Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը: Յուրաքանչյուր շաբաթ որեւէ հայտնի մարդու ուղղում ենք 10 հարց` փողի հետ նրա հարաբերությունները պարզելու նպատակով:Խորագրի այսօրվա հյուրը Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Սամվել Ճզմաչյանն է: - Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենաթանկարժեք գնումը:- Մինչ օրս ամենաթանկարժեք գնումը եղել է մեծ բնակարանը Երեւանի կենտրոնում, որը ձեռք եմ բերել 300 000 դոլարին համարժեք դրամով:- Նախընտրու՞մ եք կանխիկ գումարը, թե բանկային քարտերը:- Վերջին 10-ից ավելի տարիների ընթացքում օգտվում եմ բանկային քարտերից, սակայն դեռեւս 1989 թվականին ամերիկյան բանկերից մեկի քարտն ունեի: Այսօր օգտվում եմ հայաստանյան բազմաթիվ բանկերի քարտերից: Անկասկած, քարտերը շատ ավելի հարմարավետ են եւ այս առումով Երեւանում աշխատում եմ գնումներ կատարել այն խանութներում, որտեղ քարտերով գործարքներ են իրականացվում: Բնականաբար, արտասահման մեկնելիս դրանք եւս անփոխարինելի են: - Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր ձեր ընտանիքին` մեկ ամիս անհոգ ապրելու համար:- Եթե խոսքը գնում է զուտ ապրուստի ՝ առաջին անհրաժեշտության ամենօրյա ծախսերի մասին, ապա երեւի թե ամսական 600 000-ից մինչեւ 1 մլն դրամ: - Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:- Այո, իհարկե: Երբ նոր էի ընտանիք կազմել՝ բավականին սուղ էինք ապրում: Չնայած, շատ դժգոհելու տեղ չունեմ, հաշվի առնելով, որ ամուսնությունիցս մոտ մեկ տարի անց սկսել եմ աշխատել Վնեշտորգբանկի կառավարիչի պաշտոնում: Չեմ կարող ասել, որ հենց սկզբից շատ բարձր էի վարձատրվում, սակայն որոշ ժամանակ անց բավականին լուրջ վարձատրվող անձանց շարքում էի եւ այդ ժամանակից ի վեր ֆինանսական խնդիրներ չեմ ունեցել: - Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:- Այո: Ի դեպ, շատ հետաքրքիր է, որ ամենաքիչը 15 տարի հարցազրույցների ընթացքում, եթե ոչ բոլորը, ապա լրագրողների մեծ մասն ինձ ուղղում է այդ հարցը: Ամենայն հավանականությամբ, դրա պատասխանը մեծ նշանակություն ունի մեր երկրի կեցության համար (ծիծաղում է – հեղ.): Փորձեմ պատասխանել ոչ «տրաֆարետ» ձեւով՝ ոչ այնպես, ինչպես պատասխանել եմ նախկինում: Գտնում եմ, որ ամեն մարդ, ամեն հայ իր հողի վրա, անկասկած, զգում է իրեն ավելի ապահով: Ինչեւէ, սեփական հողը չի փախչում ոտքիդ տակից: Դրանում ես համոզվում եմ ամենուրեք, տարբեր երկրներում հայության հետ հանդիպելիս: Իսկ ինչ վերաբերվում է ֆինանսական կողմին, ապա ինչպես կարող է մարդ իրեն ապահով չզգալ, եթե մեկ շնչին ընկնող գումարից ելնելով, մի քանի անգամ ավել է վաստակում, քան միջինում երկրում է: - Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:- Ողջ գիտակցական կյանքում: Ունեցել եմ այնպիսի եկամտաբերություն՝ խոսքս հենց աշխատավարձի մասին է, որ վարկեր վերցնելիս միշտ վստահ եմ եղել ուժերիս վրա, ընդ որում` թե Անելիք Բանկում, թե մինչեւ այդ: Հաճախ օգտվել եմ հիփոթեկային վարկերից եւ շատ հանգիստ ու մեկ-մեկ էլ ժամանակից շուտ մարել դրանք: Անգամ Անելիք Բանկում, լինելով վարչության նախագահ, մինչեւ վերջին օրը ունեի մեծ վարկային գումար: - Դուք շռայ՞լ մարդ եք, թե տնտեսող:- Կարծում եմ, չափից դուրս շռայլ: Միեւնույն ժամանակ, դա վերաբերվում է բացառապես իմ կողմից վաստակած գումարներին եւ երբեւէ որեւէ առնչություն չի ունեցել այն բանկային միջոցների հետ, որոնք ինձ, որպես բանկիրի, տասնամյակների ընթացքում վստահված են եղել թե բնակչության, թե ֆինանսական այլ կառույցների կողմից: - Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք այն:- Չեմ ծախսի՝ կդնեմ բանկերում որպես ավանդ եւ շատ լավ կզգամ ինձ: Բոլորին էլ խորհուրդ եմ տալիս այդպես վարվել: - Պարտքով գումար տալիս կամ վերցնու՞մ եք:- Ինչպես նշեցի, վերցնում եմ բանկերից: Ինչ վերաբերվում է պարտքով գումար տալուն, ապա աշխատում եմ չտալ, քանի որ, որպես կանոն, այն պետք է տաս կամ հարազատներիդ, կամ ընկերներիդ: Բազմիցս եղել են դեպքեր, երբ պարտքով գումար տալու փոխարեն անհատույց տրամադրել եմ անհրաժեշտ գումարի որոշ մասը, որպեսզի հետագայում ոչ մի խնդիր չունենամ մտերիմներիս հետ: - Ունե՞ք արդյոք փողը գնաճից պաշտպանելու Ձեր բաղադրատոմսը:- Բնական է, որ այս դեպքում, որպես բանկիր, պետք է քարոզեմ բանկային գործիքները եւ նորից կհորդորեմ ավանդներ ձեւակերպել բանկերում: Ավանդային տոկոսադրույքը գերազանցում է գնաճի մակարդակը: Անգամ եթե գնաճն ավելի բարձր լինի, քան ավանդային տոկոսադրույքը, գոնե կդիմակայեք: Սամվել Ճզմաչյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը: Tweet Դիտում՝ 6091