10 հարց փողի մասին Ն.Կարամանուկյանին` «կյանքիս ամենաճիշտ ներդրումը կատարել եմ»

28.02.2014 | 10:40 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը: Յուրաքանչյուր շաբաթ որեւէ հայտնի մարդու ուղղում ենք 10 հարց` փողի հետ նրա հարաբերությունները պարզելու նպատակով:

Խորագրի այսօրվա հյուրը  «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանն է:

-Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենաթանկարժեք գնումը:

-Պայմանականորեն կանվանեմ այդ ձեռքբերումն «ամենաթանկարժեքը»` իմ առաջին բնակարանի գնումն էր, որը տեղի է ունեցել 1992 թվականին: Այն իսկապես «թանկարժեք» եւ հիշարժան իրադարձություն էր մեր ընտանիքի համար:

-Նախընտրո՞ւմ եք կանխիկ գումարը, թե՞ բանկային քարտերը:

-Բնականաբար` բանկային քարտերը, սակայն բազմաթիվ դեպքերում դեռ անհրաժեշտ է գրպանում որոշակի չափով կանխիկ գումար ունենալ:

-Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր ձեր ընտանիքին` մեկ ամիս անհոգ ապրելու համար:

-Մոտ 1,5 մլն ՀՀ դրամ:

-Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:

- Շատ տարիներ առաջ, երբ ես նորավարտ մասնագետ էի, բնականաբար, եղել են պահեր, երբ ֆինանսական որոշակի դժվարությունների առջեւ եմ կանգնել:

Սակայն, փառք Աստծո, իմ մասնագիտական կենսագրության մեջ շատ արագ ունեցել եմ աշխատանքային առաջխաղացում: Արդեն 24 տարեկանում ղեկավարել եմ 7 հոգուց բաղկացած բաժին, ստանալով 80-ականների համար բավականին բարձր աշխատավարձ: Հետագայում աշխատելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել եմ շարքային խորհրդային քաղաքացու համար անհավանական բարձր աշխատավարձ եւ այդպես շարունակ հետագա բոլոր աշխատավայրերում:

-Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:

-Այո, քանի որ ունեմ բավականին բարձր վարձատրվող աշխատանք: Եվ հետո, ես կյանքիս ամենաճիշտ ներդրումը կատարել եմ` զավակներիս համար ապահովելով լավ կրթություն: Կարծում եմ, արդեն շուտով նրանք երկուսն էլ կլինեն ֆինանսապես ինքնաբավ:

-Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:

-Այո, բազմիցս, եւ ներկայումս էլ ունեմ գործող վարկ: Կցանկանամ, որ մեր քաղաքացիների մոտ զարգանա բանկային գործիքներից օգտվելու մշակույթը` վարկեր, ինկասո, բանկային երաշխավորություններ, քարտային պրոդուկտներ, ավանդներ եւ այլն:

-Դուք շռայ՞լ մարդ եք, թե տնտեսող:

-Ես ինձ համարում եմ շռայլ մարդ, երբ խոսքը վերաբերվում է ընտանիքիս համար կատարվող ծախսերին եւ տնտեսող` եթե տնօրինում եմ ինձ վստահված ուրիշի միջոցները: Վերջինի դեպքում շատ մեծ պատասխանատվության զգացում ունեմ:

-Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք այն:

- Ցանկանում եմ անկեղծ լինել, առաջին հերթին կմարեմ իմ այսօրվա գործող վարկը: Մնացած գումարը, ընտանիքիս հետ խորհրդակցելուց հետո կփորձեմ ներդնել որեւէ հետաքրքիր ծրագրում: Եվ, իհարկե, անպայման, որոշակի գումար էլ կտրամադրեմ բարեգործությանը: Չնայած, նման դեպքերում, չարժե բարձրաձայնել, բայց, քանի որ հարցը հնչել է…

-Պարտքով գումար տալիս կամ վերցնո՞ւմ եք:

-Պարտք տալիս եմ եւ ջնջում այն հիշողությունից: Եվ «պարտք» եմ վերցրել հիփոթեքային վարկի տեսքով` սեփական տուն կառուցելու համար:

Ներսես Կարամանուկյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

Դիտում՝ 3892
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai