Իրինա Կամխաձե. «Մենք գոհ ենք Հայաստանում Visa-ի զարգացման տեմպից»
30.04.2014 | 09:42
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հարցազրույցներ /

Լուսանկարը՝ Անձնական արխիվից

Կովկասյան երկրներում Visa ընկերության տարածաշրջանային մենեջեր Իրինա Կամխաձեի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Banks.am պորտալին
- Ինչպե՞ս եք գնահատում Visa-ի ներկայության մակարդակը հայաստանյան շուկայում:
- Մենք գոհ ենք Հայաստանում Visa-ի բիզնեսի զարգացման տեմպից, եւ ես ուրախ եմ նշել, որ դրա համար մենք ունենք լուրջ հիմքեր: Հայաստանյան 14 բանկեր հանդիսանում են մեր գործընկերները, եւ մենք հաջող կերպով զարգացնում ենք անկանխիկ վճարումներն արդեն 10 տարի: Քարտերի ու քարտերով շրջանառության քանակը վերջին 2 տարիների ընթացքում (2013թ. 3-րդ եռամսյակը` 2011թ. 3-րդ եռամսյակի համեմատ) գրեթե կրկնապատկվել է: Եվ դա այն արդյունքն է, որով կարող են հպարտանալ ինչպես Visa-ն, այնպես էլ մեր հայաստանյան գործընկեր բանկերը:
Կարեւոր է նշել, որ մի քանի տարվա ընթացքում Հայաստանը կայունություն է ցուցաբերում մեզ համար այնպիսի կարեւոր ցուցանիշում, ինչպիսին է PV/TV-ն (առեւտրի եւ սպասարկման ձեռնարկություններում Visa քարտերով շրջանառության հարաբերակցությունը Visa քարտերով ընդհանուր շրջանառությանը): Հայաստանում այդ ցուցանիշը, քարտերի քանակի աճի պայմաններում, գրեթե 2 տարի կազմում է շուրջ 10%: Անկասկած, կայունությունը շատ լավ բան է, սակայն այդ ցուցանիշի շարունակական աճը հանդիսանում է ռազմավարական խնդիրներից մեկը, եւ PV/TV-ի գործակիցը 10%-ի մակարդակում բավարար տարածք է թողնում զարգացման համար:
Visa-ի եւ բանկերի բազմաթիվ մարկետինգային նախաձեռնություններ ուղղված են հենց Visa քարտերի մասսայականացմանը եւ առեւտրային ցանցում դրանց շրջանառության ավելացմանը: Մենք ֆինանսական տարին մեկնարկել ենք Visa քարտերի օգտագործման ակտիվացմանն ուղղված «Օլիմպիական արշավ Սոչի 2014» ծրագրով` ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցությամբ, շարունակել ենք Կոնվերս Բանկի հետ համատեղ արշավով, մարտին Visa-ի եւ FIFA-ի համագործակցության շրջանակներում Ամերիաբանկը մեկնարկել է պրոմո-արշավ իր քարտապանների համար: Ամռանը պատրաստվում ենք գործարկել եւս մեկ արշավ գործընկեր-բանկերից մեկի հետ` ուղղված առեւտրային ցանցում վճարումների խթանմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
- Ինչպե՞ս է ընթանում Visa-ի փոխգործակցությունը հայաստանյան բանկերի հետ:
- Արգասաբեր համագործակցությունն անհնարին է պատկերացնել առանց հաճախորդ բանկերի հետ սերտ եւ փոխշահավետ հարաբերությունների: Կարծում եմ, հայաստանյան բանկերի հետ մեր կայուն գործընկերային հարաբերությունների գրավական են հանդիսանում մի շարք գործոններ: Լինելով միջազգային ընկերություն` մենք փորձում ենք հնարավորինս ուշադիր լինել մեր հաճախորդ բանկերի պահանջմունքներին տեղական շուկաներում եւ սերտորեն աշխատել նրանց հետ անկանխիկ վճարումների զարգացման ռազմավարական խնդիրների լուծման ուղղությամբ` յուրաքանչյուր առանձին երկրում վերցրած: Միաժամանակ, մենք հիմնվում ենք միջազգային փորձի վրա, որը Visa-ն կուտակել է ավելի քան 200 երկրներում 50-ից ավել տարիների աշխատանքի արդյունքում, որպեսզի բանկերին աջակցենք քարտային բիզնեսի զարգացման գործում եւ համատեղ մշակենք նրանց հաճախորդներին անհրաժեշտ քարտային ապրանքատեսակներ ու ծառայություններ:
2013թ. հուլիսին, գիտակցելով Անդրկովկասյան տարածաշրջանի երկրների զարգացման հեռանկարն ու ներուժը, ինչպես նաեւ հաշվի առնելով մեր գործընկեր բանկերի ակտիվությունն ու անկանխիկ վճարումները զարգացնելու նրանց ձգտումը, Visa-ն որոշում էր կայացրել տարածաշրջանում լոկալ ներկայության մասին: Այսօր Visa-ի փորձագետները հնարավորություն ունեն ավելի սերտ շփվել բանկերի հետ ոչ միայն հեռակա, այլեւ անձնապես` մեկնելով տվյալ երկիր, պարբերաբար հանդիպելով բանկերի հետ եւ ընդլայնելով համագործակցության ձեւաչափը մինչեւ անհատական եւ ընդհանուր աշխատանքային սեմինարների`ոլորտի բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հատկապես կցանկանայի ընդգծել ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցության կարեւորությունը, որի հետ Visa-ն գտնվում է կառուցողական երկխոսության մեջ` ուղղված երկրում անկանխիկ վճարումների զարգացմանը:
- Մոտ երկու տարի առաջ Հայաստանում ներդրվեց ինտերնետ-էքվայրինգի ծառայությունը: Ինչպե՞ս եք գնահատում էլեկտրոնային առեւտրի զարգացումը:
- Գլոբալ առումով էլեկտրոնային առեւտուրը բիզնեսի ոլորտ է, որը ներկայումս գտնվում է ակտիվ զարգացման փուլում: Հայաստանում մենք դեռեւս գտնվում ենք այդ ճանապարհի սկզբում, սակայն առաջին հաջողություններն արդեն արձանագրված են: Ներկայումս 4 բանկեր ստացել են Visa քարտերով ինտերնետ-էքվայրինգ իրականացնելու Visa-ի արտոնագիր: Մենք Visa քարտերով շրջանառության շարունակական աճ ենք արձանագրում նաեւ համացանցում:
Եթե խոսենք հայաստանյան քարտապանների շրջանում օնլայն գնումների ոլորտների մասին, անհրաժեշտ է նշել հագուստի գնումը, ավիատոմսերի դիմաց վճարումները, հյուրանոցների ամրագրումը եւ ֆինանսական այլ գործառնություններ:
- Visa-ն ինչպիսի՞ նոր ապրանքատեսակներ է նախատեսում գործարկել Հայաստանում:
- Visa-ի բիզնեսի հաջող զարգացումը երկրում վերջին տարիների ընթացքում նշանավորվում է մի շարք մեկնարկներով, երբ հայաստանյան բանկերի հետ համագործակցությամբ մենք կարող ենք հպարտորեն ասել. «Առաջին անգամ Հայաստանում...»:
Մենք առաջին անգամ գործարկեցինք ինտերնետ-էքվայրինգը Առէկսիմբանկի հետ 2012թ., նույն տարի առաջին անգամ ներկայացրինք Visa-ի «Barerar» բարեգործական քարտը «Հայաստան» Համահայկական հիմնադրամի եւ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի հետ փոխգործակցությամբ: Այս տարվա փետրվարին երկրում տեղի ունեցավ եւս մեկ նշանակալի իրադարձություն անկանխիկ վճարումների ոլորտում. Առէկսիմբանկը հայտարարեց երկրում անկանխիկ վճարումների առաջին Visa payWave նախագծի մեկնարկի մասին:
Visa payWave քարտով առաջին ոչ կոնտակտային վճարումն իրականացվեց փետրվարի 27-ին Երեւանի «Մոսկվիչկա» սուպերմարկետում: Ոմանց կարող է թվալ, թե դա ընդամենը մեկ նախագիծ է, մեկ գործառնություն, սակայն դա քայլ է դեպի ապագա, որը նոր էջ է բացում երկրում անկանխիկ վճարումերի ենթակառուցվածքի զարգացման ասպարեզում: Եվ պատահական չէր, որ մենք սկսեցինք հենց ենթակառուցվածքի զարգացումից: Նշեմ, որ ժամանակին այդ ճանապարհով է գնացել Ուկրաինան: Բայց մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ Հայաստանում շուտով ի հայտ կգան նոր էքվայեր բանկեր եւ, ինչը պակաս կարեւոր չէ, հայաստանյան բանկերի կողմից թողարկված Visa payWave քարտեր:
Չեմ կարող չնշել նաեւ այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են կանանց համար նախատեսված Visa «VTB Cosmopolitan» վճարային քարտի եւ Visa Alliance կոբրենդինգային քարտի գործարկումը, որի գործընկերն էր Beeline-ը:
- Ինչպե՞ս եք գնահատում Visa Gold, Visa Platinum եւ Visa Infinite պրեմիում դասի քարտերի զարգացումը:
- Հայաստանում առկա է պրեմիում քարտերի ամբողջ տեսականին, եւ մենք արձանագրում ենք կայուն աճ ինչպես Visa պրեմիում քարտերի քանակի, այնպես էլ շրջանառության աճ: Visa Gold, Visa Platinum եւ Visa Infinite քարտերը ֆունկցիոնալ հագեցած ապրանքատեսակներ են այնպիսի հատուկ առաջարկների հասանելիության տեսանկյունից, ինչպիսիք են գնումների ապահովագրությունը, երկարաձգված երաշխիքը, կոնսերժ ծառայությունները եւ այլն: Բացի դրանից, բազմաթիվ երկրներում գործում է Visa-ի հատուկ առաջարկների ծրագիրը, որի առավելություններից Visa-ի պրեմիում դասի քարտապանները կարող են օգտվել ճանապարհորդությունների ժամանակ: Վիճակագրությունը՝ նախ եւ առաջ, Visa պրեմիում քարտերով վճարումների ծավալները, վկայում են այն մասին, որ հայաստանյան բանկերի քարտապաններն իրենց քարտերն առավել ակտիվ օգտագործում են գնումների համար, պրեմիում քարտերով PV/TV-ի գործակիցը կազմում է շուրջ 28%:
- 2012թ. Դուք նշում էիք, որ խարդախությունների մակարդակը`կապված քարտերով չարտոնված գործառնությունների հետ, գտնվում է իր պատմական նվազագույն մակարդակում: Այսօր այդ միտումը պահպանվու՞մ է:
- Իսկապես, VisaNet-ում մշակված Visa քարտերով չարտոնված գործառնությունների կորուստը կազմում է 6 ցենտից պակաս յուրաքանչյուր 100 դոլարի համար: Կցանկանայի նշել, որ տարածաշրջանի երկրների համար ընդհանուր առմամբ եւս բնորոշ է քարտերով չարտոնված գործառնությունների ցածր մակարդակը:
Visa քարտերով վճարումների անվտանգության չափանիշների ապահովման հարցում մեր առաջնահերթությունն է հանդիսանում անցումը չիպային տեխնոլոգիաներին: Չիպային քարտերի մասնաբաժինը հայաստանյան բանկերում դեռեւս 2 տարի առաջ կազմում էր 4%, իսկ այսօր արդեն` 12%, այսինքն, բանկերն աստիճանաբար անցում են կատարում չիպային ստանդարտին, որն ավելի անվտանգ է եւ հնարավորություն է տալիս թողարկել ընդլայնված գործառույթներով քարտեր: Եվ այստեղ կարեւոր է նշել, որ Visa payWave ոչ կոնտակտային քարտերի առաջիկա թողարկումը, որոնց հիմքում ընկած է հենց չիպային տեխնոլոգիան, թույլ կտա ավելացնել չիպային քարտերի մասնաբաժինը, հետեւաբար, նպաստել անկանխիկ հաշվարկների անվտանգությանը:
Խոսելով էլեկտրոնային առեւտրի եւ ինտերնետային միջավայրում վճարումների անվտանգության ապահովման մասին` չի կարելի չհիշատակել Verified by Visa (VbV) տեխնոլոգիան: Այսօրվա դրությամբ Հայաստանում Visa քարտերի բոլոր էքվայեր բանկերը հավաստագրված են ընդունել վճարումներ VbV տեխնոլոգիայի կիրառմամբ: Հայաստանում մենք փորձում ենք թողարկման մասը եւս տանել դեպի VbV ստանդարտները:Միանալով այդ ծառայությանը` Visa քարտապանը ստանում է ինտերնետային միջավայրում գործառնությունների պաշտպանության առավելագույն մակարդակ, քանի որ յուրաքանչյուր գործարք կարող է նույնականացվել մեկանգամյա եզակի գաղտնաբառով, որը Visa քարտապանը կարող է ստանալ օնլայն գործառնության կատարման պահին:
Visa քարտերով գործառնությունների անվտանգությունը մեր աշխատանքի կարեւորագույն առաջնահերթություններից է բոլոր երկրներում, դա, նախ եւ առաջ, սպառողների վստահության խնդիրն է առհասարակ էլեկտրոնային վճարումների նկատմամբ եւ վճարումների ընդհանուր ծավալում դրանց մասնաբաժնի հետագա ավելացման գրավականը:
Իրինա Կամխաձեի հետ զրուցել է Արամ Արարատյանը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: