, թե գործառնական մեխանիզմի առումով:

Առաջիկա տարիների ընթացքում, մասնավորապես` իր նախնական կապիտալացումից  5 տարի հետո, բանկը պետք է դիրքավորվի որպես յուրօրինակ այլընտրանքային ֆինանսական հնարավորություն` անդամ երկրների կարիքները (հատկապես` ենթակառուցվածքային զարգացման ծրագրերում) բավարարելու համար, ինչն էլ կօգնի մեղմել ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի բացը:

Սա իրատեսական է, եթե հաշվի առնենք, օրինակ` ԱՄՀ-ում BRICS-ի սահմանափակ ազդեցությունը (ընդհանուր առմամբ, ձայնի իրավունքի 11%-ը):

Եթե հայացք նետենք BRICS-ի` ֆինանսական վերջին ճգնաժամի դեմ պայքարում ոչ ճարպիկ գործողություններին, ապա բանկի ստեղծումը որոշ առումով  պայմանավորված է Բրետոն-Վուդյան (The Bretton Woods) միջազգային ֆինանսական համակարգի սահմաններում BRICS-ի սահմանափակ դերով:

- Արդյո՞ք BRICS զարգացման բանկը որոշակի ազդեցություն կունենա նաեւ նրա 5 հիմնադիր պետությունների դաշնակիցների վրա: Մասնավորապես, եթե դիտարկենք Հայաստանի օրինակը, որի համար Ռուսաստանը համարվում է գլխավոր առեւտրային գործընկեր:  Այս պարագայում ի՞նչ կարող է շահել Հայաստանը:
 
- Նախնական ֆինանսավորումը եւ ներդրումները պետք է կատարվեն հինգ անդամ երկրների կողմից:  Քանի որ նորաստեղծ բանկին ինտեգրվելու միակ կոնկրետ մեխանիզմն այսօր այն է, որ յուրաքանչյուր հիմնադիր անդամ պարտավոր է հավասարապես համագործակցել, ապա դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ կպահանջվի մինչեւ նախատեսված  $100 մլրդ կապիտալը ձեւավորվի` հաշվի առնելով այդ երկրների տնտեսությունների բեւեռացվածության աստիճանը եւ նրանց արտարժութային պահուստների բացը:

Հետեւաբար, կա հավանականություն, որ բանկի հիմնադիր անդամները ֆինանսավորում կխնդրեն նաեւ դաշնակից պետություններից: Այնուամենայնիվ, հաշվի առնելով Հայաստանում արտարժույթի դիրքը, որն անկում է ապրում, չեմ կարծում, որ այն  կարող է դիտարկվել որպես ֆինանսավորման աղբյուր, նույնիսկ $100 մլրդ ծավալով կապիտալի ձեւավորումից հետո: Բայց սա նաեւ չի նշանակում, որ Հայաստանը  BRICS զարգացման բանկի հետ որեւէ առնչություն չի կարող ունենալ:

Այն ժամանակ, երբ Հայաստանի տնտեսությունը սկսի կայուն աճ արձանագրել, իսկ ենթակառուցվածքների զարգացումը ցուցադրի իր աճող ներուժը, ՀՀ-ն կարող է դիտարկվել որպես բանկի կողմից վարկային ծրագրերի հասցեատեր: Բանկը կարող է  նաեւ  միանալ այլ ֆինանսական հաստատություններին` առաջարկելով  սինդիկացված վարկեր:

- BRICS զարգացման բանկի հիմնադիր երկրներից Ռուսաստանը նաեւ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ստեղծման գլխավոր նախաձեռնողն է: Ինչպե՞ս կարող են այս երկու նորաստեղծ կառույցները փոխշահավետ համագործակցել:

- Սա, իհարկե, ամենաիդեալական տարբերակն է, որը փնտրում էր Ռուսաստանը` փորձելով BRICS զարգացման բանկը կապել Եվրասիական տնտեսական միության հետ: Դա թույլ կտա Ռուսաստանի իշխանությունների դիրքերն ամրապնդել, ներկայանալով որպես «Մեծ եղբայր» ու անձնական օգուտներ քաղել: Այդուհանդերձ, գտնում եմ, որ ԵՏՄ-ն մեծ հեռանկար չունի: Սա պայմանավորված է ոչ միայն վերջինիս անդամ պետությունների տնտեսական նմանություններով, այլեւ, որ շատ ավելի կարեւոր է, այդ միության` բաց շուկաներում գործունեություն ծավալելու ոչ ադեկվատ փորձով:

Բաոչենգ Լիուի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Դիտում՝ 6312
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW