Վերջերս հայտնի դարձավ, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորում է «Ուրբան լոջիստիք սերվիսիս» բազմաֆունկցիոնալ լոգիստիկ համալիրի շինարարությունը Երեւանում: Ըստ բանկի հաղորդագրության, համալիրը կառաջարկի մի շարք ծառայություններ` պահեստային տարածքի տրամադրում, ապրանքների փոխադրում եւ բեռնաթափում, փոխադրման եւ առաքման ռեգիստրի կառավարում, փաթեթավորում եւ մակնշում, ապրանքի առաքում հաճախորդի կողմից նշված վայր, շուկայում ապրանքի զարգացում եւ այլն:Լոգիստիկ համալիրի աշխատանքի առանձնահատկությունները պարզելու նպատակով Banks.am-ը զրուցել է «Ուրբան լոջիստիք սերվիսիս»-ի հիմնադիր ընկերության՝ «Լոգիկոն Դիվելփմենթ» ՍՊԸ տնօրեն Վահե Պետրոսյանի հետ:- Ինչո ՞վ էր պայմանավորված Հայաստանում լոգիստիկ բիզնես հիմնելու Ձեր որոշումը: Այս առումով հետաքրքիր է ծանոթանալ մարքեթինգային այն ուսումնասիրություններին, որոնք, կարելի է ենթադրել, կատարվել են Ձեր կողմից շուկա մուտք գործելուց առաջ:- Ինչպես կարելի է կռահել մեր ընկերության անվանումից, գործունեության առաջին իսկ օրերից լոգիստիկան եղել է մեր ընկերության գործունեության հիմնական թիրախներից մեկը: Սկսած 2007 թ-ից մեր ընկերությունը պահեստային լոգիստիկային վերաբերող մի շարք ծառայություններ է մատուցում: Ի դեպ, միակն ենք Հայաստանում: Բայց ծառայությունների որակը եւ ծավալները միջազգային չափանիշներից հեռու են եղել: Այս 7 տարիների փորձը ցույց տվեց, որ այսօր Հայաստանի տնտեսությունը հասել է զարգացման այն մակարդակին, երբ միջազգային ստանդարտներին համապատասխանող A դասի բարձրակարգ լոգիստիկ կենտրոն հիմնելու պահանջ կա, ինչը զարգացած երկրներում համարվում է տնտեսության զարգացման լոկոմոտիվ: Շատ տնտեսագետների գնահատմամբ, Ճապոնիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի համաշխարհային տնտեսական հեգեմոնիան պայմանավորված է այդ երկրներում լոգիստիկ ընթացակարգերի բարձր զարգացմամբ: Doing Business զեկույցի համաձայն, լոգիստիկ ընթացակարգերի զարգացվածության առումով վերջին տարիներին հենց այս երկրներն են պայքար մղում առաջատար եռյակում առաջին հորիզոնականի համար: Ապրանքանյութական պաշարների լոգիստիկան երկրի տնտեսության օրգանիզմի արյունատար անոթն է: Լոգիստիկ ծառայությունների զարգացվածությունը միջազգային մեծ կազմակերպություններին նաեւ թույլ է տալիս գրագետ եւ անվտանգ հիմքերի վրա ավելի էժան ինքնարժեք առաջարկելով մուտք գործել հայկական շուկա, իսկ տեղական արտադրողին՝ հիմնել նոր արտադրական հզորություններ: Լոգիստիկան նոր տնտեսական հարաբերությունների եւ միջոցառումների իրականացման դարպաս է: - Ըստ եղած տեղեկատվության, Դուք մտադիր եք տրամադրել լոգիստիկ ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում՝ փոխադրման եւ առաքման ռեգիստրի կառավարում, ինչպես նաեւ ապրանքի հաշվեկշռի հարցման կատարում: Մանրամասնեք, խնդրում եմ, այդ ծառայությունների էությունը: - Այո, մեր կողմից կմատուցվի նաեւ փոխադրման եւ առաքման ռեգիստրի կառավարման ծառայությունը, որը միջազգային շուկայում արդեն երկար ժամանակ իրականացնում են մասնագիտացած լոգիստիկ ընկերությունները: Սա սովորական ծառայություն է եւ ունի գրեթե նույն ինքնարժեքը, ինչ եթե տնտեսվարողն ինքն իրականացնի այդ ծառայությունը: Ուղղակի սա ավելի գրագետ, ժամանակին արվող, համարժեք փաստաթղթավորումով ծառայություն է: Ապրանքի տեղափոխումը պահեստից վերջնական սպառման կետ լոգիստիկ ընթացակարգի մի փուլ է եւ կոչվում է “տրանսպորտային լոգիստիկա”: Լոգիստիկ կենտրոնների կողմից նմանատիպ գործառույթի իրականացումը պայմանավորված է մեգապոլիսների ուրբանիզացիայով: Գերբնակեցված քաղաքների միջավայրում չափազանց մեծ պրոբլեմներ են ստեղծում տարբեր ընկերությունների առաքման փոխադրամիջոցները, որոնք իրենց ապրանքը պահեստից տեղափոխում են սպառման կետեր: Ինչպես նշեցիք, կիրականացնենք նաեւ ապրանքի հաշվեկշռի հարցման ծառայություն: Պահեստի հաճախորդները կունենան հնարավորություն իրենց համապատասխան գաղտնաբառը հավաքելով՝ մտնել կայք եւ հասկանալ, թե ապրանքների ինչ հաշվեկշիռ ունեն, ինչ շարժ է գրանցվել որոշակի ժամանակահատվածում: Պարզ ասած, օրվա եւ ժամի դրությամբ ինֆորմացիա կտրամադրենք: Սա շատ կարեւոր ծառայություն է, քանի որ հաճախ տնտեսվարողները չեն կարողանում կառավարել իրենց սեփական պահեստը, հաճախ չիմանալով նորից պատվիրում են այնպիսի ապրանք, որը պահեստում առկա է, ինչը հանգեցնում է ընկերության լիկվիդայնության անկման եւ այլ խնդիրների: Սա դասական ոչ ռացիոնալիզմի դրսեւորում է, որի վերացմանն էլ ուղղված կլինեն մեր աշխատանքները: Օգտագործում ենք համապատասխան ավտոմատացված ծրագիր, ունենք մասնագետներ ու ընթացակարգեր:- Նախատեսվո՞ւմ է մաքսային ձեւակերպումների հետ կապված ծառայությունների մատուցում: - Կան համապատասխան մաքսային բրոքերներ, ովքեր ունեն համապատասխան որակավորում: Այդ ծառայությունների տրամադրման հարցում մենք համագործակցում ենք նրանց հետ: - Արդյո՞ք ծառայությունների ամբողջական փաթեթից օգտվելու հնարավորությունը կնպաստի հաճախորդների ծախսերի նվազեցմանը:- Կան ծախսեր, որոնք հաճախորդները չեն հաշվարկում, օրինակ՝ պակասորդի գծով, պահեստում ապրանքի փչանալը, սխալ հաշվառման հետեւանքով հարկային մարմինների կողմից տուգանքները: Եթե այս ամենը եւս դիտարկվի որպես ծախս, ապա, այո, մեզ հետ աշխատելիս տնտեսվարողը կրկնակի անգամ է խնայում իր գումարը: - Ու՞մ եք տեսնում Ձեր թիրախային հաճախորդների շարքում. ծառայություններն ուղղված են լինելու առավելապես ներկրող եւ արտահանող ընկերությունների՞ն, թե՞ հաճախորդների շրջանակն ավելի լայն է լինելու: - Կարծում եմ, բոլորը: Այն ծածկում է տնտեսվարողների ամբողջ մակրոտնտեսական մակարդակը: Այսինքն, ակնկալում ենք ներմուծող ու արտահանող հաճախորդների այնպիսի տոկոս, որը համապատասխանում է շուկայում նրանց ներկայությանը: Կարծում եմ, մեր ծառայություններից շատ կօգտվեն նաեւ ՓՄՁ-ները՝ որպես տնտեսության հիմնական շարժիչ ուժ: Այս լոգիստիկ համալիրը Երեւանում կենտրոնակայան կլինի մարզերի արտադրողների համար: Տնտեսվարողը կարող է խոշոր քանակով ապրանք բերել Երեւան, իսկ մնացած բոլոր հարցերով կզբաղվենք մենք: - Համաձայն որոշ կարծիքների, Հայաստանում լոգիստիկայով զբաղվող մասնագետների մեծ պակաս կա: Ինչպե՞ս եք նախատեսում լրացնել այդ բացը:- Մեր ընկերության մասնագետները մեր կադրերն են, ովքեր 7 տարիների ընթացքում մասնագիտացել են, հղկվել: Լոգիստիկ մասնագետներ որպես այդպիսին չկան: Կան համապատասխան գրագետ հաշվետարներ, մարքեթոլոգներ, ապրանքագետներ, մենեջերներ, եւ այդ ամբողջությունն է ձեւավորում լոգիստիկ ընթացակարգը: - Ի՞նչ տեղ են զբաղեցնում Ձեր ներդրումների կառուցվածքում վարկային միջոցները: - Այս նախագիծը 50 տոկոսից ավելի ծավալով վարկավորվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից:- Ե՞րբ եք նախատեսում շահագործման հանձնել լոգիստիկ համալիրը: Որքա՞ն տարածք է զբաղեցնելու պահեստը, եւ ի՞նչ տեսակի ապրանքների պահեստավորմամբ եք զբաղվելու: - Պահեստը բացվելու է մի քանի ամսից եւ գտնվելու է Արարատյան փողոցի վրա, քանի որ այնտեղ կենտրոնացած են հիմնական մաքսային պահեստները: Համալիրն ունենալու է 60 հազար պալետատեղ հզորություն՝ դառնալով ամենամեծ ցամաքային լոգիստիկ պահեստը Անդրկովկասում:Առաջին փուլում պլանավորում ենք ընդունել առաջին անհրաժեշտության ապրանքներ: Կտեսնենք, թե որ ապրանքների պահանջարկն է ավելի մեծ ու, ըստ այդմ, հաջորդ տարի կանցնենք երկրորդ փուլին: Միջին ժամկետային ծրագրով նախատեսում ենք ներառել ապրանքների ողջ փաթեթը:Պահեստը ոչ միայն հնարավորություն է տալու Հայաստանի տնտեսությանը թեւակոխել զարգացման նոր փուլ, այլեւ լինելու է տարանցիկ՝ Իրան-Ռուսաստան, Ռուսաստան-Արաբական երկրներ եւ այլ ուղղություններով: Վահե Պետրոսյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը: Tweet Դիտում՝ 13063