10 հարց փողի մասին Յուրի Գուսեւին. «Ես իդեալական բանկային հաճախորդ եմ»

14.03.2014 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը: Յուրաքանչյուր շաբաթ որեւէ հայտնի մարդու ուղղում ենք 10 հարց` փողի հետ նրա հարաբերությունները պարզելու նպատակով:

Խորագրի այսօրվա հյուրը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւն է:  

- Ո՞րն է եղել Ձեր ամենաթանկարժեք գնումը:

- Հավանաբար, հիփոթեքով գնված բնակարանը Մոսկվայում: Դա է եղել իմ կյանքի ամենաթանկարժեք գնումը:

- Նախընտրո՞ւմ եք կանխիկ գումարը, թե՞ բանկային քարտերը:

- Նախընտրում եմ օգտվել բանկային քարտերից, քանի որ դա հարմար է, անվտանգ եւ քաղաքակիրթ: Հազվադեպ բացառություններով գրեթե երբեք ինձ հետ կանխիկ գումար չեմ վերցնում:

- Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր Ձեր ընտանիքին մեկ ամիս անհոգ ապրելու համար:

- Կախված է այն երկրից, թե որտեղ ես ապրում: Հայաստանում 2-3 հազար դոլարը բավարար է քեզ նորմալ զգալու համար:

- Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:

- Իհարկե: Ուսանողության տարիներին ես միշտ ֆինանսական անդունդը գլորվելու զգացողություն ունեի: Բոլորին պարտք էի, միշտ գումար էի խնդրում: Ցանկանում էի մեքենա գնել, ինչ-որ տեղ գնալ. աշխատավարձս չէր հերիքում: Ծնողներս չէին կարող ինձ օգնել, սովորում եւ ինքս աշխատում էի, մշտապես պարտքով գումար էի վերցնում, վերադարձնում, դժվար էր:  

- Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:

- Իմ կյանքի մակարդակը բավականին հարմարավետ է, ես գոհ եմ դրանից: Մենք միշտ երազում ենք ավելիի մասին, բայց հարկավոր է համարժեք գնահատել եւ արժեւորել այն, ինչ ունես:

- Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:

- Օգտվել եմ բոլոր վարկատեսակներից` ավտովարկերից, սպառողական վարկերից, հիփոթեքային վարկից, օվերդրաֆտից, ինչպես նաեւ արտոնյալ ժամանակահատվածով քարտերից, եւ ոչ այն պատճառով, որ դա ինձ հետաքրքիր էր: Այդ իմաստով ես իդեալական բանկային հաճախորդ եմ:

- Դուք շռա՞յլ  մարդ եք, թե՞ տնտեսող:

- Ես այնքան զբաղված եմ, որ չեմ հասցնում մտածել` շռայլ եմ, թե տնտեսող: Գնում եմ այն, ինչ ինձ անհրաժեշտ է, կենցաղում շատ հասարակ եմ եւ նախընտրում եմ պարզ իրեր, պարզ սնունդ եւ ոչ խելահեղ թանկ հանգստավայրեր: Հավանաբար, տնտեսողի եւ շռայլի մեջտեղում եմ: Այսինքն, չեմ մտնում ռեստորան եւ մտածում, որ հարկավոր է մենյուից ընտրել ամենաէժան ճաշատեսակը, բայց նաեւ առանձնակի ուրախություն չեմ ապրում չափազանց թանկարժեք ռեստորաններ այցելելուց:

- Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք գումարը:

- Կմարեմ բոլոր վարկերս (ծիծաղում է – հեղ.): Այդ թեմայով մի հիանալի անեկդոտ կա: Մարդուն հարցնում են` ի՞նչ կանեք, եթե միլիոն դոլար ստանաք, նա պատասխանում է. «Պարտքերս կտամ»: «Իսկ մնացա՞ծը»: «Իսկ մնացածը կսպասեն»: Նույնը իմ դեպքում է (ծիծաղում է – հեղ.):    

- Պարտքով գումար տալի՞ս կամ վերցնո՞ւմ եք:

- Երբեմն օգնում եմ ընկերներիս, եթե այդպիսի հնարավորություն կա: Նախկինում պարտքով գումար վերցրել եմ, եւ դա շատ բնական է: Հիմա աշխատում եմ պարտք չվերցնել, քանի որ համարում եմ, որ բանկի հետ հարաբերություններն ավելի քաղաքակիրթ են, քան փոխառնությունները հարազատներից, ընկերներից, քանի որ մեծ է թե հարազատներին, թե ընկերներին կորցնելու հավանականությունը` նույնիսկ փոքր գումարների դեպքում: Ինքս պարտքով տալիս եմ այնքան գումար, որքան պատրաստ եմ կորցնել:

- Գումարը գնաճից պաշտպանելու անձնական բաղադրատոմս ունե՞ք:

- Ինչպես ցանկացած բանկիր, ես ունեմ փողը գնաճից պաշտպանելու բազմաթիվ բաղադրատոմսեր: Ամեն ինչ կախված է ռիսկին ձեր պատրաստ լինելուց: Որքան շատ եք ուզում գումար աշխատել, այնքան մեծ ռիսկի պետք է դիմեք: Եթե դուք պատրաստ չեք ռիսկի դիմել, ապա ստանդարտ բանկային ավանդներն օգնում են ընդհանուր առմամբ պայքարել ինֆլյացիայի դեմ, հավասարակշռություն պահպանել ձեր եկամուտների եւ գնաճի միջեւ: Եթե հետաքրքրում են ավելի ռիսկային գործիքները, կարելի է ներդրումներ կատարել ներդրումային հիմնադրամներում եւ պարտատոմսերում: Եթե ես ավանդներ ունենայի, դրանք կպահեի դոլար-եվրո երկարժույթ զամբյուղում:
     
Յուրի Գուսեւի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 10231
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW