10 հարց փողի մասին Ռալֆ Յիրիկյանին
01.02.2014 | 10:26
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հարցազրույցներ /

Լուսանկարը՝ ՎիվաՍել-ՄՏՍ

Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը: Յուրաքանչյուր շաբաթ որեւէ հայտնի մարդու ուղղում ենք 10 հարց` փողի հետ նրա հարաբերությունները պարզելու նպատակով:
Խորագրի այսօրվա հյուրը «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն է:
- Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենաթանկարժեք գնումը:
- Հարաբերական է: Շատ տպավորված էի, երբ հայրիկս ինձ համար ավտոմեքենա գնեց: 1991 թվականն էր, ես 24 տարեկան էի: Իմ առաջին ավտոմեքենան էր. մուգ մոխրագույն Ռենո 9: Այն վարեցի մոտ երեք տարի:
- Նախընտրում եք կանխիկ գումարը, թե՞ բանկային քարտերը:
- Հանգամանքներից ելնելով: Երբ արտասահմանում եմ լինում, իհարկե, ավելի հարմար է քարտերից օգտվելը: Իսկ երբ Հայաստանում եմ` նախընտրում եմ օգտվել այն խանութներից, որտեղ ընդունում են քարտեր: Ավելի շատ հակված եմ օգտվել քարտերից:
- Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր ձեր ընտանիքին` մեկ ամիս անհոգ ապրելու համար:
- Ամեն ամիս լինում են չնախատեսված ծախսեր, տարբեր հոգսեր եւ անփոփոխ ծախսեր: Օրինակ` կոմունալ վճարումներ, երեխաների հետ կապված ծախսեր եւ այլն: Հետեւաբար`դարձյալ հարաբերական է:
- Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:
- Իհարկե, ժամանակին եղել են ծանր պահեր, դժվարություններ: Կնոջս հետ նոր էի ծանոթացել, կանխավճար էի կուտակել բնակարան գնելու համար: Դա շատ կարեւոր էր ինձ համար. ձգտում էի ծնողներին ապացուցել, որ լուրջ եմ տրամադրված: Կանխավճարը վճարեցինք, բայց, ցավոք, այդ շենքն այդպես էլ չկառուցեցին, գումարը կորցրեցինք: Հետագայում իմացանք, որ պատասխանատու անձին բերման են ենթարկել: Շատ դժվար էր մեզ համար, բայց ինձ համար դա լավ դաս եղավ:
- Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:
- Փառք Աստծո` այո: Շատ կարեւոր է գիտակցել, որ երկարատեւ ու քրտնաջան աշխատանքի արդյունքում կարողանում ես հոգալ ընտանիքիդ եւ ծնողներիդ հոգսերը:
- Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:
- Մեկ անգամ` 1995 թվականին եմ օգտվել վարկից, երբ ես ու տիկինս ցանկանում էինք ավտոմեքենա գնել: Մեզ համար բավականին դժվար էր, հոգեբանորեն ճնշում էր. ամեն ամսվա ավարտին պետք է վճարեինք: Երբ արդեն հնարավորություն ունեցանք, այլեւս չսպասեցինք եւ ամբողջ գումարը միանգամից մարեցինք: Այդ դեպքից հետո ոչ մի անգամ վարկ չենք վերցրել:
- Դուք շռայլ մարդ եք, թե՞ տնտեսող:
- Ընտանիքիս առնչվող հարցերում ինձ շռայլ եմ համարվում: Դա ժառանգական է: Հաճելի է զգալ, որ կարող ես օգտակար լինել, եւ ես միշտ պատրաստ եմ նրանց կողքին լինել:
- Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք այն:
- Այսօրվա դրությամբ, եթե շահեմ, միանշանակ ամբողջ գումարը կբաշխեմ տարբեր ծրագրերի միջեւ, որոնք օգուտ կբերեն մեր ժողովրդին:
- Պարտքով գումար տալիս կամ վերցնո՞ւմ եք:
- Ինքս չեմ վերցնում, տալիս եմ միայն մեծ ընտանիքիս անդամներին: Լինում են դեպքեր, երբ այդ գումարը չեն էլ վերադարձնում:
- Ձեր գումարը վստահո՞ւմ եք բանկերին:
- Այո, կարծում եմ`սխալ է տանը գումար պահելը: Տանը պետք է լինի միայն առօրյա ծախսերի համար նախատեսված գումարը. ոչ ավելին: Կարծում եմ, ամենաճիշտ տեղը բանկն է:
Ռալֆ Յիրիկյանի հետ զրուցել է Էլեոնորա Արարատյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: