Անդրեյ Կոնդակով. «Հայաստանում մեզ հաջողվել է էապես գերազանցել ծրագրային ցուցանիշները»

23.06.2014 | 10:06 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Առեւտրի եւ Զարգացման Սեւծովյան Բանկի (ԱԶՍԲ) նախագահ Անդրեյ Կոնդակովի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Banks.am պորտալին

- Պրն. Կոնդակով, այս տարի ԱԶՍԲ-ն տոնում է իր 15-ամյակը: Մեդիամաքս գործակալության եւ Banks.am պորտալի անունից ընդունե´ք մեր շնորհավորանքները: Հոբելյանը լավ առիթ է արդյունքների ամփոփման եւ հետագա ծրագրերի քննարկման համար, այդ թվում նաեւ՝ կապված Հայաստանում աշխատանքի հետ: Հատկապես ի՞նչը կառանձնացնեիք:

- Շնորհակալություն շնորհավորանքների համար: Իսկապես, ԱԶՍԲ-ն արդեն 15 տարի զբաղվում է տարածաշրջանային համագործակցության առաջխաղացմամբ եւ աջակցում է իր 11 անդամ-երկրների տնտեսական զարգացմանը՝ Սեւծովյան տարածաշրջանում ներդրումների եւ առեւտրային գործառնությունների ֆինանսավորման եղանակով:

1999թ. սկսելով զրոյից՝ Բանկը մշակել եւ շուկա է հանել ֆինանսական ապրանքատեսակների եւ ծառայությունների լայն ընտրանի Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի ընկերությունների եւ ֆինանսական ինստիտուտների համար:

Զարգացման տարածաշրջանային բանկ հիմնելու գաղափարը ծնվել էր 90-ականների սկզբին՝ տարածաշրջանի երկրներում քաղաքական ուժեղ ցնցումների, համակարգային փոխակերպումների, մակրոտնտեսական լարվածության ժամանակաշրջանում: Սակայն, չնայած այդ բոլոր լուրջ անբարենպաստ հանգամանքներին, Բանկի բաժնետեր երկրները հավատարիմ մնացին եղած գաղափարին, ինչը հուսալի հիմք հանդիսացավ ԱԶՍԲ-ի ստեղծման ու զարգացման համար:   

Այսօր ԱԶՍԲ-ն ճանաչվում է որպես տարածաշրջանային հաջող ֆինանսական կազմակերպություն, որը շուկայում ամրապնդվել է որպես հուսալի գործընկեր Սեւծովյան տարածաշրջանում գործող ընկերությունների, հովանավորների ու ֆինանսական ինստիտուտների համար:  

Իր գործառնական գործունեության սկզբից եւեթ ԱԶՍԲ-ն հաստատել է շուրջ 3 մլրդ եվրո ընդհանուր ծավալի մոտ 300 ծրագիր եւ գործառնություն: Անդամ-երկրների տնտեսություններում ներդրվել է ավելի քան 2.6 մլրդ եվրո, ինչն ուղղվել է կառավարությունների տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների իրականացման աջակցությանը առանցքային ոլորտներում, որոնցով պայմանավորված է տնտեսական աճն ու զբաղվածությունը, այն է՝  վերամշակող արդյունաբերություն, էներգետիկա, տրանսպորտ, հեռահաղորդակցություն, ագրոբիզնես, արտաքին առեւտուր եւ ֆինանսական ոլորտ:  

Օժանդակությունը փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը (ՓՄՁ) կարեւոր միջոլորտային առաջնահերթություն է ԱԶՍԲ-ի համար: Տարածաշրջանի երկրներում ՓՄՁ-ին է պատկանում ՀՆԱ-ի եւ զբաղվածության մեծ մասնաբաժինը: ՓՄՁ աջակցության հատուկ ծրագրի շրջանակներում Բանկը հաստատել է ավելի քան 875 մլն եվրոյի ընդհանուր ծավալի ֆինանսավորում:  

Տարածաշրջանային ենթակառուցվածքի զարգացումն առանցքային նշանակություն ունի տարածաշրջանի երկրների համար: Բանկը հավանության է արժանացրել ավելի քան կես միլիարդ եվրո ծավալի ծրագրերի ֆինանսավորմանը՝ տրանսպորտի ու հեռահաղորդակցության ոլորտում:

ԱԶՍԲ-ն օժանդակում է էներգետիկայի զարգացմանը, ներառյալ նավթագազային ոլորտը, էլեկտրաէներգետիկան, էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման եւ էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը՝ ավելի քան 475 մլն եվրո ծավալով:   

Վերջին տարիներին Բանկը զգալիորեն ակտիվացրել է մասնակցությունը մունիցիպալ ենթակառուցվածքի ու կոմունալ տնտեսության զարգացման ծրագրերում՝  հաստատելով այդ նպատակներով ավելի քան 200 մլն եվրոյի տրամադրումը:

ԱԶՍԲ-ի առեւտրային  ֆինանսավորման հատուկ ծրագիրը, որի շրջանակներում տրամադրվել է շուրջ 600 մլն եվրո, ուղղված է երկրների արտահանման ներուժի իրացմանն ու տարածաշրջանային առեւտրի զարգացմանը:

Այսօր ԱԶՍԲ-ն ունի ամենաբարձր վարկային վարկանիշը Սեւծովյան տարածաշրջանի բոլոր ֆինանսական ինստիտուտների ու կազմակերպությունների շրջանում եւ ամենաբարձր վարկանիշերից մեկը Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի երկրներում: 2004թ. Moody’s-ի կողմից սկզբնական  ներդրումային վարկանիշ ստանալուց հետո վարկանշային գործակալությունը երեք անգամ բարձրացրել է Բանկի վարկանիշը, որն այս տարի հասել է А2 մակարդակին: ԱԶՍԲ-ն ունի նաեւ А- երկարաժամկետ վարկանիշ Standard and Poor’s-ից: Այդ վարկանիշերը վկայում են Բանկի լավ ֆինանսական ցուցանիշների, նրա վարկային պորտֆելի որակի ու բաժնետեր-երկրների կողմից ուժեղ աջակցության մասին:

Հայաստանում իր գործունեության ժամանակահատվածում ԱԶՍԲ-ն ընդհանուր առմամբ հավանության է արժանացրել 132 մլն եվրո ծավալի 29 ծրագիր՝ արդյունաբերության, ագրոբիզնեսի, մանրածախ առեւտրի եւ ֆինանսական ոլորտում: Ներկայումս շարունակվում է 62.5 մլն եվրո ընդհանուր ծավալի 17 ստորագրված վարկային համաձայնագրերի իրականացումը: Դրանցից շուրջ 25 մլն-ն ուղղված են փոքր ու միջին բիզնեսի օժանդակությանը՝ հայաստանյան բանկերին տրամադրվող հատուկ վարկային գծերի միջոցով:    

- Հայաստանում ԱԶՍԲ-ն դիվերսիֆիկացնում է իր աշխատանքը՝ մասնակցություն ունենալով տնտեսության իրական եւ ֆինանսական հատվածներում: Երկու դեպքում էլ՝ որո՞նք են գործընկերների ընտրության ձեր չափանիշները, առաջին հերթին, ռիսկերի կառավարման տեսանկյունից:  

- Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության ու ներքին շուկայի ծավալը՝ մասնավոր հատվածը ներկայացված է հիմնականում փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկություններով՝ պարտքային պարտավորությունների ընդունման ու սպասարկման համեմատաբար սահմանափակ հնարավորություններով: Փոքր գործարքների (3-5 մլն եվրո) կառուցվածքավորումը՝ ԱԶՍԲ-ի կողմից ներկայացված միջազգային պահանջներին համապատասխան, հաճախ հանդիսանում է բավականին ծանր ընթացակարգ ոչ մեծ ընկերությունների համար:

Օրինակ, ֆինանսավորման հայտի քննարկման համար մենք պետք է ստանանք վարկառուի ֆինանսական հաշվետվությունը՝ կազմված միջազգային չափանիշներին համապատասխան, բիզնես-պլանը եւ այլ փաստաթղթեր, որոնց ձեւակերպումը կարող է պահանջել երկար ժամանակ ու ֆինանսական ծախսեր, եթե ընկերությունն այդ չափանիշներով չի աշխատում: Միեւնույն ժամանակ, Բանկը չի կարող շեղվել միջազգային չափանիշներից եւ իր գործառնությունների տնտեսական ու ֆինանսական կայունության ապահովման պահանջներից՝ պարբերաբար անցնելով միջազգային աուդիտ եւ ստուգումներ վարկանիշային գործակալությունների կողմից:

Այդ պայմաններում ֆինանսավորման տրամադրումը տեղի ֆինանսական ինստիտուտների միջոցով, որոնք արդեն աշխատում են միջազգային չափանիշներին համապատասխան, տալիս է ավելի արդյունավետ ու արագ արդյունք: Հենց այդ պատճառով ԱԶՍԲ-ն Հայաստանում շարունակում է աշխատել առավելապես տեղի բանկերի միջոցով: Սակայն կան նաեւ հայաստանյան ընկերությունների ուղղակի ֆինանսավորման օրինակներ՝ «ՍԱՍ Գրուպ», «Նատֆուդ», «Եվրոթերմ»:     

- ԱԶՍԲ-ն նախատեսում էր մինչեւ 2014-ի տարեվերջ կրկնապատկել վարկային պորտֆելը Հայաստանում. այդ ծրագրերը հիմնականում կառուցվում էին  արդեն իսկ գործընկեր հանդիսացող ընկերությունների՞, թե՞ նոր խաղացողների ներգրավման հաշվին: Մինչ նշված ժամանակահատվածի ավարտը մնացել է մոտ կես տարի. կարո՞ղ եք արդեն այսօր ամփոփել նախնական արդյունքները:

- Հայաստանի մասով ԱԶՍԲ-ի քառամյա ռազմավարությունը (2011-2014թթ.) ենթադրում է օժանդակություն կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին, միաժամանակ, հաշվի առնելով տեղական շուկայի պահանջմունքները: Քանի որ փոքր ու միջին մասնավոր բիզնեսի զարգացումը շարունակում է մնալ ազգային տնտեսական քաղաքականության առանցքային ուղղությունը, ԱԶՍԲ-ն դրան առաջնահերթ ուշադրություն է դարձնում: Ընդլայնելով համագործակցությունը հայաստանյան բանկերի հետ, որոնք ունեն ՓՄՁ հաճախորդային լավ բազա եւ զարգացած մասնաճյուղային ցանց, ԱԶՍԲ-ն ընդլայնել է նաեւ իր ֆինանսական ապրանքատեսակների ընտրանին: Բացի ՓՄՁ ֆինանսավորման վարկային գծերից, Բանկն առաջարկում է միկրոֆինանսավորում Finca ֆինանսական ընկերության միջոցով, ինչպես նաեւ հիփոթեքային ֆինանսավորում Արդշինինվեստբանկի միջոցով:   

Ռազմավարությունը նախատեսում էր Հայաստանում քառամյա ժամանակահատվածում ԱԶՍԲ-ի պորտֆելի կրկնապատկում, ինչն ենթադրում էր Բանկի Տնօրենների խորհրդի կողմից շուրջ 51 մլն եվրո ընդհանուր ծավալի ֆինանսավորման հաստատում: Բանկի ակտիվ աշխատանքի եւ ՀՀ կառավարության ու Կենտրոնական բանկի կողմից մշտական աջակցության շնորհիվ մեզ հաջողվեց էապես գերազանցել ծրագրային ցուցանիշները: Նշված ժամանակահատվածում Բանկի կողմից հավանության է արժանացել 14 գործառնության ֆինանսավորում՝ ավելի քան 70 մլն եվրո ծավալով:     

- Բացի կորպորատիվ եւ ծրագրային ֆինանսավորումից, ԱԶՍԲ-ն մտադիր էր մուտք գործել հայաստանյան ընկերությունների կապիտալ՝ ինչպես ուղղակի, այնպես էլ ներդրումային հիմնադրամներին մասնակցության միջոցով: Ի՞նչ զարգացումներ կան այդ ուղղությամբ, եւ որքանո՞վ է այս առումով արդյունավետ Կովկասյան ներդրումային հիմնադրամի ձեւաչափը:   

- Այս տարի «Նատֆուդ» ընկերության արտադրության զարգացման նպատակով վարկեր տրամադրելուց հետո ԱԶՍԲ-ն ընդգրկվել է այդ ընկերության բաժնետերերի կազմում: «Նատֆուդ»-ն արտադրում է միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ մսամթերք՝ ամենազարգացած արտադրական սարքավորումների ու տեխնոլոգիաների կիրառմամբ: ԱԶՍԲ-ն նաեւ Կովկասյան զարգացման հիմնադրամի բաժնետերերից է, որը 2013-2014թթ. ներդրել է $3,7 մլն Հայաստանում երկու դինամիկ զարգացող մասնավոր ընկերությունների կապիտալում: Հիմնադրամը կառավարվում է արհեստավարժ մենեջերների կողմից, ովքեր ընտրում են ամենահեռանկարային ընկերությունները եւ որոշում կայացնում դրանց կապիտալացմանը Հիմնադրամի մասնակցության վերաբերյալ: Մենք գոհ ենք Կովկասյան զարգացման հիմնադրամի ընթացիկ գործունեությունից:  

- 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի համաձայն, «վարկային տոկոսադրույքների կառուցվածքի վերլուծությունը վկայում է դրանց նվազման որոշակի ներուժի առկայության մասին»: Հետաքրքիր է, արդյո՞ք այդ հեռանկարը քննարկվում է հայաստանյան գործընկեր-բանկերի հետ բանակցություններում, առավել եւս, որ ԱԶՍԲ-ի հատկացրած միջոցներն ուղղված են, առաջին հերթին, ՓՄՁ վարկավորմանը:

- ԱԶՍԲ-ն ձգտում է անդամ-երկրներում գործունեություն ծավալող իր հաճախորդներին առաջարկել ֆինանսավորման առավել մրցունակ պայմաններ: Բանկը նպաստում է անդամ-երկրներին միջնաժամկետ եւ երկարաժամկետ վարկային միջոցներով լավագույնս ապահովելուն՝ այդ երկրների կառավարությունների հետ համաձայնեցված ոլորտներում: Միաժամանակ, ԱԶՍԲ-ի՝ իր հաճախորդների ֆինանսավորման տոկոսադրույքները կախված են այն պայմաններից, որոնցով Բանկը ֆինանսական միջոցներ է ներգրավում կապիտալի միջազգային շուկայում: Բացի այդ, ԱԶՍԲ-ի կողմից կոնկրետ վարկառուին տրամադրվող վարկի տոկոսադրույքն արտացոլում է նրա ֆինանսական դրությունն ու ռիսկերը, ինչպես նաեւ ԱԶՍԲ-ի ծախսերը՝ կապված ծրագրի վերլուծության եւ նախապատրաստման հետ: Հայաստանյան բանկերը, իրենց հերթին, նույն կերպ են որոշում այն տոկոսադրույքները, որոնցով ֆինանսավորում են տրամադրում իրենց հաճախորդներին՝ օգտագործելով ԱԶՍԲ-ի միջոցները:

Երկրում տոկոսադրույքների ընդհանուր մակարդակի փոփոխությունը համալիր գործընթաց է, որը, նախ եւ առաջ, կախված է տնտեսական զարգացման կայունությունից, ֆինանսական դրությունից, տնտեսական օպերատորների ռիսկերից, մրցունակության մակարդակից եւ բազմաթիվ այլ գործոններից: Ձեր նշած զեկույցի արդյունքները խոսում են այն մասին, որ Հայաստանում ձեւավորվել է դրական միտում, եւ տնտեսական իրավիճակը զարգանում է ճիշտ ուղղությամբ, ինչը տանում է տոկոսադրույքների մակարդակի նվազեցման:

- Վերջերս ԱԶՍԲ-ն «ՍԱՍ Գրուպ»-ին տրամադրեց ավելի քան $10 մլն ծավալի կորպորատիվ վարկ: Դա «ՍԱՍ»-ի հետ համագործակցության առաջին փորձը չէ, ուստի կարելի է ենթադրել, որ Դուք բավականին լավ եք ճանաչում Հայաստանի մանրածախ առեւտրի շուկան: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող է փոխվել «ուժերի դասավորվածությունը» շուկայում՝ կապված մեր շուկա Carrefour ցանցի սպասվող մուտքի հետ:    

- Կարծում եմ, միջազգային խոշոր դերակատարի մուտքը հայաստանյան շուկա կհանգեցնի մրցակցության ավելացման, հետեւաբար, կնպաստի մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը՝ ի շահ երկրի բնակչության: Միաժամանակ, Հայաստանում համեմատաբար ոչ մեծ խանութները, ինչպիսին է ՍԱՍ-ը, կարող են հաջող զարգանալ մեգացանցերի կողքին՝ իրենց տեղը զբաղեցնելով շուկայում, ինչպես դա այսօր տեղի է ունենում Ռուսաստանում եւ այլ երկրներում: Որպես կանոն, դրանք տեղակայված են լինում քաղաքների կենտրոնական մասում՝ շենքերի «սերտ հարեւանությամբ»՝ առաջարկելով ապրանքների այլ տեսականի, հաճախ ավելի բարձր որակի: Վստահ կարող եմ ասել, որ ինքնին այն փաստը, որ Հայաստանի շուկան ներգրավել է ոլորտի այդպիսի հսկայի, միանշանակ, խոսում է երկրի տնտեսության եւ բնակչության բարեկեցության աճի երկարաժամկետ լավ հեռանկարների մասին

Անդրեյ Կոնդակովի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 9306
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW