10 հարց փողի մասին Լեւոն Ալթունյանին
04.04.2014 | 10:48
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հարցազրույցներ /

Լուսանկարը՝ ԻՆԳՈ Արմենիա

Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը: Յուրաքանչյուր շաբաթ որեւէ հայտնի մարդու ուղղում ենք 10 հարց` փողի հետ նրա հարաբերությունները պարզելու նպատակով:
Խորագրի այսօրվա հյուրը «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանն է:
- Ո՞րն է եղել Ձեր ամենաթանկարժեք գնումը:
- Ամենագլխավոր ձեռքբերումն իմ ընտանիքն ու ընկերներն են, իսկ գնումը, այնուամենայնիվ, բնակարանն է, որում ապրում եմ: Ես այն գնել եմ 2003 թվականին: Այդ ժամանակ վաճառեցի մեր «Էֆես» ընկերության բաժնետոմսերի 75%-ը եւ ստացված գումարով, որպեսզի ամբողջը չբաժանեմ պարտքերի վրա, ձեռք բերեցի բնակարան (ժպտում է):
- Նախընտրո՞ւմ եք կանխիկ գումար, թե՞ բանկային քարտեր:
- Քանի որ երբեւէ չեմ կարողացել «շփվել» փողերի հետ` խնամքով պահել դրանք, դասավորել ըստ թղթադրամների, արժեքի, գրպաններում, դրամապանակում եւ այլն, նախընտրում եմ բանկային քարտերը:
- Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր Ձեր ընտանիքին` մեկ ամիս անհոգ ապրելու համար:
- Կախված է ապահովվածության մակարդակից, պահանջմունքներից, նյութական արժեքներից: Պատշաճ ապրելու համար, ինձ թվում է, 3-4 հոգանոց ընտանիքին հարկավոր է շուրջ 1 մլն դրամ:
- Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:
- Ֆինանսական դժվարություններ առաջ են գալիս այն ժամանակ, երբ մարդը տեղում չի կանգնում, այլ զարգանում է, եւ նրա պահանջմունքներն աճում են ֆինանսական հնարավորություններից ավելի արագ: Այդ դրույթից ելնելով` իմ պահանջմունքները միշտ գերազանցել են ֆինանսական հնարավորություններս:
Իհարկե, հիմնական ֆինանսական դժվարություններն եղել են ուսանողական տարիներին, չնայած առաջին կուրսերում նույնիսկ կրթաթոշակ էի ստանում գերազանց առաջադիմության համար: Նաեւ աշխատում էի «Շտապ օգնությունում» որպես բուժակ եւ ստանում շուրջ 200-250 խորհրդային ռուբլի. այն ժամանակ այդ գումարը հավասար էր առաջատար ինժեների աշխատավարձին: Բայց ամսվա կեսին փողերը վերջանում էին, եւ սկսվում էին ֆինանսական դժվարությունները:
- Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:
- Սնունդի, բնակարանի, հագուստի առումով` այո, համարում եմ: Բիզնես հավակնությունների, բիզնես ծրագրերի ու նախագծերի դեպքում գումարը, իհարկե, ամեն ինչին չի հերիքում:
- Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:
- Այո: Վերջերս վարկով վերցված գումարը կուղղվի «Վարդանանց» բժշկական կենտրոնի համալրմանը, որտեղ ես համահիմնադիր եմ հանդիսանում:
- Դուք շռայ՞լ մարդ եք, թե՞ տնտեսող:
- Եվ մեկը, եւ մյուսը. դա եւ լավ է, եւ վատ: Ամեն դեպքում, իմ շռայլությունը, եթե դա առկա է, ինձ ու ընտանիքիս նյութական անախորժություններ չի պատճառում: Միաժամանակ, տնտեսման այն մասնաբաժինը, որին ես, միգուցե, դիմում եմ գումարների դեպքում, թույլ չի տալիս իմ մասին մտածել որպես ժլատի:
- Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք այն:
- Կա մի հին հայկական անեկդոտ. մի մարդու հարցնում են` նա ի՞նչ կանի, եթե մեկ միլիոն ժառանգություն ստանա: Նա պատասխանում է` պարտքերս կվերադարձնեմ: Հարցնում են` իսկ մնացա՞ծը: Ասում է` մնացածը թող սպասեն»: Եթե միլիոն լինի, լավ սարքավորումներ կգնեմ մեր բժշկական կենտրոնի համար:
- Պարտքով գումար տալի՞ս կամ վերցնու՞մ եք:
- Ինչպես ասվում է հին հայտնի ասացվածքում, «վերցնում ես ուրիշինը եւ որոշ ժամանակով, բայց տալիս ես քոնը եւ ընդմիշտ»: Այդ պատճառով աշխատում եմ պարտքով գումար չվերցնել, բացի այն դեպքերից, երբ դա անհրաժեշտ է բիզնեսի համար: Եվ իհարկե, պարտքով գումար տալիս եմ ողջամիտ սահմաններում: Երբ գումար եմ տալիս, մտածում եմ, որ բաժանվում եմ դրանից ընդմիշտ, իսկ երբ վերադարձնում են, դա միշտ հաճելի անակնկալ է:
- Ձեր գումարը վստահու՞մ եք բանկերին:
- Պահում եմ բացառապես բանկերում: Թեեւ ոչ թե մեկ բանկում, այլ` 3-4: Ամեն դեպքում, դա ավելի հուսալի է, քան իմ գրպանները, բնակարանը, կամ այգում թաղված կճուճը:
Լեւոն Ալթունյանի հետ զրուցել է Էլեոնորա Արարատյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: